Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի բացառիկ հարցազրույցը ArmFootball.com-ին:
- Պարոն Մինասյան, ի՞նչ մարզավիճակում են գտնվում հավաքականի թեկնածուները, ովքեր հրավիրվել են առաջիկա ուսումնամարզական հավաքին:
- Ամենից առաջ ցանկանում եմ նշել, որ մենք հետևում ենք հավաքականի բոլոր թեկնածուների խաղին: Ես միշտ ասել եմ, որ մարզչի համար իդեալական իրավիճակ է, երբ ֆուտբոլիստները լավ ֆունկցիոնալ վիճակում են գտնվում և վնասվածքներ չունեն: Եթե նայենք մեր կազմին, ապա այն թեկնածուները, ում ցանկանում ենք տեսնել թիմի կազմում, գտնվում են տարբեր ֆունկցիոնալ վիճակում: Հասկանալի է, որ այս ուսումնամարզական հավաքի ժամկետը համընկել է երիտասարդական հավաքականի հանդիպումների հետ: Այնտեղ նույնպես ֆուտբոլիստներ կան, որոնց նույնպես կցանկանայի հրավիրել ազգային հավաքական, բայց այս անգամ ես նրանց հնարավորություն եմ տվել հանդես գալ երիտասարդականի կազմում: Ընդհանուր առմամբ, մենք միշտ առավելությունը տալիս ենք ազգային հավաքականին, քանի որ Բելառուսի դեմ ստուգողական խաղը աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներից առաջ վերջին մրցելույթն է:
Ինչ վերաբերվում խնդիրներին, գիտեք, տհաճ է, երբ անկանխատեսելի իրավիճակներ են ստեղծվում: Ես նախկինում նշել էի, որ իմ տրամադրության տակ չորս պաշտպաններ կան և այդ չորսից երկուսին ընտրելու հնարավորություն ունեմ: Բայց այժմ, երբ նրանցից երկուսը դուրս են մնացել, խնդիրներ են առաջանում: Այդ իսկ պատճառով հրավիրել եմ այնպիսի ֆուտբոլիստի, ով մոտ ապագայում կարող է համալրել հավաքականի անդամների ցանկը: Խոսքը Տարոն Ոսկանյանի մասին է, որը երիտասարդական հավաքականի անդամ է: Նա ազգային առաջնությունում լավ խաղ է ցուցադրում:
Մի խոսքով Բելառուսի հավաքականի դեմ խաղից առաջ իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ: Պաշտպանությունն առանց այն էլ մեր խնդրահարույց դիրքն է եղել, իսկ այժմ երկու կենտրոնական պաշտպանների բացակայության պարագայում պետք է զանազան տարբերակներ որոնել: Մարզավիճակի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Ինչպես գիտեք, Արազը նոր թիմ է տեղափոխվել, Դավիթ Մանոյանը նույնպես չի խաղում: Մանուչարյանն ու Կասպարովը վնասվածքներ ունեն, դրա համար էլ չեն հրավիրվել:
Դեռ լուծված չէ Նորայր Մամեդովի հարցը: Պատճառը ձեզ հայտնի է: Սպասում ենք այդ հարցի լուծմանը: Իմաստ չեմ գտնում, որ նա ժամանի, ներկայիս ազգանունով և հայկական անձնագիրստանա ու ինչ-որ ժամանակ հետո ստանա նորը:
Ամեն դեպքում մենք ազգային թիմի 25 թեկնածու ունենք: Եթե հիշում եք, ես նշել էի, որ այժմ թիմում մրցակցություն կա, թեկնածուներ կան: Բայց երբ այդպիսի իրավիճակներ են ստեղծվում Արզումանյանի և Արոյանի հետ…
- Իսկ ի՞նչն է նրանց բացակայության կոնկրետ պատճառը:
- Եթե ասենք վնասվածք լիներ, ապա ամեն ինչ հեշտ ու հասկանալի կլիներ: Բայց եթե ֆուտբոլիստը գտնվում է վատ մարզավիճակում, ապա դրանում նա պետք է միայն իրեն մեղադրի: Ռոբերտ Արզումանյանը արդեն երկու տարի է ինչ չի խաղում: Նա դրանում չպետք է մեղադրի մարզիչներին: Այդ առումով նրանք ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում: Գիտեք, ես որևէ ֆուտբոլիստի անհատապես երբեք չեմ քննարկել: Բայց այժմ ես պետք է անուններ տամ ու շեշտեմ, որ նրանք ոչ պրոֆեսիոնալ կերպով են մոտենում իրենց գործին: Դրանով նրան ոչ հարգալից վերաբերմունք են ցույց տալիս ոչ թե մարզիչներին, այլ առաջին հերթին ազգային հավաքականի իրենց թիմակիցների նկատմամբ, որովհետև նրանք իրենց թիմակիցներին ու երկրպագուներին դժվար իրադրության մեջ են թողնում: Եթե մենք նրանց հետ հույսեր ենք կապում, ապա Ռոբերտն ու Վարազդատը ամեն ինչ պետք է անեն, որպեսզի արդարացնեն այդ հույսերը: Դա շատ վատ երևույթ է, ամեն դեպքում, նրանք դեռ հնարավորություն ունեն վերադառնալ ազգային հավաքական: Ամեն ինչ իրենցից է կախված:
- Ես ճի՞շտ հասկացա, որ Արզումանյանին չհրավիրելը, դա կարծես յուրօրինակ պատիժ է:
- Չէի ասի, որ պատիժ է: Ես նրան երկար ժամանակ ընդառաջել եմ: Նույնիսկ, երբ նա իր ակումբի կազմում չէր խաղում, միշտ հրավիրվում էր: Ճիշտ է, երկար ժամանակ Ռոբերտը վնասվածք ուներ: Բայց դրանից հետո էլ նա խաղադաշտում չէր հայտնվում, ապաքինվելուց հետո նույնպես չէր խաղում: Ես այս հարցում չեմ ցանկանում խորանալ: Հիմա իրավիճակն այսպիսին է, նրան ասել եմ, որ ակումբ կգտնես, կհրավիրվես հավաքական՝ դու հավաքականի թեկնածու ես:
Վարազդատ Հարոյանը շատ է հետընթաց ապրել: Այդ իսկ պատճառով էլ չի հրավիրվել ազգային հավաքական: Այն ինչ, ես նրա հետ մեծ հույսեր էի կապում:
- Ռոբերտը դեռ «Կրասնոդարու՞մ» է:
- Այո, նա այդ թիմում է: Մենք նրա հետ կապի մեջ ենք: Մեր մարզիչներից մեկը իմ հանձնարարությամբ ամեն օր խոսում է նրա հետ: Թե ինչպես կդասավորվեն նրա գործերն այդ թիմում, չեմ կարող ասել: Դրա մասին խոսելը դեռ վաղ է: Ես դեռ սպասում եմ կրասնոդարյան ակումբի պաշտոնական հայտարարությանը:
- Ամեն դեպքում Ձեր ընտրության հետ կապված մի քանի հարցեր կան: Սկսենք դարպասապահներից: Ինչպես հայտնի է, Բերեզովսկին չի կարող մասնակցել Մալթայի հավաքականի դեմ հանդիպմանը: Տրամաբանական կլիներ ուսումնամարզական հավաքի հրավիրել երկու այլ դարպասապահների, որոնցից որևէ մեկը կմասնակցեր Մալթայի դեմ հանդիպմանը:
- (Ժպտում է) Ես չորս դարպասապահ կհրավիրեի: Բայց այդ թեկնածուները պետք է անհրաժեշտ մարզավիճակում լինեն: Այս պահին շատ լավ տպավորություն է թողնում Արթուր Հարությունյանը:
- Իսկ Արսեն Բեգլարյանը լավ տպավորություն չի՞ թողնում:
- Նա նույնպես շատ լավ տպավորություն է թողնում: Բայց սկզբում դեռ պետք է երիտասարդականի կազմում փորձաշրջան անցնի, հետո էլ պետք չէ մեկ խաղից ընդհանուր կարծիք կազմել: Եթե նրան համեմատենք նույն Հարությունյանի հետ, ապա վերջինս բավական երկար ժամանակ լավ խաղ է ցուցադրում: Եվրոպայի լիգայում Արթուրը լավ խաղաց: Չնայած Բեգլարյանն էլ այդ մրցաշարում հուսալի խաղով աչքի ընկավ:
Մի խոսքով, ով Մալթայի դեմ խաղից առաջ լավ մարզավիճակում լինի, նա էլ կմեկնի: Բացի այդ մենք Կասպարով ունենք, ով արդեն վնասվածքից հետո սկսել է մարզվել: Ես նրան զգուշացրել եմ, որ չշտապի ու աստիճանաբար վերականգնվի: Գևորգը անպայման կմեկնի Մալթա: Դարպասապահների խնդիրը մեզ մոտ նոր չէ: Ուրախալի է, որ ՀՖՖ-ի վերջին որոշումը կապված դարպասապահների հետ տալիս է իր արդյունքները: Մենք տեսնում ենք, որ մեր դարպասապահները ավելի են վարպետացել: Իհարկե բացթողումներ կան, բայց առանց դրա ոչինչ չի լինում:
- Իսկ ինչպե՞ս ընդունեցիք Օզբիլիզի տեղափոխությունը Կրասնոդար:
- Իդեալական է այն տարբերակը, երբ ֆուտբոլիստը գտնում է իր թիմը, իր մարզչին: Դա կախված է հենց ֆուտբոլիստի ոճից, և այն փիլիսոփայությունից, որը դավանում է մարզիչը: Հուսով եմ, որ «Կուբանը» կդառնա Արազի ակումբը: Օրինակ, ես տեսնում եմ, թե այդ թիմում ինչ դեր ունի Մարկոսը: Նա էական դեր է խաղում այդ թիմում: «Կուբանի» բոլոր գրոհները զարգանում են Մարկոսի անմիջական մասնակցությամբ: Հուսով եմ, որ Օզբիլիզը նույնպես այդ թիմում կգտնի իր տեղը, քանի որ մենք այդ թիմում արդեն երեք ֆուտբոլիստ ունենք՝ ներառյալ Դավիթ Մանոյանը: Հուսով եմ, որ օգնելով մեկ-մեկու, նրանք այդ ակումբում կգտնեն իրենց տեղը: Ինչ վերաբերում է նրա տեղափոխությանը, ապա դա տեղին էր այն առումով, որ «Այաքսի» գլխավոր մարզիչը նրա հետ ամստերդամյան ակումբում հույսեր չէր կապում: Իհարկե, «Այաքսը» բարձրակարգ ակումբ է, բայց ես կարծում եմ, որ ռուսական առաջնության մակարդակը ընդհանուր առմամբ հոլանդականից բարձր է:
- Ձեր կարծիքով այդ թիմը կարո՞ղ է նրան օգնել, որպեսզի Արազը որպես ֆուտբոլիստ առաջադիմի:
- Հուսով եմ, այո, որովհետև, թե՛ ակումբի նախագահը, թե՛ գլխավոր մարզիչը նրա հետ հույսեր են կապում: Իսկ ֆուտբոլիստի համար շատ կարևոր է, որպեսզի իրեն վստահեն: Հուսով եմ, որ Արազի համար դա մեկ քայլ առաջ կլինի, բայց նա չպետք է դրանով բավարարվի, քանի որ Արազը մեծ ներուժ ունի:
- Հոկտեմբերին մեր թիմը ընտրական փուլում «Հրազդան» մարզադաշտում հանդիպելու է Իտալիայի ազգային հավաքականին և նախատեսվում էր, որ Բելառուսի դեմ հանդիպումը կանցկացվի հենց «Հրազդանում»: Ձեզ չի անհանգստացնու՞մ այն հանգամանքը, որ բելառուսների դեմ հանդիպումն անցկացնելու ենք «Հանրապետականում»՝ այդպես էլ չփորձարկելով «Հրազդանի» նոր խոտածածկը:
- Ոչ, չի անհանգստացնում և ասեմ ինչու: «Հրազդանի» խոտածածկով զբաղվում է այն նույն ընկերությունը, որը տեղադրել է «Հանրապետական» և Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտերի խոտածածկը: Խաղադաշտի չափերը նույնպես նույնն են լինելու: Այսինքն, եթե չափերը նույնն են, խոտածածկի որակը նույնն է, ինչ «Հանրապետականում», ապա ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ բելառուսների դեմ խաղալու ենք «Հանրապետականում», ոչ թե «Հրազդանում»: Բացի այդ, Մալթայի և Բուլղարիայի ընտրանիների դեմ խաղերից առաջ մենք «Հրազդանում» 2-3 մարզում կանցկացնենք:
- Իսկ ի՞նչ կարող եք ասել ընկերական խաղում մեր մրցակցի՝ Բելառուսի հավաքականի մասին:
- Մենք դիտել ենք, թե ինչպես են բելառուսները խաղացել Մոլդովայի և Լիտվայի հավաքականների դեմ խաղերում: Փոխվել է նրանց գլխավոր մարզիչը, Կոնդրատևը գլխավորել է թե՛ երիտասարդական, թե՛ օլիմպիական հավաքականները, լավ արդյունքներ է ցույց տվել: Բելառուսի հավաքականը երիտասարդացվել է, սերնդափոխություն է տեղի ունեցել: Թիմում մեծ թվով ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստներ են խաղում, եթե չեմ սխալվում մոտ 5-6 հոգի: Դա արդեն առավելություն է: Եթե համեմատենք այն թիմի հետ, որի հետ մենք Թուրքիայում ընկերական հանդիպում անցկացրինք, ապա ներկայիս հավաքականը ավելի ագրեսիվ ու արագ ֆուտբոլ է խաղում: Առաջին տպավորությունը դա է, նշեմ, որ բելառուսների ներկայիս հավաքականի մոտիվացիայի մակարդակը ավելի բարձր է, դա բնական է, քանի որ մարզչական փոփոխություն է տեղի ունեցել:
- Ձեր կարծիքով, Բելառուսի և Բուլղարիայի հավաքականները մարտավարական առումով ինչ-որ ընդհանուր նմանություն ունե՞ն:
- Ընդհանուր բաներ կան: Առաջին հերթին, այդ երկու թիմերն իրենց կարգով հավասար են:
- Իսկ մարտավարական առումո՞վ:
- Ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա բուլղարացիները ավելի շատ հակված են գործել երկրորդ համարով: Նրանք իրենց խաղը կառուցում են հակագրոհների վրա, քանի որ եզրերում արագ ֆուտբոլիստներ ունեն: Նշեմ, որ Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստների մոտիվացիան նույնպես շատ բարձր է, քանի որ նրանք հասկանում են, որ հավաքականում լավ խաղ ցուցադրելով, կարող են ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվել:
- Օգոստոսի 15-ին Բուլղարիան ընկերական հանդիպում է անցկացնելու Կիպրոսի ընտրանու հետ: Այդ խաղին ինչ-որ մեկին գործուղելու՞ եք:
- Ոչ: Ինչպես հայտնի է, մեր ֆեդերացիան նոր համակարգչային ծրագիր է ձեռք բերել, որը վերլուծում է ֆուտբոլային հանդիպումները: Դա բազմակողմանի ծրագիր է՝ վիճակագրական տվյալներով, բազմաթիվ այլ տարրերով: Ոչ մեկին չենք գործուղի, բայց այդ ծրագրի շնորհիվ, մենք այդ խաղի մասին մեր ձեռքի տակ շատ մանրամասն տվյալներ կունենանք:
Արսեն ՍԱՐԿԻՍՅԱՆ, ArmFootball. com