Նախ ի սկզբանե ասեմ, որ «Բարի Սամարացի» ընկերությանը պատկանող խոշորածավալ շինությունը կառուցվել է 6 տարվա ընթացքում: Այդ տարիների ընթացքում ընկերության տնօրենը օրենքի դաշտում ամեն կերպ փորձել է օրինականացնել շինությունը, ինչը ընթացքի մեջ է եղել, բայց շարունակ ձգձգվել: Եվ այո, ապամոնտաժման աշխատանքները կատարելուց առաջ որևէ կերպ նախազգուշացված չենք եղել` ոչ բանավոր, ոչ գրավոր: Եվ չնայած այն փաստին, որ տարիների ընթացքում ձեռք բերված միլիոնները երկու օրում հավասարեցրեցին հողին, «Բարի Սամարացի» ընկերության տնօրենը որևէ մեղադրանք չհնչեցրեց, բողոքի ակցիաներ չկազմակերպեց, թեև նրա մի խոսքը բավական էր հարյուրավորների փողոց հանելու համար, օրեր շարունակ արտադրամասի մուտքի մոտ սպասող լրագրողների կոնֆլիկտածին հարցերին ի պատասխան՝ տնօրենը միայն նշել է. «Ի՞նչ ասեմ, թող Աստված օրհնի Տարոն Մարգարյանին»: Պտտվող խոսակցություններին, թե իբր ոմն Պիստր Արմենն է կարգավորել այս հարցը, չի համապատասխանում իրականությանը: «Բարի Սամարացի» ընկերությունը իր գործունեության բոլոր ոլորտներում գործում է օրենքի դաշտում: Սույն նախադասությունը վերաբերում է նաև հարկային դաշտին, որի հետ կրկին որևէ խնդիր չենք ունեցել: Անցած տարվանից սկսած տարածվում են նմանատիպ լուրեր և ի հայտ գալիս նոր ստահոդ ենթադրություններ, որ իբր «Բարի Սամարացի» ընկերությունը որոշ մարդիկ փորձում են խլել: Հերքում եմ նման տեղեկատվությունը և հայտարարում, որ ընկերությունը պատկանել և շարունակելու է պատկանել Հովիկ Հովակիմյանին, նա ոչ վաճառելու է այն, ոչ որևէ մեկը կարող է խլել այն ձեռքից, և ոչ էլ տնօրենն է հեռանալու հայրենիքից: Մենք շարունակելու ենք նույն կերպ բարեխղճորեն շարունակել մեր գործունեությունը: Խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ սուտուփուջ բամբասանքներ տարածելուց: Հասարակայնության կապերի բաժնի պետ Տաթևիկ Գալստյան



