Գիշերվա ժամը 3-ին միջին ուժգնության (երեւի թե՝ միջին) երկրաշարժի կապակցությամբ առավոտյան Լոռվա գյուղերից մեկից ծանոթներիցս մեկը զանգահարեց, թե «Էդ ճի՞շտ ա, որ Վանաձորում մարդկանց միլիցիայով-բանով զգուշացրել են, որ տներից դուս գան», ասում եմ՝ «Ես նման բան չեմ լսել», զարմանում է՝ «Վի ախչի՜.... տենըմ ես դու դրա՜նց, հավարը կապել են, թե ժողովրդին տներից, հիվանդանոցներից հանել են», ասում եմ՝ «Դե կարող է գիշերը հիվանդանոցի հիվանդները, զգալով ցնցումը, իրենք իրենց նախաձեռնությամբ շենքից դուրս թռած լինեն, բայց եթե ոստիկանությունը հայտարարեր, որ տներից դուրս գալ է պետք, պետք է մեգաֆոններով փողոցով շրջեին, բայց նման բան չի եղել, ես գոնե չեմ լսել»: Այստեղ զրուցակիցս ենթադրեց, թե խուճապը երեւի դիտմամբ են տարածում, որ մարդիկ տներից փախչեն, գողերն էլ հարձակվեն բնակարանների վրա, ու այս կապակցությամբ հիշեց նմանատիպ մի դեպք՝ Ալավերդուց: Հարցիս, թե ինքը զգացե՞լ է երկրաշարժը, ծիծաղելով ասաց. «Ես գլխի չեմ էլէլ գիտե՜ս... փաստորեն, որ Աստված ոչ արած, մի վատ բան ըլեր, ըթենց քնած էլ գնալ տեի այ....»: Ահա թե երբ էր անհրաժեշտ լարային ռադիոյի անհրաժտությունը, որ բնակչությանը կարող էր շատ արագ իրազեկել, թե ինչ անեն կամ ինչ չանեն: Իսկ ինֆորմացիա վաղ առավոտյան առաջնահերթ «Երկիրը» հաղորդեց՝ նշելով, որ նախորդ օրն էլ է Վանաձորում երկրաշարժ գրանցվել): Ի դեպ, նաեւ մեկ շաբաթ առաջ, սակայն, ի տարբերություն նախորդ 2 ցնցումների, այս վերջինը հավանաբար ամենաուժեղը կլիներ, եւ, առնվազն 4ուկես բալ բնակիչներն զգացին իրենց մաշկի վրա) եթե ոչ՝ հինգ (վերջին 25 տարում երեւի թե այսչափ ուժգին չէր եղել՝ 1988թվից հետո): Վատն այն է, որ 1988 թվի երկրաշարժից հետո Վանաձորի շենքերը ոչ միայն շեն ամրացվել, այլեւ ավելի են քայքայվում, իսկ նման ցնցումներն ավելի են թուլացնում շենքերի հիմքերը: Եւ, իբր այդ ամենը քիչ է, հսկայական «Թրիլլեր»-ներն էլ իրենց հերթին են վտանգում շենքերի ամրությունը: Հետաքրքիր է, ինչո՞ւ բնակելի շենքերին մոտ տարածության վրա չի արգելվում դրանց երթեւեկությունը. չէ՞ որ դրանց ամեն երթեւեկից հետո բնակարանների դուռ-լուսամուտները դղրդում են. այնպես, ինչպես պատեհ-անպատեհ երկնակամարում հայտնվող գիշերային հրավառությունը, որ Վանաձորում հաճախ է նկատվում ռեստորաններին մոտ գտնվող բնակելի տարածությունների վրա՝ անգամ գիշերվա ժամը 12-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել