Հայաստանի հավաքականի հարձակվող Արաս Օզբիլիզը, որը մի քանի օր առաջ պաշտոնապես ներկայցվել է որպես Կրասնոդարի Կուբանի ֆուտբոլիստ, Կուբան մարզադաշտի VIP տրիբունայից կրասնոդարյան դերբիին հետևում էր Դավիթ Մանոյանի հետ: Հանդիպման մեկնարկից առաջ Արասը հաճույքով պատասխանեց Totalfootball.am-ի թղթակցի հարցերին:

- Արաս, արդեն նոր ակումբ ես տեղափոխվել: Երկա՞ր մտացեծիր ռուսական ակումբի առաջարկն ընդունելուց առաջ:

- Այո, իհարկե մտածել եմ:  Բացի այդ երկար զրույց եմ ունեցել նաև Այաքսի գլխավոր մարզչի հետ: Կարծում եմ, որ այս պահի համար սա լավագույն տարբերակն էր և ուրախ եմ այս ընտրության համար:

- Ի՞նչ կարծիք ունես Ռուսաստանի առաջնության մասին: Սա լա՞վ վայր է կարիերան շարունակելու համար:

- Կարծում եմ, որ բավական լավ առաջնություն է: Այս առաջնությունից են Պրեմիեր լիգայի ակումբներ տեղափոխվել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Նեմանյա Վիդիչն ու Բրանիսլավ Իվանովիչը, ովքեր այժմ խաղում են Մանչեսթեր Յունայթեդում և Չելսիում: Այնպես որ, շատ մեծ ակումբներ ուշադրությամբ հետևում են այս առաջնության խաղերին:

- Քանի՞ մարզում ես արեն հասցրել անցկացնել նոր ակումբի կազմում և ինչպիսի՞ն են տպավորությունները: Մե՞ծ են տարբերությունները Այաքսի համեմատությամբ:

- Ընդամենը երկու մարզում եմ անցկացրել մինչ այժմ և ամեն ինչ ինձ դուր է գալիս այստեղ: Կոլեկտիվը շատ լավն է և ինձ օգնում են արագորեն հարմարվել:

 - Կուբանի մարզիչն է անցյալում ճանաչված ֆուտբոլիստ Դան Պետրեսկուն: Ի՞նչ կարծիք ունես նրա մասին և որքանով նա կարող է օգնել հետագա առաջընթացի հարցում:

- Այո, նա սոլիդ մարզիչ է և հետաքրքիր կլինի աշխատել նրա գլխավորությամբ: Նա պահանջկոտ է և գիտի, թե ինչ է ուզում: Կարծում եմ, որ շատ բաներ կկարողանամ սովորել նրանից:

- Ինչպե՞ս արձագանքեցին քո ընկերները և ընտանիքդ նրան, որ հեռանում ես Այաքսից և առաջին անգամ խաղալու ես տանից հեռու:

- Բոլորն էլ գիտեն, որ օրերից մի օր ես հեռանալու եմ:  Միգուցե, շատ վաղ ստացվեց, բայց սա պետք է տեղի ունենար: Իհարկե, դա դժվար էր մայրիկիս համար, բայց այսպիսին է ֆուտբոլիստի կյանքը: (ժպտում է):

- Ի դեպ, քո ծնողները Երևան էին ժամանել: Ինչպիսի՞ տպավորություններով հեռացան:

- Այո, նրանք առաջին անգամ էին Հայաստանում և շատ լավ տպավորություններ են սպացել: Նրանք անպայման կվերադառնան:

- Հայաստանի հավաքականում մեկ հանդիպում ես անցկացրել մինչ այժմ և արձագանքները միայն դրական էին: Ինչպիսի՞ն են ակնկալիքները Երևանում կայանալիք Բելառուսի դեմ խաղից:

- Այո, առաջին հանդիպումս եմ անցկացնելու Երևանում և մեծ անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպումը: Կարծում եմ, որ լավ նախապատրաստություն կլինի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ:

 - Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստ կա Կուբանում արդեն: Դա առավելությու՞ն է:

- Իհարկե, շփման հետ խնդիրներն ի սկզբանե բացակայում են այստեղ: Բացի այդ նրանք կօգնենք հայերենի իմացությունս զարգացնել:

 - Հավաքականում խաղալուց հետո կա՞ առաջընթաց այդ հարցում: Կգա՞ մի օր, երբ հարցազրույց կանցկացնենք հայերենով:

- Իրականում հայերեն եմ պարապում բոլորից գաղտնի: Հիանալի կլինի, եթե սկսեմ հայերեն հարցազրույցները տալը: (Ժպտում է:)

 Դավիթ Գալստյան, Կրասնոդար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել