Հայաստանյան լրատվամիջոցներում կաթողիկոսի անվան շուրջ ինչ որ խնդիրների առաջացման գլխավոր պատճառը միշտ չէ որ վեհափառի մեջ է: Ըստ իս այդ ամենի գլխավոր պատճառն այն է, որ վեհափառի կողքին պակասում են նրբանկատ, ողջամիտ ու հեռատես խորհրդական հոգևորականները: Ներկայիս գործող կաթողիկոսից առաջ գահակալած հայրապետների բախտը մի քիչ բերել էր, որ ծանրակշիռ ու հոգևոր փորձառություն ունեցող և հետևաբար համարձակ հոգևորականներ կային իրենց կողքին և կարևոր որոշումները նրանք ստիպված չէին միայնակ կայացնել:
Վեհափառի այս կամ այն քայլի արդարացի քննադատելի լինելու պատճառը Վեհափառի կադրային քաղաքականության մեջ է: Անվիճելի է, որ որևէ հոգևորական պետք է հարգի Վեհափառ Հայրապետին անձնապես, բայց կույր նվիրվածությունն ու հավատարմությունը ոչ միշտ է արդյունավետ լինում, այն կարող է շատ լավ գործել մասնավոր սեկտորում` սեփականատեր-գործակալ հարաբերություններում, սակայն Հայ եկեղեցու առաջնորդի կողքին պետք է լինեն ոչ թե անձամբ իրեն նվիրված անձինք, այլ առավել ևս Հայ եկեղեցուն նվիրվածներ: Ասածս բնավ չի նշանակում, որ Մայր Աթոռում չկան եկեղեցու նվիրյալներ, քավ լիցի, բայց վստահաբար կասեմ, որ նրանք խիստ պակասում են, մանավանդ կարևոր օղակներում:
hetq.am- ում հրատարակված այդ չարաբաստիկ հոդվածի մեկնաբանությունների շարքում հայր Սերովբեի մեկնաբանությունը կա, որի մեկ մասը բառացի ներկայացնեմ.
«Թերեւս կարելի է ընդունել, որ նամակի որոշ հատվածներ այլ կերպ պետք է ձեւակերպվեին, որպեսզի պատճառ չդառնային թյուրիմացությունների: Օրինակի համար՝ ես նամակի ստացողներից մեկն եմ եւ երբեք էլ չեմ մտածել, որ Մայր Աթոռը մեզանից, ինձանից անվանական տվյալներ է պահանջում: Սիրելի հայորդիներ, խնդրում եմ անտեղի մի պախարակեք ձեր, մեր, բոլորիս սուրբ եկեղեցին: Եթե տեսնում եք թերություններ, բնականորեն ձեր իրավունքն է, ինչու ոչ՝ նաեւ պարտականությունն է, քննադատել, պահանջել, ավելի լավն անկնկալել, բայց ոչ թե ցեխ շպրտել, արատավորել»:
Ինչպե˚ս կարելի է չողջունել հայր սուրբի այսպիսի պարզ ու անկեղծ բացատրությունը: Ավելին, վատ չէր լինի եթե այնտեղ թաքնված խաղաղարար միտքը նրբանկատորեն տեղ գտներ վերը նշած հոդվածի առնչությամբ Մայր Աթոռի տված բացատրության մեջ:
Սա, իհարկե, միայն մեկ օրինակ է, երբ Վեհափառի անձի շուրջ ինչ որ սկանդալներ են առաջանում, որոնք կարող էին չառաջանալ եթե իր կողքին լինեին ողջամիտ, փորձառու և համարձակ հոգևորականներ: Խաղաղ մնացեք:
Տեր Մանուկ քահանա Մնացականյան



