Տարիներ ի վեր անընդհատ տարփողվում է «Հյուսիս-հարավ» 500 կիլոմետր երկարությամբ ավտոմայրուղու շինարարության դարակազմիկ նախագիծը: Բոլոր հնարավոր և անհնարին պաշտոնյաները բազմիցս նշել են, որ դրանով մենք կլուծենք տուրիզմի խթանման հարցեր, ինչպես նաև քայլ կկատարենք Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման ուղղությամբ:
Եվ ահա, այդ ճանապարհի կառուցման նպատակով Ասիական զարգացման բանկը համար տրամադրեց 954 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ: Ինչ ասես ասվեց՝ էլ իսպանական նախագծային և շինարարական ընկերությունների ներգրավում, էլ փորձաքննություններ, էլ միջոցների օգտագործման արդյունավետության վերահսկման նպատակով հանրային հատվածի կազմակերպությունների ներգրավում, էլ ծրագրի իրականացման գրասենյակի այժմ արդեն նախկին տնօրենի պաշտոնանկություն: Սակայն սայլը տեղից շատ քիչ շարժվեց:
Ըստ Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի՝ 954 մլն դոլարը ծախսված է, իսկ աշխատանքներն այժմ դադարեցված են: Կառուցվել է նախատեսվածի ընդամենը 25-կիլոմետրանոց հատվածը։
Ըստ Ադամյանի՝ ավտոմայրուղու շինարարությունը 2009 թվականի փոխարեն մեկնարկել է 2012թ. և պետք է ավարտվեր 2016-ին, սակայն պարզվել է, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված պայմանագրի համաձայն` Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցները ծախսված են։
Հին է, որքան աշխարհը: Պատմությունը, կարելի է ասել, կրկնվում է: Քանիցս վարկային միջոցներ են մսխվել, և քանիցս մենք մնացել ենք նույն կոտրած տաշտակի առջև:
Իսկ այդ ամենի հիմնարար պատճառն անպատժելիության զգացումն է: Միջոցները վատնողները վստահ են, որ դրա համար որևէ պատիժ չեն կրի, որևէ կերպ չեն հատուցի: Իսկ եթե վստահ են, ապա բարոյական և հայրենասիրական բնույթի խոչընդոտները այլևս նահանջում են հետին պլան:
Միջոցների վատնումը պետք է համարվի ծանրագույն հանցագործություն և պատժվի խստագույնս: Այլապես, ինչպես ասում են, հաջողությունը մեր դուռը չի թակի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=326789277485987&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել