15, powerful, quotes, from, the, worlds, most, humble, president,

2013թ.-ին «The Economist» պարբերականը Ուրուգվայը ճանաչեց տարվա երկիր, իսկ երկրի առաջնորդին` նախագահ Խոսե «Պեպե» Մուխիկային, նկարագրեց որպես «համեստ, սակայն համարձակ, լիբերալ ու ուրախանալ սիրող» մարդու:

Ուրուգվայի 78-ամյա առաջնորդը, ով հայտնի է իր անսովոր անկեղծությամբ, կրակոտ ճառերով ու գաղափարներն իրականություն դարձնելու համարձակ առաջնորդությամբ, այնպիսի որակներ ունի, որոնք աշխարհի շատ առաջնորդների չի հաջողվում ձեռք բերել: Նա նաև ամբողջ աշխարհում հայտնի է իր առաջադիմական քաղաքականությամբ, պարզությամբ ու ռեալիստական բնույթով: 

Խոսե Պեպե Մուխիկան հայտնի է որպես «աշխարհի ամենաաղքատ նախագահ»:
Կնոջ` Լուսիա Տոպլանսկիի ու իրենց մի քանի շնիկների հետ ապրելով փոքրիկ, մեկսենյականոց ֆերմայում` Մուխիկան իր աշխատավարձի 90 տոկոսը նվիրատվության է հանձնում բարեգործական նպատակներով: Խոսե Մուխիկան նաև հայտնի է աշխարհում կանեփի օրինականացման, միասեռ ամուսնությունների, աբորտների թույլատրման քաղաքականությունը խրախուսելու ու միաժամանակ ավելորդ սպառումը դատապարտելու համար:

Մուխիկան գործնականում կիրառում է այն պարզությունը, որ նա քարոզում է: Ստորև առանձնացրել ենք իր տեսակի մեջ յուրահատուկ նախագահ Մուխիկայի ամենահզոր 15 մտքերը:

 1  Հեղափոխությունների ու խռովությունների մասին


Ես որոշ գարուններ եմ տեսել, որոնք ավարտվել են սարսափելի ձմեռներով: Մենք` մարդիկս, հասարակական արարածներ ենք: Մենք չենք կարող միայնակ ապրել: Որպեսզի մեր կյանքը հնարավոր լինի, մենք պետք է կախված լինենք հասարակությունից: Մի բան է կառավարությունը տապալելը կամ փողոցները փակելը, սակայն բոլորովին այլ բան է միասնական ուժերով ավելի լավ հասարակություն ստեղծելն ու կառուցելը, հասարակություն, որը կազմակերպվելու, կարգապահության ու երկարատև աշխատանքի կարիք ունի: Եկեք չխառնենք այս երկուսը: Ուզում եմ, որ ձեզ համար պարզ լինի. ինձ ուրախացնում է երիտասարդական ավյունը, սակայն, կարծում եմ, այն ոչ մի տեղ չի տանի, եթե ավելի հասուն չդառնա:

 2  Մարիխուանայի օրինականացման մասին


Մարիխուանայի օրինականացմանը դեմ պայքարի մասին հարցի ժամանակ այսպես է պատասխանել.

«Յուրաքանչյուր փոփոխության ժամանակ միշտ էլ այդպես է լինում: 1913թ.-ին մենք ամուսնալուծությունն ՈՒրուգվայում ընդունեցինք որպես կանանց իրավունք: Գիտե՞ք, թե ինչ էին նրանք ասում այն ժամանակ. որ ընտանիքները կքայքայվեն, որ դա բարքերի ու հասարակության վերջն է: Պահպանողական ու ավանդական մտածելակերպը, որը վախենում է փոփոխությունից, միշտ էլ եղել է: Երբ ես երիտասարդ էի ու գնում էի պարահանդեսներին պարելու, մենք պետք է կոստյում ու փողկապ հագնեինք, այլապես մեզ ներս չէին թողնի: Չեմ կարծում, որ պարային երեկույթներին գնալիս մեր օրերում ինչ-որ մեկն այդպես է հագնվում»:

 3  Նյութականի մասին


Մենք զոհաբերել ենք հին «աննյութական աստվածներին» և հիմա մենք նվաճում ենք «շուկայի աստծու տաճարը»: Այն համակարգում է մեր տնտեսությունը, քաղաքականությունը, մեր սովորությունները, մեր կյանքը, մեզ տոկոսադրույքներ ու կրեդիտային քարտեր տալիս և ցույց տալիս երջանկության տեսքը:
Թվում է, թե մենք ծնվել ենք միայն սպառելու համար, և երբ մենք այլևս չենք կարող սպառել մենք բարկանում ենք, տառապում աղքատությունից ու ինքնաբերաբար նսեմացվում:

 4  Գլոբալ սպառման մասին


Այսօր մենք կարող ենք թափոնների հանձնել գրեթե ամեն բան: Եթե մենք մեր միջոցների սահմաններում ապրեինք, ավելի խելամիտ լինելով, աշխարհում ապրող 7 միլիոն մարդիկ կարող էին ունենալ այն ամենը, ինչի կարիքը որ ունեն: Համաշխարհային քաղաքականությունը պետք է այդ ուղղությամբ ընթանա: Սակայն մենք մտածում ենք որպես մարդ ու պետություն, և ոչ թե որպես տեսակ:

 5  Աբորտների ու միասեռ ամուսնությունների մասին


Բրազիլական լրատվական ընկերություններից մեկի հետ ունեցած իր հարցազրույցի ժամանակ Մուխիկան ասել է. «Մենք չափազանց պարզ սկզբունք ենք կիրառում` ընդունել փաստերը: Աբորտը այնքան հին երևույթ է, որքան որ մեր աշխարհը, իսկ միասեռ ամուսնությունները ավելի հին են, քան աշխարհը: Մենք ունեցել ենք Հուլիոս Կեսարին, Ալեքսանդր Մեծին: Ասել, թե այս երևույթը ժամանակակից է, պարզապես ծիծաղելի է. այն ավելի հին է, քան մենք: Դա օբյեկտիվ իրականություն է, որ գոյություն ունի: Դա չօրինականացնելը հավասարազոր կլինի մարդկանց անիմաստ տանջելուն»:

 6  Ավարտվող կոնֆլիկտների մասին


Երբ հարց է ուղղվել Կոլումբիայում կառավարության ու Ազգային ազատագրական բանակի ապստամբ խմբավորման միջև 50-ամյա կոնֆլիկտը լուծելու համար Ուրուգվայի մատուցած ծառայությունների մասին, Մուխիկան ասել է. «Հեռվից` առանց լուծման պատերազմ ու մի ամբողջ երկրի երկար զոհաբերություն է թվում: Այնպես որ, երբ նախագահ է հայտնվում, որ փորձում է խաղաղության ճանապարհ բացել, կարծում եմ, որ նա աջակցության կարիք ունի, որովհետև չափազանց շատ ցավ կա, և եթե նրանք յուրաքանչյուրը փորձեն համարժեք հարվածներ տալ, պատերազմն այդպես էլ չի ավարտվի: Սակայն հնարավորություն կա: Ես եսասեր կլինեի, եթե ինչ-որ կերպ օգնած չլինեի:

Օգնել չի նշանակում միջամտել: Ես չեմ խառնվի, եթե ես չհրավիրվեի դա անել: Սակայն եթե ես կարող եմ որպես միջնորդ ծառայել իմ փորձառությամբ, ես կաջակցեմ կառավարության` ապստամբ ուժերի հետ իրենց երկխոսության կոչին, ովքեր նույնպես խնդիրներ, վախեր ունեն: Կարծում եմ՝ մենք բոլորս` լատինաամերիկացիներս, պետք է օգնենք»:

 7  Պաշտոնյաների խոնարհ լինելու մասին


Այն պահից, երբ քաղաքական գործիչները սկսում են բարձրանալ սանդուղքներով, նրանք հանկարծակի թագավորներ են դառնում: Չգիտեմ՝ ինչպես է դա աշխատում, սակայն գիտեմ, որ հանրապետությունները աշխարհ են գալիս, որպեսզի վստահ լինեն, որ ոչ ոք ավելին չէ, քան մյուսը:

 8  Հարստության վերաբաշխման մասին


Բիզնեսները պարզապես ցանկանում են մեծացնել իրենց շահույթը. կառավարության խնդիրն է վստահ լինել, որ նրանք իրենց շահույթի բավարար մասը բաշխում են, այնպես որ, աշխատողները գումար ունենան իրենց արտադրանքը գնելու համար: Առեղծված չէ. որքան քիչ է աղքատությունը, այնքան շատ է կոմերցիան: Ամենակարևոր ներդրումները, որ մենք կարող ենք անել, մարդկային ռեսուրսների մեջ է:

 9  Տարիքի մասին


80-ամյա պապիկը պետք է լայնախոհ լինի: Մեծահասակները մեծ են ոչ թե իրենց տարիքով, այլ նրանով, թե ինչ կա իրենց գլխում: Նրանց սարսափում են այս մտքից, իսկ այն, թե ինչ է կատարվում փողոցներում, չի՞ սարսափեցնում նրանց:

 10  Կախվածության մասին


Թմրանյութերի թրաֆիքինգը չափազանց վատ է: Թմրանյութը հիվանդություն է, ու չեմ կարծում, որ լավ թմրանյութեր կան, կամ որ մարիխուանան լավ է, ոչ էլ ծխախոտը: Ոչ մի կախվածություն էլ լավ չէ: Ես ներառում եմ նաև ալկոհոլը: Միակ լավ կախվածությունը սերն է: Մոռացեք մնացած ամեն բանի մասին:

 11  Իրեն աշխարհի ամենաաղքատ նախագահը կոչելու մասին


Ես ամենաաղքատ նախագահը չեմ: Աղքատը նա է, ով շատ բանի կարիք ունի ապրելու համար: Իմ ապրելակերպը իմ վերքերի հետևանքն է: Ես իմ պատմության որդին եմ: Ես այնպիսի տարիների միջով եմ անցել, որ երջանիկ կլինեի նույնիսկ ներքնակ ունենալ:

 12  Իր աշխատավարձի 90 տոկոսը նվիրաբերելու մասին


Ես կյանքն ապրելու իմ ձևն ունեմ, որ չեմ փոխի միայն նրա համար, որ նախագահ եմ: Ես ավելի շատ եմ վաստակում, քան դրա կարիքն ունեմ, նույնիսկ եթե դա բավարար չէ ուրիշների համար: Ինձ համար դա զոհաբերություն չէ, այլ պարտք:

 13  Ուրուգվայի հետ կապված իր նպատակների մասին


Իմ նպատակը Ուրուգվայում անարդարությունը հնարավորինս նվազեցնելն է՝ ամենախոցելիներին օգնելու համար, ու իմ հետևից քաղաքական մտածելակերպ թողնելը, ապագային նայելու այնպիսի ձևով, որ անցնի ու օգտագործվի առաջ շարժվելու համար: Կարճաժամկետ ոչինչ չկա, հաղթանակը անկյունում չէ: Ես եդեմ կամ էլ նման ոչ մի բան չեմ ստանա: Ես միայն ուզում եմ համընդհանուր լավի համար պայքարել՝ առաջընթաց ունենալու համար: Կյանքը սահում է կողքովդ: Այն երկարացնելու միջոցը մյուսների` քո գործը շարունակելը կլինի:

 14  Նախագահ լինելու մասին


Նախագահը բարձրաստիճան պաշտոնյա է, ով ընտրվում է որոշակի գործառույթ իրականացնելու համար: Նա թագավոր չէ, ոչ էլ աստված: Նա ցեղախմբի կախարդ-բժիշկ չէ, որ ամեն ինչ գիտի: Նա քաղաքացիական ծառայող է: Կարծում եմ՝ ապրելու կատարյալ ձևը կլինի ապրել այնպես, ինչպես այն մարդկանց մեծամասնությունը, ում մենք փորձում ենք ծառայել ու ներկայացնել:

 15  Երջանկության գաղտնիքի մասին


Ապրել մտածելակերպիդ համապատասխան, լինել այն, ինչ կաս, ու չփորձել քո չափանիշներն ուրիշներին պարտադրել: Ես չեմ սպասում, որ մյուսներն ապրեն այնպես, ինչպես ես: Ես ցանկանում եմ հարգել մարդկանց ազատությունը, սակայն պաշտպանում եմ իմ ազատությունը: Եվ դա գալիս է մտածածդ բարձրաձայնելու քաջությունից, նույնիսկ եթե երբեմն մյուսները չեն կիսում այդ տեսակետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել