Տարիներ շարունակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող հայ դիմորդների համար անվճար տեղեր է տրամադրում հայագիտական ֆակուլտետներում սովորելու համար: Սահմանված տեղերի կեսից ավելին բաժին է հասնում ջավախքահայ ուսանողներին, ովքեր բացառապես սովորում են Երևանի բուհերում: Այս տարի կրթության նախարարության որոշմամբ սփյուռքահայ ուսանողների համար նախատեսված 70 անվճար տեղերը տրամադրվելու են Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններին: Այլ կերպ ասած, անվճար սովորող ուսանողները պետք է սովորեն Գյումրիում: Անվճար տեղերը հատկացվում են մասնավորապես ջավախքցի այն ուսանողներին, ովքեր իբր ուսումն ավարտելուց հետո պետք է վերադառնան Ջավախք, դասավանդեն հայկական դպրոցներում, այսպիսով Հայաստանում ստացած գիտելիքները օգտագործեն հայ երեխաներին հայեցի կրթությամբ ապահովելու համար: Փորձը ցույց է տալիս, որ նրանց մեծ մասը հետ չի վերադառնում, գերադասելով ապրել Երևանում, որտեղ պայմաններն անհամեմատ ավելի լավ են: Կարծում եմ` վերոնշյալ նպատակով սովորողի համար էական չէ, թե Հայաստանի որ քաղաքում է կրթություն ստանալու, մանավանդ, որ Գյումրին ավելի մոտ է Ջավախքին և առավել հոգեհարազատ: Թերևս մի քանի տարի հետո մենք կունենանք վիճակագրական տեղեկություններ սույն որոշման լավ և վատ կողմերի վերաբերյալ, այնուամենայնիվ, այս նախաձեռնությունն ինձ համար ողջունելի է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/613474465417962?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել