Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել հայրենի քաղաքական դաշտում: Մինչ քառյակը ամառային արձակուրդ վերցրեց՝ իբր ժամանակ տալով իշխանություններին խելքի գալ, ինչը, թերևս, անհավատալի է, քանի որ ավելի շուտ գարին ընկույզի չափ կդառնա, քան իշխանությունները կսկսեն մտածել ժողովրդի մասին, «Օրինաց»-ը հուլիսի 18-ին Ազատության հրապարակում համազգային հանրահավաք է կազմակերպում: Չէ, չէ, մի տիեզերական: Ու ոչ ավել, ոչ պակաս, հրավիրում է բոլորին՝ առանց բացառության:
Թողենք, թե ՕԵԿ-ին հասարակության ինչ-որ հատված ինչպես է վերաբերում, քանի մարդ կգնա հանրահավաքին, քանիսը կբոյկոտեն, քանիսը կուրախանան, քանիսը կհավատան կամ ոչ: Քաղաքական տեսանկյունից դա չէ կարևոր:
Կարևորը հետևյալն է: Փաստորեն, ՕԵԿ-ը հրավիրում է մի խնդրի համար պայքարի, որի համար այսօր բոլորն են պայքարում, բացի տխրահռչակ Նազարյանի հանձնաժողովից և իշխանություններից:
Հիմա, կգնա՞, արդյոք, Քառյակը հանրահավաքին: Իմ կարծիքով, կգնա: Ինչո՞ւ եմ այսպես կարծում: Նախ, եթե չգնա, կնշանակի 2 բան՝ կամ Քառյակը չի վստահում ՕԵԿ-ին, հետևաբար չի ուզում որևէ առնչություն ունենալ նրա հետ, կամ եթե չգնա, ուրեմն իմիտացիա է անում, թե իրականում ինքն էլ է պայքարում հոսանքի թանկացման դեմ, ու սրանով կփարատի այն խոսակցությունները, ըստ որոնց՝ քառյակը մինչև աշուն ժամանակ է տվել իշխանություններին, որպեսզի անցնի ժամանակ ու կրքերը թուլանան, հետո հանրահավաք անի, հանրահավաքին էլ քիչ մարդ գնա, իրենք էլ հայտարարեն, թե ի՞նչ անենք, մարդիկ չեն պայքարում:
Առաջին վարկածը թերևս հերքում եմ, քանի որ գոնե ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո, ՕԵԿ-Քառյակ համագործակցության օրակարգ մի քանի անգամ եղել է՝ ԱԺ-ում միասնական բոյկոտ, 100 տոկոս համամասնականին անցնելու շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ, ՕԵԿ-ը պաշտպանեց և միացավ Քառյակի հայտարարությունը և այլն: Այսինքն՝ վստահության խնդիր չկա:
Մյուս կողմից, եթե Քառյակը չգնա միտինգի, ապա դա ձեռնտու չէ հենց Քառյակին ու ավելի ձեռնտու է ՕԵԿ-ին: Այսինքն՝ նախ ՕԵԿ-ի «լեզուն կերկարացնեն»՝ հասկանալի պատճառով, և հետո, ի՞նչ պատճառաբանություն կտան ժողովրդին՝ չեն գնացել, որովհետև շո՞գ է, որովհետև արձակո՞ւրդ է, որովհետև միտինգներով հնարավոր չէ՞ բան փոխել, թե ծանր սոցիալական պայմաններում հոսանքի գնի թանկացումն է անկարևոր:
Այդուհանդերձ, կարծում եմ, քառյակի կուսակցությունները, կամ գոնե նրանցից որոշները ներկայացուցիչներ կուղարկեն միտինգին՝ հետագայում խոսելու տեղ ունենալու համար:
Ամփոփելով նշեմ, որ «Օրինացը» մեծ հաշվով կարևոր երկընտրանքի մեջ է դրել ոչ միայն քառյակին, այլև մյուսներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=303507133160125&id=100005025218444¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել