Մի քանի օր առաջ անդրադարձել էի այն հարցին, որ բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը միաժամանակ զբաղեցնում է երկու պաշտոն` ՀՀ Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի» ՊՈԱԿ-ի տնօրենն է, ինչպես նաև Հայաստանի Գրողների միության նախագահը: Նաև նշել էի, որ զուտ իրավական առումով այստեղ հակասություն չկա, սակայն էթիկայի ու բարոյականության տեսանկյունից այնքան էլ ընդունելի չէ միաժամանակ զբաղեցնել այդպիսի պատասխանատու և միմյանց փոխկապակցված պաշտոններ: Գրառումը տարածվեց մի քանի կայքերում, արվեցին տարբեր մեկնաբանություններ ու կարծիքներ, սակայն զարմանալիորեն այդ մասին լռեց հենց ինքը` Էդվարդ Միլիտոնյանը: Հավանաբար, պարոն Միլիտոնյանն ինքն էլ է համամիտ իրեն վերաբերող այն հարցադրման հետ, որ նշյալ ՊՈԱԿ-ի անաչառ ղեկավարումն ու զուգահեռաբար ՀԳՄ նախագահ լինելը անհամատեղելի է: Չգիտեմ, թե այս երկու աշխատավայրերից որ մեկում է գլուխ պահում պարոն Միլիտոնյանը, բայց որ դրանցից մեկի հաշվին թերանում է մյուսում, դա արդեն կասկածից վեր է:
Ասվածի վկայություններից է այն, որ մտավորական ծանոթներիցս մի քանիսը ցավով ու ափսոսանքով են հիշում-հիշատակում ՀԳՄ նախկին նախագահ, լուսահոգի Լևոն Անանյանին, ով իրենց խոսքերով ասած` քիթ մաքրելու ժամանակ չուներ և բավականին ակտիվացրել էր գրական կյանքը: Մինչդեռ այսօր, նման ծանրաբեռնվածությամբ պաշտոնյան դժվար թե ի վիճակի լինի այդպիսի ակտիվ գործունեության: Մյուս կողմից էլ, իհարկե, դժվար է հրաժարվել երկու ծառայողական մեքենայից, երկու աշխատավարձից, երկու քարտուղարուհուց և այլն...
Հետաքրքիր է իմանալ. իսկ ի՞նչ են մտածում այս մասին մշակույթի նախարարությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել