tumen-nune1in.am-ը գրում է.

Տյումենում դաժանաբար սպանված Նունե Սարգսյանի ընտանիքը սպասողական վիճակում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Նունեի ամուսինը՝ Արամ Ապրեսյանը՝ մանրամասնելով, թե ինչ փուլում է գտնվում իր կնոջ սպանության բացահայտման գործը:

Նա տեղեկացրեց, որ գործը նախաքննության փուլում է: Ըստ նրա՝ սպասում են նշանակված բոլոր փորձաքննությունների պատասխաններին, իսկ այս փուլում փորձաքննությունները շատ են, և շատ դժվարությամբ են ստացվում պատասխանները, ուստի դժվար է հստակ որևէ բան ասել:

«Սպասում ենք փորձաքննությունների պատասխաններին: Մենք հետևում ենք նախաքննությանը, մեր փաստաբանը ամեն ինչ ստուգում է, նայում է, սպասում ենք փորձաքննությունների բոլոր պատասխաններին, որպեսզի կարծիք կազմենք, մինչ այդ ոչինչ ասել հնարավոր չէ»,- ասաց նա: Հարցին՝ իր կարծիքով, ի՞նչ պատիժ պետք է ստանա ոճրագործը, պատասխանեց. «Մենք ենթադրում ենք, Աստված՝ թելադրում, ես ոչ դատավոր եմ, ոչ Աստված եմ: Ես ոչինչ չեմ կարծում, նա կենդանի է ու իր պատիժն Աստծուց կստանա, կենդանի: Սա է իմ կարծիքը, մարդկային պատիժն իր համար այդքան էլ բարձր չի լինի, որքան այն, ինչ կստանա Աստծուց»:

Խոսելով ոճրագործության պատճառների մասին՝ Արամ Ապրեսյանն ասաց, որ իրեն շատ մանրամասներ հայտնի չեն, ինչ մեղադրյալը ցուցմունք է տվել, այն էլ հիմք են ընդունում: «Մեղադրյալն ասում էր, որ ինքը գումարի համար է դա արել: Դրանից ավելի ոչ ոք իր հետ չի խոսել, ոչ պատասխան ենք ստացել: Ինչ նա իր ցուցմունքներով ասել է՝ դրան էլ հավատում ենք, նրան գումար էր պետք և վերջ»,- ասաց Արամ Ապրեսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին իր բնակարանում սպանվել էր Նունե Սարգսյանը. նրան սկզբում թալանել էին, այնուհետև հասցրել դանակի շուրջ 40 հարված: Ըստ Նունեի հարազատների՝ նա այդ օրը պետք է նշեր իր ծննդյան տարեդարձը:

«Պիցցա Էքսպրես» ընկերությունում առաքիչ աշխատող, 22-ամյա Զախար Կովրիգինին իրավապահ մարմինները բերման էին ենթարկել հենց նույն օրը, նա տվել էր խոստովանական ցուցմունք՝ ասելով, որ այդ օրը պիցցա առաքելու ցուցում է ստացել, առաքել է պիցցան, ստացել գումարը, հեռացել, ապա մի փոքր անց կրկին վերադարձել է պատվերի գումարը վերստուգելու պատրվակով: Տանտիրուհին համաձայնել է ներս թողնել նրան: Այնուհետև Կովրիգինը դանակ է հանել և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որ աղջիկն իրեն հանձնի ձեռքի տակ եղած ողջ գումարն ու արժեքավոր իրերը: Ստանալով պահանջվածը` ոսկե մատանիներ և գումար, չարագործը, մտավախությամբ, որ տուժողը տեղի ունեցածի մասին կհայտնի իրավապահ մարմիններին, նրան դանակի առնվազն 40 հարված է հասցրել՝ երիտասարդ կնոջը հասցնելով մահվան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել