Մատթ. 3:1-17
Հեղինակ՝ Սահակ Եպս. Մաշալյան
Աղբյուր՝ ՇՈՂԱԿԱԹ ՀԸ
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից
1 Այն օրերին Հովհաննես Մկրտիչը գալիս է քարոզելու Հրեաստանի անապատում եւ ասում.
2 «Ապաշխարեցե՛ք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է»:
3 Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարեի բերանով ասվեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցե՛ք նրա շավիղները»:
4 Եւ ինքը` Հովհաննեսը, ուղտի մազից զգեստ ուներ եւ կաշվե գոտի` իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր:
5 Այն ժամանակ նրա մոտ էին գնում բոլոր երուսաղեմացիները, ամբողջ Հրեաստանն ու Հորդանանի շրջակայքի ժողովուրդը,
6 մկրտվում էին նրանից Հորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը:
7 Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտությանը, ասաց նրանց. «իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկությունից:
8 Այսուհետեւ ապաշխարության արժանի գործեր կատարեցե՛ք.
9 եւ մի՛ հավակնեք ասել դուք ձեզ, թե` Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել.
10 որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում եւ կրակն է գցվում:
11 Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա,
12 որի քամհարը իր ձեռքում է, եւ կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանում եւ հարդը կայրի՛ անշեջ կրակով»:
13Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։