Հուլիսի 3-ին, հերթական անգամ Վանաձորի տարբեր թաղամասեր /Գ.Լուսավորիչ, Տերյան, Տիգրան Մեծ, Բանյո փողոցներ / մի քանի ժամով հոսանքազրկվել էին, ու էլի բնակչությունը նախապես տեղեկացված չէր: Դե հո բոլորը չէ՞ որ պարտադիր Հ2-ի ամենօրյա «լավաշ» ցուցակին հետեւում են, որ իմանան, թե իրենց թաղամասը հոսանքազրկվողների թվին է պատկանում, թե ՝ չէ: Հակված եմ կարծելու, սակայն, որ սա հաստատ «պլանային ու նորոգման» նպատակով շարքից չէր, քանի որ մոտ երկու ժամ անջատելուց հետո հոսանքը միացրին նշված փողոցների շենքերում, հետո էլի անջատեցին, ու էլի միացրին, ու այդպես ՝ մի քանի րոպեն մեկ ՝ պարզապես խաղում էին բնակիչների նյարդերի հետ ու նպաստում էլեկտրական սարքավորումների փչանալուն: Հակված ենք կարծելու, որ մի քանի ժամով հոսանքազրկված խանութներին էլ է նման դեպքերում մեծ վնաս պատճառվում, եւ բնակչության շրջանում, չի բացառվում, հովհարային պարբերական անջատումների հետեւանքով թթված պաղպաղակ ուտելու արդյունքում թունավորումներ լինեն, հետո էլ սկսեն մեղադրել պաղպաղակ արտադրող ընկերություններին: Չի բացառվում, որ նման անջատումներն ուղղված են նաեւ համացանցային ակտիվության դեմ, քանի որ անջատումները, բնականաբար, խափանում են նաեւ ինտերնետ մատակարարող ընկերությունների աշխատանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել