Համացանցում տարածված էր նյութ, ուր ԱԱԾ ենթադրյալ աշխատակիցը փորձում է «Ժառանգություն» կուսակցության անդամին հավաքագրել այդ կառույցում: Նյութը շատերն են կիսել իրենց էջերին` տարաբնույթ մեկնաբանություններով: 
Մի կողմ թողնելով ԱԱԾ ենթադրյալ աշխատակցի պահվածքն ու առհասարակ նրա կերպարը, թե որքանով է նա համապատասխանում այդ կարևոր ու պատասխանատու աշխատանքին, ուզում եմ մտահոգությունս կիսել հետևյալի մասին:
ԱԱԾ-ն պետության կարևորագույն կառույցներից է, և նրան վերաբերվել արհամարհանքով, ատելությամբ և քամահրանքով, ըստ իս, չի կարելի: Իմ շատ ընկերները կփորձեն հակադարձել, թե այդ կառույցն այսօր աշխատում է իշխանության, այլ ոչ պետության օգտին: Կհակադարձեմ, ասելով, որ շատ դեպքերում գրեթե բոլոր պետություններում բանակն էլ ծառայեցնում են իշխանության օգտին և, որպես միջոց ու լծակ, իշխանությունն ամրացնելու համար: Սակայն դրանից մեր վերաբերմունքը չպետք է փոխվի ոչ բանակի, ոչ ԱԱԾ և ոչ էլ ոստիկանության նկատմամբ: Կրկնում եմ, դրանք կառույցներ են, որոնք պետք է նպաստեն ազգային անվտանգության և պետության ամրապնդմանն ու կայացմանը: Այլ բան է, որ շատ դեպքերում այդ կառույցներ են սողոսկում ապաշնորհ ու ապազգային անհատներ, զբաղեցնում պաշտոնական դիրք ու չարաշահում այդ դիրքը:
Պետք չէր բնավ հրատարակել նման նյութ համացանցում: Էժանագին PR-ի տեսակ է դա, ըստ իս: Չէ՞ որ այդ գրառումները կարդում են ոչ միայն հայերը, այլև օտարները, մեր թշնամիները: Եվ ի՞նչ է ուզում կուսակցության այդ աշխատակիցն ապացուցել: Իր ազնվությու՞նը, նվիրվածությու՞նը կուսակցությանը... տվյալ դեպքում այն հակասում է պետական ու ազգային շահերին: Դրա փոխարեն «Ժառանգություն» կուսակցության այդ անդամը կդիմեր հենց նույն ԱԱԾ-ին՝ հաղորդում տալով հանցագործության վերաբերյալ: Ո՞վ գիտե, գուցե ԱԱԾ անունից ներկայացածը օտար գործակա՞լ է... 
Իր փոխարեն ես կզգուշացնեի կուսակցության վերնախավին ու համացանցում այդ մասին ոչինչ չէի խոսի: Ամոթ է... Մի՞թե այդ մտածողությունն ունեն «Ժառանգության» կուսակցության ղեկավարները...
Հանուն մասնավոր, խմբակային շահերի ոտնատակ տալ պետական այդ կարևորագույն կառույցը, պակաս մտահոգիչ ու պախարակելի չէ, քան ԱԱԾ ենթադրյալ այդ աշխատակցի կերպարն ու վերաբերմունքը իր գործին: 
04.07.2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել