Իբր երեք կյանքը քիչ էր, մարդիկ հիմա էլ սկսել են չորս կյանքով ապրել՝ մտքերում, բառերում, արարքներում, մեդիայում:
Ընդ որում, էս չորսը էն աստիճան տարբեր են միմյանցից, որ թող ու փախիր: Ամբողջ զավեշտն էն է, որ մարդիկ ինչ որ ասում են էս պահին, իրենց թվում է՝ դա էդպես է, որ կա իրականում: Հա, բա ոնց, մինչդեռ…
Պուպուշ-մուպուշ մտքերը բառերի արդուզարդով փաթեթավորել-մատուցելուց առաջ գոնե մի պահ մտածո՞ւմ եք, որ կեղծիքի եք գնում՝ հերթական անգամ խաբելով ինքներդ ձեզ ու թոզ փչելով ձեր կողքինների աչքերին: Թե՞ ձեզ թվում է՝ եթե դուք մի պահ հավատացիք ձեր ասածին, ուրեմն մարդիկ էլ կհավատան:
Այ քեզ միամտություն: Չէ՞ որ եթե ոչ այսօր, ապա վաղը կամ մյուս օրը դուք անելու եք (հաստատ բան եմ ասում), անելու եք էն, ինչ դուք իրականում անում եք միշտ ու ամեն օր: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա լավամարդ երևալու այսօր, հը՞ն: Եվ ուրեմն՝ մոգական ինքնախաբեությո՞ւն:
Սիրելիներս, խնդրում եմ հաշվի առնել, որ մեր ժամանակներում դա այլևս մոդա չէ: Ու հատկապես նրանց ճաշակով չէ, ում համար բառերը, մտքերը, արարքները, առավել ևս՝ մեդիան, էական նշանակություն չունեն: Մի պարզ պատճառով՝ դրանք քողարկում են մարդու ներսն ու դուրսը:
Մի բան կա, որին անհնար է խաբելը՝ հոգին: Իսկ հոգին ներկայանում է լռությամբ ու լռության մեջ՝ առանց դույզն-ինչ ծեգծեգումների ու այլևայլությունների…