Երեկ լուր տարածվեց, թե Համաշխարհային բանկը 40 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Հայաստանին՝ որպես էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում: Ըստ Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրության՝ այն թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը և հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարևորություն ունեցող երեք ենթակայանների` «Հաղթանակի», «Չարենցավան-3»-ի և «Վանաձոր-1»-ի վերակառուցման ծախսերը: Նշվում է նաև, որ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի էներգամատակարարման համակարգում հիմնանորոգումներ ու վերազինումներ չեն եղել, և «էներգամատակարարման հուսալիության ծրագրի նպատակն է մեծացնել երկրի էներգամատակարարման համակարգերի հուսալիությունը»: Այս ներդրումների շնորհիվ էներգափոխանցման համակարգի այդ հատվածում կմեծանան թողունակությունն ու հուսալիությունը՝ նվազեցնելով գծի խափանումները և դրա հետ կապված էներգամատակարարման ընդհատումները», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 50 միլիոն ԱՄՆ դոլար, որից 10 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրելու է ՀՀ Կառավարությունը: Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող 40 միլիոն ԱՄՆ դոլարը տրվում է «փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ» պայմաններով:
Հատկանշական է, որ այս իրադարձությունը տեղի է ունենում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման լույսի ներքո: Ընդ որում, հետաքրքիր է, որ, որպես կանոն, սակագների բարձրացումը պատճառաբանվում է նաև ներդրումներ կատարելու և համակարգը վերազինելու անհրաժեշտությամբ: Սակայն պարզվում է՝ ներդրումները կատարում է ոչ թե սեփականատերը (նույն ինքը՝ 33 մլն դոլարի հասնող շահույթ տնօրինողը), այլ մենք: Այո, հենց մենք, քանզի այս 40 մլն դոլարի և տոկոսների վերադարձի խնդիրը վերջնահաշվում և ընդամենը 10 տարի հետո դրվելու է հենց մեր ու մեր զավակների ուսերին:
Որպես կանոն, եթե որևէ ձեռնարկություն վաճառվում է, ապա ակնկալվում է, որ գնորդն այն կհամապատասխանեցնի ժամանակակաից պահանջներին, կկատարի ներդրումներ, որոնք կվերադարձնի շահույթի հաշվին: 33 մլն դոլարի շահույթ ունեցողը կարող էր իր շահույթից ներդրում կատարել և լուծել այդ հարցերը: Սակայն այս պարագայում ամեն ինչ ոտքերից շրջվել է գլխին: Եթե այդպես է՝ բաշխիչ ցանցերը վաճառում էիք, որ ի՞նչ անեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=323347354496846&id=100004647524817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել