Ճիշտ է, ոչ ամբողջ ծավալով, բայց պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Ու այս պնդման վառ ապացույցն էր Արգենտինա-Նիդերլանդներ կիսաեզրափակիչ հանդիպումը:
Իհարկե, գնդակը կլոր է, սակայն այս պարագայում պատմությունը կրկնվեց մի շարք դրվագներում:
Սկսենք նրանից, որ Արգենտինայի հավաքականը Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում երբեք չէր պարտվել: Չպարտվեց նաև այս անգամ:
Երբ խաղի 96-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գաալը կատարեց իր վերջին փոփոխությունը՝ զրկելով իրեն 11-մետրանոց հարվածաշարից առաջ դարպասապահին փոխարինելու և այդպիսով Կոստա Ռիկայի հավաքականի հետ խաղում իրեն արդարացրած հնարքը կրկնելու հնարավորությունից, տողերիս հեղինակի համար պարզ դարձավ, որ եթե բանը հասնի 11-մետրանոցների հարվածաշարին, ապա Նիդերլանդների հավաքականն այնտեղ չի հաղթելու: Եվ դա ուներ մի քանի պատճառ:
Նախ՝ Նիդերլանդների հավաքականի դարպասապահ Յասպեր Սիլեսենը իր ողջ կարիերայի ընթացքում իր պաշտպանած դարպասին նշանակված 11-մետրանոց 12 հարվածներից և ոչ մեկը հետ չի մղել: Հետ չմղեց նաև այս անգամ:
Երկրորդ՝ ինչպես շատերը կհիշեն, վերջին անգամ Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակիչում (ու նաև եզրափակիչում) խաղացել է 1990թ. Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում: Ու այնտեղ ևս կիսաեզրափակչում եզրափակչի ուղեգրի հարցը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում:
Այդ անգամ ևս մրցակիցը վրիպեց երկու անգամ: Ու երկու դեպքում էլ գնդակը հետ մղեց Արգենտինայի հավաքականի դարպասապահը:
Իսկ որ ամենահետաքրքիրն է՝ երկու դեպքում էլ Արգենտինայի հավաքականի դարպասապահը կրում էր Սերխիո անունը:
Արդյունքում մենք 24 տարի անց ստացանք նույն՝ 1990թ. առաջնության եզրափակիչ հանդիպման կրկնությունը՝ Արգենտինա-Գերմանիա:
Իսկ Նիդերլանդների հավաքականը սահմանեց յուրատեսակ հակառակորդ՝ այն միակն է կիսաեզրափակչում 4 և ավելի անգամ խաղացած հավաքականներից, որ երբևէ չեմպիոն չի դարձել:
Եվ ամենակարևորը՝ 1966թ. աշխարհի առաջնությունից սկսյալ, բացառությամբ, իհարկե, այն դեպքերի, երբ չեմպիոն է դարձել հենց Գերմանիայի հավաքականը, 10 առաջնություններից 8-ում չեմպիոն է դարձել այն թիմը, որը մրցաշարում հաղթանակ է տարել Գերմանիայի հավաքականի նկատմամբ: