Բավական է հայտնվենք մի անելանելի թվացող իրավիճակի մեջ, բավական է մի պահ մեր կաշվի վրա զգանք իշխանությունների հանցավոր անտարբերությունը մարդու և իրենց քաղաքացու խնդիրների վերաբերյալ, կամ զգանք ինչ-որ «զոռբաների» ճնշումը մեր դեմ, ինչպես նաև մեր անզորությունն ու անպաշտպան լինելը նրանց դեմ, ընկճվում, վիրավորվում ենք ու շուտ՝ «երկիրը երկիր չի և չի էլ դառնա» ասելով, կապում ենք ճամպրուկներն ու հայդա... դեպի այնպիսի երկրներ, որոնք արդեն երկիր են դարձել: Դե իհարկե, լավ է պատրաստի վայելել, քան դժվարությամբ ստեղծել: Բայց հարգելիներս, ու՞մ եք թողնում մեր երկիրը: Ձեր փոխարեն այդ ո՞վ պետք է գա ու ձեր երկիրը երկիր դարձնի: Այդ ո՞վ պետք է պայքարի ձեր իրավունքների համար... Վերջիվերջո, այն երկրները, ուր դուք մեծ հաճույքով ու ցանկությամբ հաստատվում եք կամ փորձում եք հաստատվել, նախկինում այդքան լավը չեն եղել: Այդ ժողովուրդները պայքարել, աքսորվել, բանտ նստել ու նաև իրենց կյանքն են տվել իրենց այսօրվա հայրենիքի համար: Իսկ դուք ցանկանում եք, որ ամեն ինչ այսպես հեշտ ու հանգիստ ձեզ հրամցվի՞: Չկա այդպիսի բան ու լինել չի կարող: Եթե մենք ցանկանում ենք մեր սերունդներին, մեր երեխաներին թողնել ավելի լավ հայրենիք, քան մենք ենք ժառանգել, ուրեմն պետք է պայքարենք, ու եթե պետք է՝ անգամ զոհվենք դրա համար: Դեռևս ոչ մի իշխանություն, ոչ մի իշխող դասակարգ, հենց այնպես ժողովրդին չի տվել նրա հասանելիքը: Այն միշտ վերցրել են պայքարի միջոցով: Եվ այդ պայքարն էլ միշտ չէ, որ եղել է սահմանադրական հիմունքներով:



