Լյուքս Ստեփանյանի և «Հարսնաքար»-ի գործերով ընդունված դատական որոշումները փաստում են, որ Հայաստանում արդարադատությունն իրականցվում է ոչ թե կոնկրետ մարդու կոնկրետ արարքի համար համաչափ պատիժ սահմանելու սկզբունքով, այլ մարդկանց բերանները փակելու, հոգիները մխիթարելու, բոլորին մի արշինով չափելու և իռացիոնալ այլ սկզբունքերով ու նաև նպատակներով:
Բոլոր այդ երևույթները մեր մշակույթից են մտել արդարադատության ոլորտ, մեր ապրելակերպում է, որ ընդունված է ոչ թե համարժեք պատասխան տալ, այլ՝ բերանը փակող պատասխան, ոչ թե կոլեկտիվ գործողությունը քննել՝ ըստ մարդկանց մասնակցության ձևի և չափի, այլ բոլորին մի սկզբունքով վերաբերվել, և այլն: Ինչպիսին որ մշակույթն է (ապրելակերպը), այդպիսին էլ դառնում են կյանքի այլ ոլորտները՝ արդարադատությունը, զինծառայությունը, աշխատանքը, կրթությունը և այլն:

Հ.Գ. Այնպես որ, Հայաստանը լավ էլ մշակութային երկիր է, այստեղ մշակույթը ոչ թե քիչ է, այլ մի բան էլ՝ շատ: Ծանոթ-բարեկամ ինստիտուտը մշակույթ է, ընտրություններին փող վերցնելը մշակույթ է, սեփական իրավունքները պաշտպանելը, բայց ուրիշի իրավունքը բանի տեղ չդնելը նույնպես մշակույթ է: Ամեն ինչ մշակույթ է, ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք այդ մշակույթը նպաստում է երկրի ու քաղաքացու զարգացմանը: Առայժմ նպաստում է միայն միջանձնային հարաբերությունների հաստատմանը (դու ինձ - ես քեզ), ոչ ավելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել