Հուլիսի 1-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հրավիրվել էր ցուցմունք տալու, ինչից հետո կալանավորվել էր, և նրան սպառնում է մեղադրյալի աթոռին հայտնվելու իրական վտանգ: Մոտ 15 ժամ տեւած հարցաքննությունից հետո նրան մեղադրանք է ներկայացվել «ազդեցության առևտուր» հոդվածով: Քննչական մարմինները պարզել են, որ նա իր պաշտոնեական դիրքը չարաշահել է, մասնավորապես, այդպիսով ստանալով գաղտնի տեղեկատվություն՝ օծանելիքի արտադրությամբ զբաղվող L’Oreal հանրահայտ ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրի աղմկոտ գործով դատավարության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն ստանալու նպատակով: Պարզվել է նաև, որ Սարկոզին իր փաստաբանին ներքաշելով այդ գործընթաց, Վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազի օգնականից տեղեկություններ է ստացել գործի ընթացքի վերաբերյալ: Գաղտնի տեղեկատվության տրամադրման դիմաց Սարկոզին դատախազին խոստացել է բարձր պաշտոն Մոնակոյում: Օծանելիքային մագնատուհու գործով Սարկոզին կասկածվում էր նրանից նախընտրական քարոզարշավի համար խոշոր գումարներ ստանալու մեջ: Մինչդեռ, Ֆրանսիայի օրենսդրության համաձայն, նախագահի թեկնածուն իրավունք չունի ֆիզիկական անձից 4500 եվրոյից ավելի նվիրատվություն ընդունել: Նիկոլա Սարկոզիին առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում եւ 200 հազար եվրո տուգանք:
Հայաստանում շատերն այս լուրն ընթերցելով՝ կզարմանային՝ մի՞թե «քաղաքակիրթ և լուսավորյալ» Ֆրանսիայում էլ են հնարավոր նման կոռուպցիոն երևույթներ և սկանդալներ: Պարզվում է՝ ոչ միայն հնարավոր են, այլև կայացած փաստ են: Ֆրանսիայում, պարզվում է, ևս ընտրությունները և քաղաքական հարաբերությունները գերշուկայականացված են: Երկրի առաջին դեմքը պաշտոնում ընտրվելու համար օգտվում է գործարարի (մեր լեզվով ասած՝ օլիգարխի) նյութական հնարավորություններից: Եվ դրանից հետո որևէ մեկը կասկածում է, որ պետական քաղաքականությունն իրականացվում է ոչ թե ի շահ ժողովրդական լայն զանգվածների, այլ հենց ի շահ այդ տնտեսվարողների:
Ճիշտ է, կա նաև մի կարևոր տարբերություն՝ կա նաև պատժվելու վտանգը: Բայց դա՝ միայն պաշտոնից հեռանալուց, սեփական անձը վարկաբեկելուց հետո և, հավանաբար, իր տերերին այլևս պետք չգալու դեպքում:
Վստահաբար, շատերը այս լուրը լսելուց հետո ապրեցին դեժավյուի զգացում…
Հետաքրքիր է՝ ի՞նչ զգացում ապրեցին իրենց նորածին զավակին Սարկոզիի պատվին անվանակոչած ծնողները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1437477313184875&id=100007678606149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել