1in.am-ը գրում է.
Շաբաթ և կիրակի օրերին Էրեբունի թանգարանին հարող տարածքում գտնվող ավտոշուկայում 5000-ից ավելի մեքենաներ «սպասում են» գնորդների: Առաջարկ կա, պահանջարկ չկա՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին մեքենա ներկրող վաճառողները և այն մարդիկ, որոնք պարզապես իրենց սեփական մեքենան են վաճառում:
Ավտոշուկայում առավոտյան 6-ից կանգնում են, բայց հատուկենտ մարդկանց է հաջողվում մեքենա վաճառել: Նրանք մեզ ասացին՝ ճգնաժամ է, եկրում մարդ չի մնում, որ ավտոշուկա էլ գան, գնողերն էլ հիմնականում «փակովի» տարբերակով են գնում: Գումարը ամսական վճարում են կամ բանկին, կամ վաճառողին:
Ավտոշուկայում բողոքեցին նաև հարկային և մաքսային բեռից՝ ասելով, որ պարտքերի տակ են ընկնում, իսկ մեքենաներն էլ շուկայում ամիսներով կանգնած են մնում:
«Առաջին լրատվական»-ը շուրջ մեկ ժամ շրջեց շուկայում և հաջողվեց գտնել ընդամենը մեկ գնորդի, որը մատչելի մեքենա էր փնտրում՝ թոռնուհու համար:
Մեքենա վաճառողները մտավախություն ունեն, որ իրենց խնդիրները կավելանան Եվրասիական միությանը անդամակցելուց հետո՝ արտասահմանյան մեքենաների մաքսային-հարկային տուրքերի հնարավոր ավելացմամբ պայմանավորված:



