Օր առաջին. 19 հունիսի, 2014 թվական:
Արդեն երեկոյան առաջին ուխտավորները հավաքվեցին գրասենյակում: Սկզբից Արորդաց ուխտի քրմերը, ապա և մյուսները: 34 հոգի էինք: Ժամը երկուսին ավտոբուսը տեղում էր և շտապելով` իրերը բարձեցինք ու շարժվեցինք….
Ընդհանուր ոգևորությունը մեծ էր: Խմբից քչերն էին եղել Արևմտյան Հայաստանում: Համընդհանուր ոգևորության քողի տակ բոլորին թվում էր, թե ավտոբուս նստելով` արդեն իսկ Էրգրում են… Գուցե և այդպես էր, քանզի մթնոլորտը տրամադրող էր. այս ուխտագնացությանը բոլորն էին սպասում, շաբաթներն, օրերն ու ժամերն էին համրում:
Երևանից շարժվեցինք նախատեսված ժամին` երեքին: Ճանապարհը երկար էր, հոգնեցնող. հայ-վրացական սահմանի Բավրայի մաքսակետով մուտք գործեինք Վրաստան, ապա Ջավախքով ուղևորվեցինք դեպի Թուրքիայի հանրապետության սահման ու Վալեի մաքսակետով մտանք Արևմտյան Հայաստան:
Վրաստանի և Թուրքիայի պետական սահմանը հատելիս առանձին դժվարություն չունեցանք: Սա ընթացիկ տարում իմ երրորդ այցելությունն էր Արևմտյան Հայաստան և մինչ այժմ միակ խոչնդոտը թուրք սահմանապահների` օտար լեզվով հաղորդակից չլինելն էր, քանզի նախորդ անգամները ողջ անցակետում օտար լեզվի տիրապետող որևէ սահմանապահ չկար: Այս անգամ սակայն, նման խնդիր չունեցանք, քանզի ուխտավորների մեջ երկու հոգի վարժ տիրապետում էին թուրքերենին:
Ուխտավորների խումբը հիմնականում մտավորականներից էր բաղկացած. Արորդաց ուխտի քրմերից զատ այնտեղ էին նաև երգիչ-երգահաններ Գուսան Հայկազունը, Արսեն Համբարյանը, Վարուժան Աղաջանյանը, Գրիգոր Համբարյանը, հեռուստալրագրող Վարդան Օնանյանը, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, այլք….
Ավելորդ չէ նշել, որ ողջ ճանապարհն անցավ ակտիվ զրույցներով, քննարկումներով, երգ ու ասմունքով….
Սահմանը հատեցինք առավոտյան տասին ու…
Էրգիրը մեզ խռոված դիմավորեց. անձրև, ցուրտ…
Մռայլ էինք նաև մենք: Ճնշող էր: Բնական գեղեցիկ տեսարանները, գույները հաջորդում էին իրար, Արևմտյան Հայաստանը աստիճանաբար իր գիրկն էր առնում մեր ավտոբուսը, բայց….
Անցանք թուրքական զորամասի մոտով… ու հանկարծ, մի խրոխտ, հուժկու ձայն պայթեց ավտոբուսում.
-Դե ելեք քաջեր, հայ ֆիդայիներ…,-Գրիգոր Համբարյանն էր: Ուխտավորները մեկեն արթնացան ասես, ու ողջ ավտոբուսը միասին թնդաց` կանչ հայ ֆիդայիների անմահ ոգիներին…
Ավտոբուսի ազգությամբ քուրդ վարորդը` Մահմադը, քթի տակ բարեհոգի ժպտաց. պարզ է` հայերեն փոքրիշատե հասկանում է:
Հայոց Կարսը…
Հնամենի մայրաքաղաքը անհրապույր տեսքով դիմավորեց մեզ… Ծուռումուռ փողոցներ, ամենուր աղբակույտեր… Շուրջ 80000 բնակիչ ունեցող քաղաքը արևելյան հետամնաց բնակավայրի է նմանվում: Կարսում շատ են հին` հայկական շինությունները: Պատմական արժեքներից կանգուն են միայն բերդը և Առաքելոց եկեղեցին: Հին շենքերի կողքին այժմ վեր են խոյանում նորակառույցները, բայց անճաշակ շինություններ են` ներկված կարմիր, դեղին, կանաչ, կապույտ գույներով…. Զգացվում է, որ Կարսը մինչ օրս չունի զարգացման կայուն հատակագիծ:
Կարսում երկար չմնացինք. Ճաշեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Անի…
Անի… հայի կորցրած երազը…
Սմբատաշեն պարիսպներով ներս մտանք քաղաք ու լուսանկարվեցինք Ավագ դռան առջև` Վահագնական կեռխաչի տակ: Սա Անի քաղաքի խորհրդանիշն է եղել: Նախաքրիստոնեական Հայաստանում հայ ռազմիկը աջ բազկին դաջել է խաչ պատերազմին ու սլացել ոսոխի դեմ: Խաչ պատերազմին հետագայում դարձավ Անվո խորհրդանիշը….
Ճնշող է Անին… Պարիսպների վրա ու մայրաքաղաքի միջնաբերդում ծածանվում է թուրքական կարմիր կիսալուսինը…. Ոչինչ. արորդիք համոզված են, որ ի վերջո` թուրքի լուսինը պիտի խոնարհվի…
Շարժվեցինք դեպի Մայր տաճար….
Խոնարհված է Մայր տաճարը, ինչպես որ խոնարհված է Անին…
Մենք չմտանք քրիստոնեական այս հրաշագեղ կոթողն աղոթելու: Այստեղ չկան ոգիներ, այստեղ ամայություն է տիրում…
Մենք ալելույա չենք կանչում, Հայր մեր չենք արտասանում, պատարագ չենք անում այստեղ….
Խոնարհված է Անին, ու հայոց չքնաղագեղ մայրաքաղաքը խոնարհվեց հենց իր շուրթերով Հայր մեր կարդացող ու այս տաճարում պատարագ անող դավաճան ու սրիկա կաթողիկոսի` Պետրոս Գետադարձի ձեռքով….
Բայց մեկեն, երգեց տաճարը….նրա պատերի տակ հանկարծ թնդաց երգը հայոց… Արսենը, Գրիգորը, Գուսանը…մենք բոլոր ուխտավորներով հայի երգով, ռազմակոչով թնդեցրինք տաճարը….
Քանի, քանի հարյուրամյակ Մայր տաճարի պատերի տակ հայի երգ չէր հնչել…. քանի-քանի հարյուրամյակ Անին, մեր վշտացած, խոնարհված ու չքնաղ Անին սպասել է հայի կանչին…
Մեր երգը մարտակոչ էր: Մեր երգը վրեժի, ցասման կոչ էր, որով կոչ էինք անում արի հայերին, միանալ, համախմբվել ու խոնարհել թուրքի լուսինը, մաքրել Էրգիրը պղծությունից:
Զարթնիր, Հայկ Նահապետ, զարթնիր, Մեծն Տիգրան, զարթնիր, Պապ թագավոր, զարթնիր, Գևորգ Չաուշ, զարթնեցեք հայեր, Վահագնի զորությամբ գոտեպնդվեք ու մարտի ելեք… ահա մեր աղոթքը Մայր Տաճարում…
Իսկ քրիստոնեական Ամենի փոխարեն մեր աղոթքի վերջում հնչեց Գրիգոր Համբարյանի բամբ ձայնը. ՙՄա՛հ ոսոխին…՚…
Օր երկրորդ
20 հունիսի 2014
Չքնաղ է Վանը: Հայկական հետքերն այստեղ էլ քիչ են. Վանա բերդ, Մհերի դուռ… բայց Վանը հայի շունչ ունի: Վանն անձնատուր չեղավ, Վանը մաքառեց, ու հաղթեց ոսոխին: Վանը հպարտ է: Այն դատարկվեց սոսկ ռուսի դավաճանության արդյունքում: Բայց հաղթեց… Վանն սպասում է մեզ, Վանը կանչում է մեզ…
Ուղևորվեցինք Մհերի դուռ:
Ժայռի մեջ պարփակված Մհերն սպասում է մեզ, սպասում է մեր բազկի հարվածին, սպասում է Վահագնական ուժով մարտի ելած հային, որ ջարդի, փշրի ժայռեղեն դուռն ու ազատի Մհերին` աշխարհում հաստատելու արդարությունն ու հայի կամքը: Մհերն սպասում է մեզ…
Մագլցեցինք ժայռը, Մհերի դռան առջև Արսեն Համբարյանին ձայնակցեցինք… հնչեց Վահագնի ծնունդը….
Քերթողահոր ավանդած բառերը նոր շունչ են առել Արսենի մշակմամբ, ու տասնյակ ուխտավորները Վանում, Մհերի դռան մոտ կանչում են Վահագնին, ուժդ, շնորհդ տուր, Մեծն Վահագն, օգնիր խորտակել ժայռը, խոնարհել թուրքի լուսինը, օգնիր ազատել Մհերին….
Ուղևորվեցինք Աղթամար:
Նավ ենք վարձել, միայն մենք էինք, ուխտավորներով ու թուրք նավավարը: Նավի վրա դարձյալ թուրքի լուսինն է: Բայց մենք իսկապես խոնարհեցինք այդ փոքրիկ լուսինն ու ծածանեցինք մեր եռագույնը:
Աղթամարում, եկեղեցում դարձյալ թնդաց հայի երգը. արի հայի երգը: Եկեղեցու թուրք պահապանները զարմացած էին: Հայաստանից շատ խմբեր են եկել, քահանայի ուղեկցությամբ անգամ սաղմոս կարդացել, պատարագ արել… բայց նման խրոխտ երգ, այն էլ` մարտակոչ, չէին լսել…
Չքնաղ է Աղթամարը` Գագիկ Արծրունի արքայի Ոստանը… ափսոս, նրա ժառանգներն անարժան գտնվեցին փառապանծ այդ արքային ու լքեցին իրենց երկիրը, լքեցին առանց պայքարի ու հայոց չքնաղ ոստանը` Վասպուրականը 1021 թվականին հանձնեցին թշնամուն… հանձնեցին առանց մարտի` ունենալով 400 թեմաբերդ… Սենեքերիմ Արծրունի…ողորմելի գահակալ…
Աղթամարից հետ նավարկեցինք, լողացանք Վանա ծովակում…. ու շտապեցինք դեպի Նեմրութ…
Ճանապարն անցնում էր Հայկական Տավրոսի փեշերով… ամենուր հայկական լքյալ բնակավայրեր… շեներ, քաղաքներ, որ հարյուր տարի առաջ մերն էին, ուր հարյուր տարի առաջ հայի շունչն էր….
Կեսգիշերի մոտ էր, երբ լաստանավով անցանք Եփրատն ու ուղևորվեցինք Քյաղթա քաղաք, ուր ընթրեցինք տեղաբնակ հայի ռեստորանում ու… դեպի Նեմրութ….
Օր երրորդ
22 հունիսի 2014
Կեսգիշերն անց տեղավորվեցինք ՙԵփրատ՚ հյուրանոցում ու մեկ ժամյա հանգստից հետո անքուն, հոգնած, ծանրացած տպավորություններով բարձրացանք Նեմրութ լեռ:
Անտիոքոս Երվանդունի արքայի կերտած հրաշքը բառերով դժվար է նկարագրել: Մեզ համար այն ավելի քան ոգեղեն արժեք է:
Գրեթե երկու հազար տարի այստեղ ծես չէր արվել: Գրեթե երկու հազար տարի այստեղ հայի շունչ չէր եղել, հայի ոգի չէր թևածել…
Հայոց աստվածները սպասում էին մեզ… Նրանց արձանները ճիշտ է գլխատված, բայց խրոխտ ու հպարտ էին` անհողորդ շրջապատին, ոսոխին, թուրքին… Նրանք սպասում են հայի ոգեղեն զարթոնքին, սպասում են հայի բազկի հարվածին….
Բայց միայն մեր աստվածները չէ, որ մեզ սպասում էին…
Ներմրութի գլխին մոտ երեք հարյուր թուրք կար. հիմնականում երիտասարդ… Կարծում եմ, ավելորդ է նկարագրել, թե մեզ ինչ ընդունելություն էր սպասվում….
Երբ արևածագին միասնաբար երգեցինք Վահագնի ծնունդը, թուրքերը մեկեն շարք կանգնեցին, ձեռքով ցույց տալով Գորշ գայլեր կազմակերպության նշանները` սկսեցին երգել Թուրքիայի հանրապետության օրհներգը….
Բավական էր սակայն, որ մենք բռունցք դառնանք, համախմբվենք քրմերի շուրջը, ովքեր հանելով իրենց սրերը` ավելի խրոխտ, ավելի վճռական սկսեցին հայոց ծեսն անցկացնել` թուրքերը փախան…. Րոպեներ անց տարածքում մենք գրեթե միայնակ էինք: Այսպիսին է թուրքը… նա հասկանում է միայն ուժի, զորության լեզուն, նա հասկանում է միայն զենքի շաչյունը….
Ամենիս ոգևորությունը մեծ էր… Ծեսից հետո դեպի Էրգիր վերադարձ ուխտելով իջանք Նեմրութից:
Հազիվ մեկ ժամ հանգստացած` շարժվեցինք դեպի Էրզրում:
Ճանապարհն անցնում էր Բյուրակն լեռներով, Սասունով…
Հրաշալի տեսարանները փոխարինում էին մեկմեկու` մեր հոգիները լցնելով հրճվանմքով ու տրտմությամբ… տպավորությունները հակասական էին….
Թուրքիայի հանրապետությունը աշխարհի ամենաարագ տեմպերով զարգացող երկրներից է….
Ողջ Արևմտյան Հայաստանում չեք գտնի գեթ մեկ կտոր հող, որ մշակված չլինի…ամենուր ցորենի ոսկե արտեր, անվերջանալի արտեր…
Թուրքը, քուրդը, քոչվոր ու անապատական այց ցեղերը տեր դառնալով մեր դրախտային երկրին, այսօր մշակում եմ, խնամում են մեր պապերի հողերը, իսկ հայն անդաստան թափառում է երկրե-երկիր….
Սասնո լեռներում մի բարձրադիր վայրում կանգնեցինք ու միասին թնդեցրինք հայոց քոչարին: Թնդացին լեռները հայոց, թնդաց հողը հայի, ցնցվեց ու կանչեց իր զավակներին ետ` դեպի Էրգիր….
Գալու ենք, անպայման գալու ենք դեպի Էրգիր….
Երգեցինք Գուսան Հայկազունի երգը.
-Հրով լինի, սրով լինի,
Պիտի գնանք վաղ թե ուշ….
Պիտի գնանք, անպայման կգնանք, ու ուժով կգնանք, սրով ու հրով կգնանք: Բավ է հույսներս դնենք օտար աստծու վրա… նա մեզ սոսկ ուժաթափ արեց, նա մեզ զրկեց մեր հայրենիքից…
Օր չորրորդ.
23 հունիսի 2014
Էրզրումում առավոտյան միջադեպ եղավ: Լուսանկարչական ապարատը ձեռքիս պտույտ էի կատարում հյուրանոցի մերձակա փողոցներում, մոտեցավ միջին տարիքի մի տղամարդ ու թուրքերեն հարցրեց. ՙՀա՞յ ես՚: Դրական պատասխան լսելով` ինձ հրավիրեց իր խանութ: Մտա: Ակնոցներ էր վաճառում: Ասեց, որ ինքն էլ հայ է, չորսը նայելով` խաչակնքեց….
Տխուր է…
Հայը ցուցափեղկից մի ակնոց հանեց, նվիրեց ինձ… թանկարժեք նվեր էր: Փորձեցի հրաժարվել նվերից, նեղացավ…. ՙՓեշքեշ, յոլդաշ, փեշքեշ…՚…
Դեպի Կարս հետդարձի ճամփան անցնում էր Բասենով: Կանգ առանք Արաքսի ափին, Հովվի կամուրջի մոտ: Դարձյալ երգ, դարձյալ ցավ ու կսկիծ…
Մեր ավտոբուսի մոտ կայանեց թուրքական ՙԱղթամար տուր՚ տուրիստական ընկերության ավտոբուսը: Նրանից իջան տասնյակ զբոսաշրջիկներ, ու լուսանկարվելով` զարմացած նայում էին մեզ` ցավից ու կարոտից ասես խենթացած հայերիս խմբին, մեր երգին…
Նրանցից առանձնացավ մի տղամարդ, ներկայացավ: Ասաց, որ քուրդ է, ծնվել է Մուշում և բնակվում է Ավստրալիայում: Ասեց բարով եք եկել ձեր հայրենիքը` ձեր Վաթանը…
Հետ ենք գալիս: Ցավով, կսկիծով, վրեժի ծարավով… հետ ենք գալիս հակասական զգացումներով: Էրգրում ամեն սարի գլխին կոչ է` Հայրենիքը սրբություն է, Հայրենիքը ամենից վեր է… Ամեն տեղ ծածանվում է թուրքական դրոշը, թուրքական կիսալուսինը. մանկապարտեզ, դպրոց, պետական հաստատություններ, մասնավոր տներ, անգամ գերեզմանոցներում…
Երբ մտանք Հայաստանի հանրապետություն` ամեն սարի, ամեն բլրի գլխի մի խաչ է կանգնեցված… մեծ, հսկա չափերի խաչ… իսկ հայրենիք, ազգ, վրեժ, ազգային հպարտություն խորհրդանշող ոչինչ…
Խաչվում ենք` 1700 տարի շարունակ, խաչվում ենք…
Իսկ խաչով թուրքի լուսինը չես խոնարհեցնի… խաչով չես հասնի իղձերիդ… ուժ է պետք, մենք Վահագնական ուժով կխոնարհենք թուրքի լուսինն ու Էրգիրը կազատենք թուրքի պղծությունից…
Թուրքի լուսինը պիտի խոնարհվի…
Վահե Անթանեսյան
Տպագրվել է «Անկախ» շաբաթաթերթում 2014 թվականի հուլիսի 7-ին