Բա ո՞նց չգրես ոդիսականիդ մասին
Հրավիրում եմ հատկապես լրագրողների և ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների ուշադրությունը...
Հունիսի 27-ին գործով գնացի բանկ և պատահականորեն տեղեկացա, որ ՀՀ ԴԱՀԿ-ը հաշվեհամարիս վրա արգելանք է դրել: Բանկում իրենց ունեցած տեղեկատվությունը տրամադրեցին ինձ, որից այդպես էլ չհասկացա, թե որ մեղքիս համար ԴԱՀԿ-ի աչքի լույսը դարձա: Ես ոչնչի մասին ծանուցում չէի ստացել, որպեսզի կանխեի ԴԱՀԿ-ի օկուպացիոն վարքը:
Մոտ մեկ ժամ շարունակ զանգահարել եմ ԴԱՀԿ՝ տարբեր հեռախոսահամարներով, որոնք տրված են իրենց կայքում: Որոշ տեղեր չէին վերցնում (ընդհանուր բաժին, կադրերի կառավարման բաժին), որոշները վերցրեցին ու կոպտեցին (արխիվ), որոշներն այլ հեռախոսահամար տվեցին ու ասեցին, որ դա իրենց գործը չէ (իրավաբանական բաժին): Էլ չասեմ, որ բազմիցս զանգել եմ ընդհանուր բաժին և կադրերի կառավարման բաժին, ոչ մի պատասխան: Մարդ չի էլ կարողանում վերջիններիս տեղեկացնի, որ իրենց կադրերին լավ չեն կառավարում:
Ի դեպ, որպեսզի կասկածողներ չլինեն, նշեմ մի քանի համար, որոնցով զանգել եմ՝ 060570500, 060570441, 060570420՝ իրենց բազմաթիվ ներքին համարներով հանդերձ, բայց սա ցանկի մի մասն է, մյուս մասն արդեն մոռացել եմ:
Հունիսի 30-ին բացվեց աշխատանքային շաբաթվա լուսապայծառ առավոտը: Մինչ հիմա ընդհատումներով շարունակվում է ոդիսականս ԴԱՀԿ խռովահույզ ջրերում՝ նույն և նոր հեռախոսահամարներով զանգեր, կրկին ոչ մի պատասխան: Զանգեցի տեղեկատու և ԴԱՀԿ-ի մեկ այլ համար վերցրեցի՝ 010342229, այնտեղից մի տիկին տեղեկացրեց, որ պետք է զանգահարեմ վարչական ակտերով հարկադիր կատարման բաժին՝ 060570448, և մի քանի ներքին հեռախոսահամարներ տվեց՝ 195, 191, 157, 156, 155, մի քանի անգամ զանգեցի դրանցով, Պոսեյդոնը կրկին խուլ էր...
Նույն տիկինը ստուգեց համակարգում և տեղեկացրեց, թե ով է իմ որոշման ակտը գրել և տվեց հեռախոսահամար. պատասխան չկա: Հետո տվեց բջջային համարը, բարեբախտաբար, պատասխանեց, բայց ասաց, որ այդ պահին աշխատանքի չէ, հաջորդ օրը զանգեմ: Հաջորդ օրվանից սկսած մինչև հիմա արդեն անջատում է զանգերս: Չեմ էլ հիշում՝ իրավաբանական բաժնից կամ այն տիկինը ասեցին, որ այդ սպասարկողը հիվանդ է, բայց չկարողացան ասել, թե ով է իր փոխարեն զբաղվում այդ հարցով՝ մինչև չսպառնացի, որ ինձ ձեռնահաս մարդու հետ չմիացնելու դեպքում ստիպված եմ լինելու հրապարակայնացնել ԴԱՀԿ անպատասխանատու գործելաոճը: Բաժնի պետի համարը տվեցին (060570448 +190), նա էլ, ընդհանուր քաղաքականությանը հավատարիմ, երբեք չպատասխանեց: Դրանից հետո նույնիսկ 010342229 համարը չի պատասխանել զանգերիս. երևի իմ հեռախոսահամարը սև ցուցակ է ընկել:
Մի խոսքով, գլուխներդ ի՞նչ ցավեցնեմ: Երեկ վերջապես ստացա ԴԱՀԿ ծանուցումը: Պարզվում է՝ եղբորս մեքենայի վրա, որն իմ անունով է գրանցված, մեկ տարի առաջ տեսախցիկի տուգանք է գրանցվել, որն այն ժամանակ էլ վճարել ենք: Դրանից հետո ինձ ոչ մի ծանուցում չի եկել տուգանքի բազմապատկման կամ դատարանի որոշման մասին, և թաքուն-թաքուն այդ գործը մի քանի փուլ է անցել ու հասել ԴԱՀԿ-ին: Հիմա ես ձեռքիս տակ ունեմ տուգանքի վճարման անդորրագիրը, բայց ոչ ոք ԴԱՀԿ-ում չի պատասխանում զանգերիս, որպեսզի բացատրեն, թե ինչ է կատարվում, ինչու վճարված տուգանքի համար արգելանք են դնում, ինչու ծանուցումներ չեմ ստացել, ինչու զանգերիս համատարած կերպով չեն պատասխանում շուրջ մեկ շաբաթ շարունակ:
Հիմա ես չեմ, դուք եք, ասեք, թե խնդիրը հրապարակայնացնելուց բացի, էլ ինչ տարբերակ ունեմ ԴԱՀԿ-ի հետ կապվելու, այն լուծելու և ԴԱՀԿ կադրերի բաժնին տեղեկացնելու, որ լավ չեն կառավարում իրենց կադրերը, եթե, իհարկե, ընդհանրապես կադրեր կան ու հեռախոսներն անտեր չեն այնտեղ: