Վերջերս ընդհանրապես գրելս չի գալիս: Զզվում եմ ինձնից, որ բլոգիս ժամանակ տրամադրելու համար պիտի academic writing-իս (էս արտահայտության հայերենը չգիտեմ) պես գրաֆիկներ գծեմ, նախշուն գույներով ներկեմ, որոշեմ օրը քսան րոպե գրել ու էլի լիքը նման էշություններ: Ու էդ ամենը պիտի անեմ, որովհետև դասերս կուլ են տալիս ինձ, փչացնում օգոստոսս, ստիպում կենտրոնանալ անկարևոր հարցերի վրա:
Ու երևի հենց դրա համար էր, որ չէի ուզում վերադառնալ Գերմանիա: Վերադարձը ձգելու և անցումը հնարավորինս անցավ դարձնելու համար պիտի էլի ժամանակ անցկացնեի Պրահայում` էնքան, ինչքան կարելի էր դասերից բացակայել: Անգամ չէր կարելի, որովհետև էդ մի օրը հետո քթիցս եկավ: Բայց ոչ մի վայրկյան չեմ փոշմանում, որ Պրահայի օդանավակայանից շնչակտուր ավտոկայան վազելու փոխարեն մի օր մնացի Աննայի մոտ:
Պրահան լավ անցում է, որովհետև արդեն Եվրոպա է, բայց դեռ Բեռլին չէ, որովհետև էնտեղ կա ինձ շատ հարազատ Աննա, բայց միևնույն ժամանակ մարդկանց մեծ մասն օտար է, որովհետև քաղաքն անգիր գիտեմ, բայց տունս չէ, որովհետև լեզուն հասկանում եմ, բայց չեմ խոսում:
Առաջին օրը գնացինք Տրոյա: Պրահայում չկա մի տեղ, որտեղ եղած չլինեմ: Կան տեղեր, որտեղ ավելի վաղուց եմ եղել, հետևաբար չեմ հիշում: Ու կան տեղեր, որտեղ վերջերս եմ եղել:
Հաջորդ օրը գնացի Ազգային թանգարան: Պարզվում էր` տեղափոխվել էր: Էն հին ու սիրուն շենքը, որ տեսնում ես Մուզեում մետրոյից դուրս գալիս, վերանորոգվում էր: Թանգարանը մոտակա շենքում էր, որտեղ մի ժամանակ Ազատություն ռադիոկայանն էր: Հենց էնտեղ էինք տարիներ առաջ ես ու եղբայրս վազվզում ու բուֆետից Ֆիդորկա կոչվող շոկոլադներից գնում: Շենքն անգիր գիտեի: Տարօրինակ զգացողություն էր որպես թանգարան էնտեղ մտնելը:
Խորացել էի թանգարանում ցուցադրված գիտության մեջ: Հանդիպեցի ծանոթ գիտնականների, որոնց մինչ այդ միայն դասագրքերից էի ծանոթ: Էնտեղ էին Պուրկինյեն ու Մենդելը ու էլի շատ-շատերը: Արյան փոխներարկում կատարելիս բոլոր խմբերը ճիշտ ընտրեցի: Տեսա հսկայական բջիջ իր բոլոր օրգանոիդներով ու նկարվեցի միտոքոնդրիումի հետ: Գիտնականի թեստ անցա ու իմացա, որ միշտ էլ միջակություն եմ մնալու, ու դա բնավ չզարմացրեց ինձ, որովհետև գիտեի, որ այդպես է, բայց ոչ ոք չի հավատում ինձ:
Պրահայում էլ սթրիթ արթ կար, Պրահայում էլ նկարազարդված դալաններ կային, որոնք նկարեցի ու զգացի, որ մի տեսակ էն չէին:
Իսկ երեկոյան ավտոբուս նստեցի, վզիս հագցրի ճամփորդական բարձս ու քնեցի, որ արթնանամ մթնշաղին, երբ կհատենք սահմանը, երբ ավտոբուսի ինտերնետը կմիանա, երբ հեռախոսս կազդարարի, որ արդեն Գերմանիայում ենք, երբ ցուցանակները գերմաներեն կդառնան, ու դանդաղ, կամաց-կամաց կընկալեմ, որ վերադառնում եմ իմ դատարկ բնակարանը, որտեղ երեք շաբաթվա ընթացքում լիքը փոշի է կուտակվել, իսկ օճառամանը պարապությունից բորբոսնել է:



