Այո-այո, շոկի մեջ ընկնել պետք չէ, ոչ էլ հիստերիաներ ու բարոյախրատական ճառեր կարդալ: Սա ասում եմ երկա՜ր մտածելուց ու ծանրութեթև անելուց հետո, որովհետև այն, ինչ ժամանակին հանդիսանում էր բարոյականության հենասյուներից մեկը, այժմ, ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, վեր է ածվել ռուդիմենտար մի գործիքի, որը վնասից բացի, ոչ մի օգուտ չի բերում:
Ես ամենևին ազատ բարքերի ու ամենաթողության կողմնակից չեմ, սակայն ինձ դասում եմ սառնասիրտ դատողությունների ունակ մարդու, իսկ կոնկրետ այս թեմայում կարծիք հայտնելուց առաջ արել եմ իմ ուսումնասիրությունները և հետազոտությունները: Հակիրճ նկարագրեմ այն իրական ու տխուր պատկերը, որ այսօր կա ու մասամբ է միայն ծածկված տաբուների շղարշով:
Ես չգիտեմ, գուցե միջնադարյան Հայաստանում, նախահեղափոխական ու Խորհրդային Հայաստաններում սեքս իրոք չի եղել ու եղել են գրեթե բացառապես ամուսնական ֆորմատում հանդուրժվող սեռական հարաբերություններ կանանց ու տղամարդկանց մեջ, բայց արդիական Հայաստանում սեքս կա, ու այն էլ ինչքան, իսկ առկա հոգեբանական ու մենթալ մթնոլորտը՝ համեմված անդադար ու ագրեսիվ սեքսի քարոզչությամբ, բերել են նրան, որ տարածված է ոչ թե դասական սեքսը, այլ դրա… այսպես ասած՝ ոչ բնական ու հայեցի ձևերը:
Հարցրեք ցանկացած գինեկոլոգի ու սեքսապաթոլոգի, ով պրակտիկա է ծավալում հատկապես Երևանում, թե քանի՜-քանի՜ աղջիկներ են դիմում նրանց, ու ինչ, բառիս բուն և փոխաբերական իմաստով, զարհուրելի տեսարանների են ականատես լինում նրան: Իսկ փորձե՞լ եք հետաքրքրվել, թե քանի ՀԱԶԱՐ կուսության վերականգնման վիրահատություն է արվում տարվա կտրվածքով՝ մեր փոքրիկ երկրում…
Սա նրանից է, որ ունենք հետևյալ պատճառահետևանքային շղթան. կա սասանված արժեհամակարգ, կա սեքսի ագրեսիվ քարոզ՝ մի կողմից, ու այդ արժեհամակարգի որոշ օբյեկտիվ հնացում՝ մյուս կողմից, կա գնալով ավելի աճող ամուսնությունների միջին տարիքի հանգամանք ու, ի վերջո, կա կենակցվելու բնական ցանկություն՝ երկու սեռի մոտ էլ (ի վերջո, բնական բնազդը դեռ ոչ ոք չի չեղարկել):
Ինչպես նշեցի, սեքսի պահանջարկ է և դրա պահանջարկն ունեն բոլորը, բայց հայկական իրականությունում սեքսը դիվերսիֆիկացված հետևանքներ է ունենում սեռերի համար: Տղաների պարագայում լրիվ նորմալ է ընկալվում մինչամուսնական սեռական կյանք ունենալը, իսկ կլիշեներով առաջնորդվող մարդկանց համար նույն բանը արած աղջկա պարագայում արդեն նրան մեղադրում են անբարոյականության մեջ, անգամ եթե աղջիկը տրվել է սիրելով ու լուրջ նպատակներ ունեցող իր ընկերոջը, որի հետ հետագայում ինչ-ինչ պատճառներով բաժանվել են: Կուսաթաղանթի այս կուլտիվիզացիան բերում է նրան, որ մեծ տարածում են ստանում սեքսի ու սեքսը փոխարինող այն ակտերը, որոնք չեն ենթադրում կուսաթաղանթի կորուստ, ինչը, ըստ իս, շատ ավելի հեռու է բարոյականությունից ու սեքսի էսթետիկ ընկալումից, քան նորմալ սեքսը՝ սիրած մարդու հետ:
Ի՞նչ լուծում եմ ես տեսնում: Թերևս կարող է պրիմիտիվ հնչել, բայց կարծում եմ, որ մարդիկ պետք է պարզապես ավելի քիչ քիթները մտցնեն ուրիշի անկողնու մեջ: Ես չեմ համարում բարոյական, երբ աղջիկը աջ ու ձախ անկանոն սեռական կյանք է վարում ու հայտարարում, որ դա իր իրավունքն է, սակայն ես անբարոյականություն չեմ կարող համարել այն, որ աղջիկը, անկեղծ սիրելով, տրվի իր ընկերոջ/նշանածին, ու դա չպետք է նրան կշտամբելու ու վրան խարան դնելու առիթ լինի որևէ մեկի համար, այդ թվում՝ նաև այդ աղջկա կյանքում հետագայում ի հայտ եկող տղամարդու համար:
Երբ կկոտրենք այդ տաբուն ու սառը գլխով կմոտենանք այս ինտիմ հիմնախնդրին, այդժամ էլ կարելի կլինի ավելի բարոյական ու հասուն մթնոլորտ ստեղծել մեր հասարակությունում: