Բազմաթիվ մարդիկ տեղյակ են, որ արյան բարձր ճնշումը, հայտնի նաև որպես գերճնշում, կարող է սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ և ժամանակի ընթացքում մեծ վնաս հասցնել օրգանիզմին: Այնուամենայնիվ, կան բարձր ճնշման հետ կապված բազում այլ առողջական խնդիրներ, որոնք այդքան էլ հայտնի չեն: Որքան ավելի շատ բան իմանաք արյան բարձր ճնշման մասին, այնքան ավելի նպատակաուղղված կլինեք համապատասխան բուժօգնություն ստանալ և այնպիսի փոփոխություններ մտցնել Ձեր կենսակերպում, որոնք կնվազեցնեն արյան բարձր ճնշման հետ կապված բարդությունների ռիսկը: Արյան բարձր ճնշմամբ պայմանավորված՝ կարող են առաջ գալ հետևյալ բարդությունները:
Սրտային խնդիրներ

Գերճնշման դեպքում սիրտը սովորականից ավելի լարված է աշխատում՝ մարմնի բոլոր մասերին բավականաչափ արյուն մատակարարելու համար: Սիրտը մկան է, և մնացած բոլոր մկանների պես այն կարող է հոգնել և պակաս արդյունավետ դառնալ: Շարունակական գերճնշման հետևանքով սիրտը ժամանակի ընթացքում կարող է թուլանալ: Արդյունքում կաճի սրտամկանի ինֆարկտի և կաթվածի հավանականությունը:
Լուծումը
Քաշի նվազեցումը դիետաների ու մարմնամարզության միջոցով նպաստում է սրտի աշխատանքի բարելավմանը և արյան ավելի ցածր ճնշման հաստատմանը:
Զարկերակային խնդիրներ

Օրգանիզմին թթվածին ու սնուցիչներ մատակարարող զարկերակների վնասումը կարող է մի շարք բարդություններ ստեղծել: Արյան բարձր ճնշման պատճառով զարկերակները կարող են նեղանալ, կոշտանալ և կորցնել ամրությունն ու առաձգականությունը: Զարկերակների կարծրացման հետևանքով սրտին մատակարարվող արյան հոսքը կարող է նվազել՝ առաջացնելով կրծքավանդակի ցավեր, կաթված, անևրիզմ (արյունատար անոթների կամ սրտի խոռոչի լայնացում) և տարբեր օրգանների դիսֆունկցիայի այլ դրսևորումներ:
Լուծումը
Օգտագործեք համապատասխան սննդային հավելումներ և այնպիսի կենսակերպ վարեք, որը կօգնի բարելավել արյան շրջանառությունը: Շատ դժվար է վերականգնել վնասված զարկերակները, ուստի պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:
Ուղեղի վնասվածքներ
Ուղեղը շատ զգայուն է արյան բարձր ճնշման հետևանքով առաջացած վնասների նկատմամբ: Հավուր պատշաճի աշխատելու համար ուղեղն արյան կայուն մատակարարման կարիք ունի: Գերճնշումը խաթարում է ուղեղի բնականոն աշխատանքը՝ նվազեցնելով արյան հոսքը և նպաստելով արյան լերդացմանը: Արդյունքում գերճնշմամբ տառապող մարդը կարող է կաթված ստանալ: Կաթվածը իր հերթին մի շարք ծանր հետևանքների է հանգեցնում, օրինակ՝ լեզվական ապարատի շեղումներ, հիշողության կորուստ և շարժողական խնդիրներ: Գերճնշման հետևանքով առաջացած ուղեղային վնասվածքները կարող են հիշողության հետ կապված խնդիրների և անգամ տկարամտության պատճառ դառնալ:
Լուծումը
Եթե Ձեր կամ Ձեր մտերիմներից մեկի մոտ ախտորոշվել է գերճնշում, կարևոր է անհապաղ արյան ճնշումը կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Արյան ճնշման կարգավորումը թույլ կտա խուսափել այնպիսի կողմանակի ազդեցություններից, ինչպիսիք են ուղեղի վնասվածքները:
Երիկամային խնդիրներ

Երիկամների նորմալ կենսագործունեության համար արյան շրջանառությունը պետք է կանոնավոր լինի, ուստի գերճնշման հետևանքով արյունատար անոթներին և սրտին հասցված ցանկացած վնաս վտանգ է ներկայացնում նաև երիկամների համար՝ դժվարացնելով երիկամների կողմից կատարվող արյան պատշաճ զտումը: Ժամանակի ընթացքում արյան բարձր ճնշումը կարող է երիկամային խնդիրներ հարուցել: Եթե այդ խնդիրները սրվեն, դիալիզի կամ անգամ երիկամների փոխպատվաստման անհրաժեշտություն կծագի: Այս բոլոր խնդիրներն էլ ավելի են բարդանում, եթե ուղեկցվում են շաքարախտով:
Լուծումը
Խուսափեք սթրեսից և փոխեք Ձեր սննդակարգը՝ դրանում ներառելով բացառապես առողջ սննդամթերք: Արյան ճնշման կանոնակարգումը կնվազեցնի կենսական կարևորություն ներկայացնող օրգանների հետագա վնասման ռիսկը և կօգնի ավելի առողջ կյանքով ապրել:
Եթե անտեսեք գերճնշումը և համապատասխան բուժօգնություն չստանաք, օրգանիզմի կարևորագույն օրգանները կարող են լրջորեն վնասվել: Անպայման կանոնավոր կերպով չափեք Ձեր ճնշումը, որպեսզի հնարավոր խնդիրները շուտ հայտնաբերվեն, և բուժումը ժամանակին սկսվի: Արյան բարձր ճնշումը հնարավոր է կարգավորել, եթե Դուք պատրաստակամ եք փոփոխություններ կատարել Ձեր կենսակերպում՝ հանուն Ձեր իսկ բարօրության:




