Աշոտյանի հետ հանդիպումից հետո հաշմանդամների հարցերով զբաղվող disabilityinfo.am-ից ինձ հետ կապնվեցին, ու կարճ հարցազրույց տվեցի՝ կապված հանդիպման, իմ առաջարկների ու դիտարկումների հետ:
Այսօր կարդում եմ հոդվածը ու տեսնում եմ, որ իմ կողմից շատ հարգված Անահիտ Բախշյանն իր հերթին է բուլդոզերել ինձ, իսկ «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադևոսյանը՝ իր հերթին: Ուզում եմ մեջբերել հնչած «մեղադրանքները»:
Անահիտ Բախշյան.
«Ես զարմացած եմ, որ նա ապագա մանկավարժ-հոգեբան է: Եթե դեռ իր ատենախոսությունը չի պաշտպանել, ես խոստանում եմ լինել նրա պաշտպանությանը և լսել, թե ինչպես է պաշտպանելու: Ես մտահոգված եմ նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով: Վաղը նա պետք է դպրոց գնա ու քարոզի ոչ թե կրթություն բոլորի համար, այլ վախենում եմ ասել՝ ինչ: Մի խոսքով, Կոնստանտին ջան, դու դեռ սովորելու շատ բան ունես: Խնդրեմ՝ զգո՛ւյշ օգտագործել նախարարի բաց լինելու հանգամանքը, և մյուս անգամ, եթե ուզում ես նախարարի մոտ գնալ, ավելի ուսումնասիրած կամ քո կողմից տիրապետվող նյութերի մասին խոսիր»:
Այո՛, հարգելի տիկին Բախշյան, ես մանկավարժ-հոգեբան եմ, ունեմ բակալավրի աստիճան, բայց չեմ կարող պարծենալ կարմիր դիպլոմով: Վաղը դպրոց գնալ չեմ պլանավորում, եթե աշխատելու լինեմ իմ մասնագիտությամբ, կամ զինվորական հոգեբան կդառնամ, կամ էլ մասնավոր պրակտիկա կծավալեմ: Սովորելու բան էլ դեռ մի աշխարհ ունեմ, բայց դա ամենևին չի նշանակում, որ ես այս հարցում կոմպետենցիայից զուրկ եմ ու առավել ևս չի նշանակում, որ ես ինչ-որ հերետիկոսություններ եմ ասել, կամ որ ես մենակ եմ իմ դիրքորոշումում:
Ասեմ ավելին, կարող եմ թվել բազմաթիվ ոչ պակաս ստաժավոր ու վաստակավոր մանկավարժների ու հոգեբանների, քան Անահիտ Բախշյանն է, ովքեր ոչ միայն հիացած չեն օրենքով, այլև խիստ դեմ են արտահայտվում ներառական համակարգի առանձին կողմերին: Օրենքն էլ ընդամենը թղթի վրա գրված տեքստ է, որը դեռ պետք է հնարավոր լինի կյանքի կոչել ու վերահսկել դրա կատարումը, իսկ մենք այս հարցում կաղում ենք ու ոչ միայն ներառական կրթության համակարգում:
Սուսաննա Թադևոսյան.
«Եթե Կոնստանտինը և իր նման մանկավարժները հիմնվում են ախտորոշումների վրա, ի՞նչ պետք է անեն երեխայի հետ աշխատելիս, ինչպե՞ս պետք է նայեն երեխայի և ծնողների աչքերին»:
Հարգելի տիկին Թադևոյանի հետ արդեն մի անգամ առիիթ ունեցել եմ «կենաց-մահու» բանավեճ վարել եթերում այս նույն թեմայով ու, իմ համեստ կարծիքով, տիկին Սուսաննան էմոցիաներն ու պոլիտկոռեկտությունը խառնում է պրոֆեսինալիզմի հետ: Եթե մանկավարժն ու հոգեբանը չհիմնվի ՆԱԵՎ ախտորոշման վրա, ինչի՞ վրա պետք է հիմնվի... հայ ժողովրդական հեքիաթների՞, թե սեմինարներից հետևող ֆուրշետներին հնչող կենացատիպ պոպուլիստական ճառերի վրա: Երեխայի ծնողի ու երեխայի աչքերին էլ պետք է նայեն որպես մարդ, ով շլանգի տեղ չի դնում իրան ու, ավելորդ պոլիտկոռեկտության հետևից ընկնելով, չի ապականում իր պրոֆէթիկան:
Ու առհասարակ, մի տեսակ զավեշտալի է լսել նման քննադատություն մարդու կողմից, ով հրապարակավ հայտարարում է, որ ոչ մի տարբերություն չի տեսնում դասարանում աղմուկ հանող չարաճճի երեխաների բարձրացրած աղմուկի ու, ասենք, ծանր աուտիզմ ունեցող երեխայի՝ սկսված նոպայի ժամանակ գոռոցների ու ճիչերի մեջ, և համարում է, որ նման բաները ոչ մի կերպ չեն ազդում նույն այդ դասարանում ուսանող երեխաների հոգեկանի վրա, եթե ազդում էլ են, ապա ոչ ավել, քան վերոնշյալ չարաճճի երեխաների աղմուկը:
Կից՝ կարդացեք:



