ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույնիսկ ամառային տապի օրերին չի հանգստանում: Էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելուց հետո այն ձեռնամուխ է եղել ջրի սակագների, իրենց բառապաշարով ասած, «ճշգրտմանը»:
Ինչպես և ամեն տարի, այս անգամ ևս առկա է խմելու ջրի սակագների ճշգրտման հայտ, որը պետք է քննարկվի հանձնաժողովի կողմից և պետք է ընդունվի համապատասխան որոշում սակագների ճշգրտման վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս համակարգը գործում է 2006 թվականից, ինչ «Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն տրվել է վարձակալության ֆրանսիական Veolia ընկերությանը՝ 10 տարով: Միանգամից շեշտակիորեն բարձրացվեցին խմելու ջրի սակագները՝ նշելով, սակայն, որ դրանք յուրաքանչյուր տարի նվազեցվելու են: Սակայն նվազեցումը իրականացվում է խիստ դանդաղ տեմպերով, քանզի բազիսային սակագնի նվազման հետ մեկտեղ աճ են ապրում ճշգրտող գործոնների գործակիցները, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագինը (չմոռանանք, որ ջրային համակարգի աշխատանքն էապես կախված է էլեկտրական պոմպերից):
Այս անգամ սակագնի վրա ազդող գործոնը, անշուշտ, էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինն է: Ճիշտ է, բազիսային սակագինը սահմանված պլանի համաձայն նվազում է, սակայն վերջնահաշվում բնակչի կողմից վճարվող գումարը չի նվազում: Սակագինը մնում է անփոփոխ և հաջորդ տարվա (մինչև 2015թ. օգոստոսի 1-ը) համար ևս կազմելու է 170.256 դրամ՝ 1 խմ դիմաց:
Մի կողմից, կարելի է շնորհավորել բոլորիս ջրի չթանկացման կապակցությամբ: Սակայն մյուս կողմից, կարելի է նաև ցավակցել բոլորիս դրա չէժանացման կապակցությամբ: Հիշենք, որ նախատեսվում է, որ բազիսային գինը պիտի նվազի մինչև 96 դրամ, սակայն եթե ազդող գործոնները մնան ներկայիս շրջանակներում, այն է՝ էլեկտրաէներգիան շարունակի թանկանալ, ապա մենք կմնանք այնտեղ, որտեղ և ենք:
Ու այդ պարագայում կծագի հարց՝ եթե այդպես էր, ապա ո՞րն էր առհասարակ վարձակալության պայմանագրի իմաստը:
Ցավոք, «Ջրի գին» արտահայտությունը իր փոխաբերական իմաստով այդպես էլ մնաց բանաստեղծների ու ժողովրդական բանահյուսության սեփականությունը…
Ու երբևէ կրկին մենք կունենա՞նք ջուր՝ ջրի գնով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=326069820891266&id=100004647524817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել