ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ. Հայ առաքելական եկեղեցու հոգևոր-բարեպաշտական արարողություն: Խաղողի օրհնության արարողությունը սերում է ժողովրդական Նավասարդյան տոնից, որը մեծ շուքով կատարել են նախաքրիստոնյա Հայաստանում` Հայոց թագավորների, ավագանու և ժողովրդի մասնակցությամբ: Երինջներ, ցուլեր, քաղցրահամ մրգեր են զոհաբերել Արամազդ, Անահիտ, Աստղիկ, Վահագն հեթանոսական աստվածներին: Գրիգոր Ա Լուսավորիչը, տեսնելով հեթանոսական այս տոնի խոր արմատները ժողովրդի մեջ, Աստվածածնի տոնին կցել է Խաղողօրհնեք տոնը. խորհրդանշական իմաստով եկեղեցի բերված խաղողի բերքի օրհնությամբ Հայ եկեղեցին օրհնում է նաև Հայոց ողջ այգեստանները:
Խաղողօրհնեքը համընկել է Սուրբ Գրքի պատվիրանին` թե առաջին բերքը պիտի ընծայվի Տաճարին` իբրև երախտագիտության արտահայտում: Անդրանիկ բերքն օրհնել է քահանան և գոհություն մատուցել Տիրոջը (Բ Օր. 26.1–11): Քրիստոսն իրեն համարել է ճշմարիտ որթատունկ, իսկ իր հետևորդներին` նրա ճյուղերը (Հովհ. 15.1–7):
Հայ եկեղեցին Խաղողօրհնեքի արարողությունը կատարում է Աստվածածնի Վերափոխման տոնին (օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը)` հանդիսավոր ս. Պատարագից հետո:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=479448735399423&set=a.109039082440392.15695.100000029034097&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել