Panorama.am-ը գրում է.
Հայաստան արդեն մի քանի ամիս է՝ ձու չի ներկրվում: ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանի՝ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, վերջին անգամ ձու բերվել է այս տարվա մարտին Իրանից՝ 302 հազար 400 հատ: Իսկ մինչ այդ Հայաստան է ներմուծվել 2 միլիոն 988 հզ 800 հատ ձու Ուկրաինայից, Բելառուսից, Բուլղարիայից և Իրանից:
Համեմատության համար նշենք, որ 2013-ին Հայաստան է ներմուծվել 17 միլիոն 477 հզ հատ հավկիթ: Իսկ ավելի վաղ Panorama.am-ին ծառայությունից տեղեկացրել էին, որ 2009 և 2012 թվականներին ձու չի ներկրվել, 2010 թվականին ներկրվել է 4098420 հատ, 2011 թվականին` 30980000 հատ:
Գյուղատնտեսության անասնաբուծության ու անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը Panorama.am-ին հայտնեց, որ թռչնաբուծարանները տարեսկզբին կարողացան ապահովել օրական 1 մլն 100 հազար ձվի արտադրություն, ինչի շնորհիվ բավարարվեց ողջ պահանջարկը: Նրա վստահեցմամբ, առկա արտադրական հնարավորությունները թույլ են տալիս ձվի արտադրության ծավալներն ավելացնել 50 տոկոսով:
Սակայն ամռան ամիսները ձու արտադրողների համար բարենպաստ չեն, սպառման ծավալները կրճատվում են: Ֆերմերները, ըստ Հովհաննիսյանի, այժմ քչացրել են ածան հավերին տրվող կերը՝ այդպիսով կրճատելով ձվի արտադրության ծավալը:
«Ձվի սեզոնը սեպտեմբերից-մարտ ընկած ժամանակահատվածն է: Երբ բանջարեղենը դուրս է գալիս, ձվի պահանջարկը նվազում է: Հիմա օրական 800 հազար ձու է արտադրվում, սակայն սպառվում է 720-730 հազար ձու»,-ներկայացրեց Հովհաննիսյանը:
Իրավիճակից դժգոհ ու սրտնեղած ֆերմերները հավատացրել են, թե բացթողումային գներն էլ են իջեցրել, սակայն սպառման ծավալները չեն ավելանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



