Կրկին հուլիսն է, և մեկնարկել են ֆուտբոլային եվրագավաթների հանդիպումները: Տարիներ ի վեր մենք արդեն հայկական ակումբների հետ կապված հույսեր գրեթե չենք կապում, սակայն, այնուամենայնիվ, ինչ-որ հետաքրքրությամբ հետևում ենք նրանց հանդիպումներին՝ մեկ էլ տեսար, մեկ-երկու փուլ հաղթահարեն: Երբեմն մեկ փուլ հաղթահարելը ստացվում էր, երբեմն՝ ոչ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ այս 2 օրերի ընթացքում, աննախադեպ էր: Մեր 4 ակումբները կրեցին չորս պարտություն՝ 2-9 ընդհանուր հաշվով: Բանը հասավ անգամ նրան, որ Հայաստանի չեմպիոնը՝ Երևանի «Բանանցը», պարտություն կրեց Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոմա» ակումբից, որի համար այս հաղթանակը երկրորդն էր եվրագավաթներում հանդես գալու իր պատմության ողջ ընթացքում: Մեր մյուս թիմերը ևս պարտություններ կրեցին ղազախական և խորվաթական թիմերից:
Ակնհայտ է, որ արդեն հասել ենք վերջին: Եթե այսպես շարունակվի՝ երևի կունենանք ամենացածր վարկանիշ ունեցող առաջնությունը և կուրախանանք, ասենք, գաճաճ Ջիբրալթարի թիմերի նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակներով:
Այն, որ մենք պիտի զարգացնենք մեր ակումբային ֆուտբոլը, երկու կարծիք լինել չի կարող: Սակայն բարդ է այդ առումով հեռու գնալը, եթե ունես ընդամենը ութ ակումբ և չունես նորերի ստեղծման կամ եղածների զարգացման որևէ ռազմավարություն:
Օրինակ՝ Բելառուսում այդ պարտականությունը դրված է շրջանների ղեկավարությունների (մեր բառապաշարով ասված՝ մարզպետարանների) վրա, ինչի շնորհիվ էլ յուրաքանչյուր մարզում կա գոնե մեկ-երկու արհեստավարժ ակումբ՝ իրենց մարզադպրոցով և այլ ենթակառուցվածքներով: Այս ռազմավարությունը Հայաստանի մարզերում համապատասխան բյուջետավորման հնարավորություններ ստեղծելու պարագայում ևս կիրառելի է:
Իսկ առայժմ ակումբների պահպանումը մի քանի անհատի գործն է, ինչը հեռանկարային չէ, քանզի չկա մոտիվացիա՝ շահութաբերության տեսքով: Իսկ այդ դեպքում չի լինի նաև արդյունք:
Սպասենք նոր քայլերի և, այնուամենայնիվ, ակնկալենք հաղթանակներ պատասխան հանդիպումներում:
Չէ՞ որ հույսը վերջինն է մեռնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=323298981168350&id=100004647524817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել