1. Եթե բարդ բառի վերջին բաղադրիչը միավանկ է և պահպանում է իր գոյականական իմաստը, ստանում է -եր հոգնակերտ վերջավորությունը` անձրևաջրեր, սարալանջեր, գինետներ, ձեռագրեր, հեռագրեր, անկյունաքարեր, ծովեզրեր, հացատներ, սևագրեր, ծրագրեր և այլն:
2. Եթե բարդ բառի վերջին բաղադրիչը միավանկ է, բայց ունի բայական արմատի արժեք, ամբողջ բառն արտահայտում է մի բան անողի կամ մի բան ունեցողի նշանակություն, ապա հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ: Օրինակ՝ կենսագիրներ, լրտեսներ, բառարանագիրներ, մեծատուններ, հանքափորներ, կողմնացույցներ և այլն:
Հեշտ հիշելու համար փորձեք բառին հարց տալ. օրինակ՝ փայտահատ, արձակագիր. ի՞նչ հատՈՂ, ի՞նչ գրՈՂ: Տեսա՞ք. պատասխանը ստացվեց բայական վերջավորությամբ բառ, հետևաբար այս բառերի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ:
3. -պետ , -նիշ վերջնաբաղադրիչն ունեցող բառերի հոգնակին կազմելիս դեռ երկձևություն կա, սակայն ավելի ընդհանրական են դառնում -ներ հոգնակերտով ձևերը՝ քաղաքապետներ, խորհրդանիշներ, նամականիշներ, խմբապետներ, դրամանիշներ, մարզպետներ և այլն:
4. Պարոն և տիկին բառերի հոգնակին կարող է կազմվել երկու ձևով՝ պարոններ, տիկինններ = պարոնայք, տիկնայք, որոնցից վերջիններն ավելի բնորոշ են հանդիսավոր, վերամբարձ ոճին:
5. -իկ մասնիկով կազմվում է միայն «մարդ» բառի և դրանով կազմված բարդ բառերի հոգնակիները՝ մարդիկ, նախամարդիկ, տղամարդիկ և այլն:

Շնորհակալություն ուշադրության համար :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել