20-րդ դարի ամենաառեղծվածային հանելուկներից մեկը կապված է «Ֆիլադելֆիա» էքսպերիմենտի հետ: Համաձայն լեգենդների ու ասեկոսեների՝ 1943 թվականին ամերիկացի զինվորականները Ֆիլադելֆիայում փորձել են ստեղծել մի նավ, որն անտեսանելի կլինի հակառակորդի ռադարների համար: Օգտագործելով Ալբերտ Էյնշտեյնի հաշվարկները՝ նրանք «Էլդրիջ» հածանավի վրա տեղադրեցին հատուկ գեներատորներ: Սակայն փորձարկումների ժամանակ տեղի ունեցավ անսպասելի մի բան. ուժգին էլեկտրամագնիսական «պղպղջակով» պարուրված նավը ոչ միայն անհայտացավ ռադարների էկրաններից, այլև անհայտացավ բառիս բուն իմաստով: Որոշ ժամանակ անց այն նորից հայտնվեց, բայց լրիվ այլ վայրում, իսկ դրա անձնակազմի բոլոր անդամները խելագարվել էին: Որքանո՞վ է այս պատմությունը հավաստի:Ֆիլադելֆիական էքսպերիմենտի մասին խոսակցությունները առաջին անգամ սկսել են տարածվել շնորհիվ աստղաֆիզիկոս Մորիս Ջեսսուպի: 1956 թվականին, ի պատասխան իր գրքերից մեկի, որտեղ նա անդրադառնում էր տարածության ու ժամանակի խնդիրներին, նա նամակ ստացավ ոմն Կ. Ալյենդեից, ով հաղորդում էր, որ զինվորականներն արդեն փաստորեն սովորել են, թե ինչպես տեղափոխել տարբեր օբյեկտներ՝ «Տարածության ու ժամանակի ստանդարտ ընկալումից» դուրս գտնվող եղանակներով: Նամակի հեղինակը հայտնում էր, որ 1943 թվականին ծառայելիս է եղել «Էնդրյու Ֆյուրեսետ» ռազմանավի վրա: Այս նավի վրայից, որը մտնում էր Ֆիլադելֆյան էքսպերիմենտը վերահսկող խմբի մեջ, ինչպես պնդում էր Ալյենդեն, նա իր աչքերով է տեսել, թե ինչպես «Էլդրիջը» անէացավ կանաչավուն փայլի մեջ և իր ականջներով է լսել այդ ուժային դաշտի գվվացող ձայնը:
Ալյենդեյի պատմության մեջ ամենահետաքրքիր պահը՝ էքսպերիմենտի հետևանքների նկարագրություններ են: «Ոչ մի տեղից» վերադարձած նավի անձնակազմի անդամների հետ ժամանակի ընթացքում սկսեցին ամենաանհավանական բաները կատարվել. նրանք մերթընդմերթ դուրս էին ընկնում ժամանակի բնականոն ընթացքից: Այդ երևույթը ստացավ «սառչում» անվանումը: Մի անգամ, երկու նման «սառչածներ» անսպասելիորեն «բռնկվեցին» և այրվում էին 18 օր շարունակ, իսկ փրկարարներին ոչ մի կերպ չէր հաջողվում դադարեցնել նրանց մարմինների այրումը: Տեղի էին ունենում նաև այլ տարօրինակություններ. «Էլդրիջի» անձնակազմի անդամներից մեկն անհայտացել էր՝ իր կնոջ և երեխայի աչքերի առաջ անցնելով սեփական բնակարանի պատի միջով:
Ջեսսուպը զբաղվեց հետաքննությամբ. նա քրքրեց արխիվներ, զրուցեց զինվորականների հետ և բազմաթիվ վկայություններ գտավ, որոնք թույլ տվեցին նրան թեմայի առնչությամբ արտահայտվել հետևյալ կերպ. «Էքսպերիմենտը ծայրաստիճան հետաքրքիր է եղել, բայց նաև խիստ վտանգավոր: Այն շատ ուժեղ է ազդում դրանում ներգրավված մարդկանց վրա: Փորձի ժամանակ օգտագործվել են մագնիսական գեներատորներ, որոնք աշխատել են ռեզոնանսային հաճախականությունների վրա ու նավի շուրջ հրեշավոր ուժգնության մագնիսական դաշտ կերտել: Միայն դա փաստացի ստեղծել է մի իրավիճակ, երբ նավը ժամանակավորապես դադարել է գտնվել մեր չափման համակարգերում, և կարելի է ենթադրել, որ տարածական ճեղքման դեպք է գրանցել: Այլ հարց է, որ այդ գործընթացը չեն կարողացել վերահսկել»: Հավանաբար Ջեսսուպը չափից դուրս շատ բան էր իմացել. ամեն դեպքում 1959 թվականին նա զոհվեց տարօրինակ հանգամանքներում. նրա մարմինը գտան սեփական մեքենայի մեջ՝ այրման գազերից խեղդված:
ԱՄՆ ՌԾՈւ ղեկավարությունը միանգամից հայտարարեց, որ ոչ մի կապ չունի Ֆիլադելֆիական էքսպերիմենտի հետ՝ ասելով, որ ոչ մի նման բան 1943 թվականին տեղի չի ունեցել: Սակայն բազմաթիվ հետազոտողներ չհավատացին իշխանությունների վարկածին ու շարունակեցին Ջեսսուպի ուսումնասիրությունները, որոնք որոշակի արդյունքներ բերեցին: Այսպես, օրինակ, գտնվեցին փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ 1943-1944 թվականներին Էյնշտեյնը աշխատել է ՌԾՈւ-ի համար: Գտնվեցին նաև վկաներ, որոնցից մեկն անգամ տեսել էր, թե ինչպես է անէացել «Էլդրիջը», իսկ այլոք ունեին հաշվարկներով լրացված թղթեր, որոնք արված էին Էյնշտեյնի ձեռքով: Անգամ գտնվեց այն ժամանակներում հրապարակված մի հոդված, որում պատմվում էր նավից իջած նավաստիների խմբի մասին, որոնք անհայտացել էին ականատեսների աչքերի առջև:
Ֆիլադելֆիական էքսպերիմենտի մասին ողջ ճշմարտությունը պարզելու փորձերը չեն դադարում առ այսօր, և ժամանակ առ ժամանակ նորանոր հետաքրքիր փաստեր են ելնում ջրի երես: Ահա ամերիկացի ինժեներ Էդոմ Սկիլլինգի պատմության սղագրությունից որոշակի հատվածներ.
«1990 թվականին իմ ծանոթներից Մարգարետ Սենդիսը, ով ապրում է Ֆլորիդայի Պալմ Բիչ քաղաքում, հրավիրեց ինձ և իմ ընկերներին՝ դոկտոր Կարլ Լայսրելին հյուրընկալելու, ով Մարգարետի հարևանն էր: Մենք հրավիրվել էինք, որպեսզի քննարկեինք Ֆիլադելֆիական էքսպերիմենտը: Լայսլերը ֆիզիկոս էր և այն գիտնականներից, ով 1943 թվականին աշխատել էր այդ պրոյեկտի վրա: Նրանք ցանկացել էին ռադարների համար անտեսանելի նավերի տեխնոլոգիա ստեղծել: Այդ նպատակներով մի նավի վրա տեղադրվել էր մեծ հզորության էլեկտրոնային մագնետրոն, որը սնուցվում էր նույն նավի վրա տեղակայված էլեկտրական սարքերից, որոնց հզորությունը բավարար էր՝ մի փոքր քաղաք լուսավորությամբ ապահովելու համար:
Փորձարկման գաղափարը այն էր, որ նավի շուրջ գեներացված հզոր էլեկտրամագնիսական դաշտը պաշտպանիչ վահան կծառայի ռադարների ճառագայթներից: Լայսլերը գտնվում էր ափին, որպեսզի այնտեղից ուսումնասիրի ու կառավարի փորձարկման ընթացքը: Երբ մագնետրոնը գործարկվեց, նավն անհայտացավ: Որոշ ժամանակ անց այն նորից հայտնվեց, բայց դրա ողջ անձնակազմը մահացել էր: Ընդ որում, դիակների մի մասը վեր էր ածվել պողպատի:
Մեր խոսակցության ժամանակ Կառլը շատ հուզված էր, և զգացվում էր, որ այս ծեր ու հիվանդ մարդը մինչ օրս մեղքի զգացում ուներ՝ «Էլդրիջի» զոհված անձնակազմի հարցում: Լայսլերն ու նրա գործընկերները համարում են, որ իրենք նավը ժամանակի մեջ տեղափոխել են այլ կետ, ինչի ժամանակ նավը տարանջատվել է մոլեկուլների, իսկ երբ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, անձնակազմի օրգանական մոլեկուլների մի մասը փոխարինվել է մետաղի մոլեկուլներով, ինչի պատճառով որոշ դիակների մարմնի մասերը պողպատից են դարձել»:
Եվս մի հետաքրքիր փաստ, որը հայտնաբերել է ռուս գիտնական Ադամենկոն. Մոուրի ու Բերլիցի գրքում, ովքեր հանգամանորեն զբաղվել են Ֆիլադելֆիական էքսպերիմենտի ուսումնասիրությամբ, ասվում է, որ իրադարձությունից դեռ երկար տարիներ անց, «Էլդրիջ» հածանավը գտնվում էր ԱՄՆ ՌԾՈւ-ի ռեզերվում, իսկ հետո նավն անվանափոխեցին և նվիրեցին Հունաստանին: Մինչդեռ Ադամենկոն 1993 թվականին հյուրընկալվեց մի հունական ընտանիքի մոտ, ում միջոցով ծանոթացավ պաշտոնաթող մի հույն ծովակալի հետ: Վերջինս հայտնեց նրան, որ իրազեկված է Ֆիլադելֆիական էքսպերիմենտի ու «Էլդրիջ» հածանավի ճակատագրի մասին, ինչպես նաև հաստատեց, որ նավն այժմ գտնվում է Հունաստանի ՌԾՈւ-ի կազմում:
Ֆիլադելֆիական էքսպերիմենտի հարցում միանշանակ ճշմարտությունը այդպես էլ հայտնի չէ: Այս առեղծվածային պատմությունն ուսումնասիրողները չեն գտել գլխավորը՝ փաստաթղթեր: Շատ բան կարող էր պարզաբանել «Էլդրջի» օրագրերը, բայց դրանք տարօրինակ կերպով անհայտացել են: Համենայն դեպս, բոլոր դիմումներին ԱՄՆ կառավարությունն ու պաշտպանական գերատեսչությունը պատասխանում են հետևյալ կերպ. «… Գտնել, հետևաբար նաև տրամադրել ձեզ դրանք, անհնար է»: Ինչ վերաբերում է էքսպերիմենտն ուսումնասիրող մյուս նավի օրագրերին, ապա դրանք ոչնչացվել են վերադասի հրամանով, թեև դա հակասում է գործող բոլոր կանոններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել







