Աստվածն առաջին մարդուն իշխան կարգեց, բայց արգելեց օգտվել դրախտում աճող ծառից: Այդպիսով՝ Աստծու կողմից սահմանվեց առաջին օրենքը, իսկ մարդը խախտեց այն: Երկար ժամանակ Երկնային կանոնները դրվել են հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքների հիմքում: Այդպիսով՝ փորձել են երկրային օրենքները համապատասխանեցնել Երկնային հիմնարար օրենքներին: Նոր ժամանակներում Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո հիմնարար օրենքը կոչվեց Սահմանադրություն: Հայաստանը 19 տարեկան Սահմանադրություն ունի, սակայն 19 տարի անց այդպես էլ չի հաջողվել Օրենքը բարձրացնել ամեն ինչից վեր: Այսօր քաղաքացիների և հաստատությունների միջև ծագող վեճերի և խնդիրների մի զգալի մասը կարգավորվում են օրենքները շրջանցելով՝ կաշառքով, ավանդույթներով, ադաթներով, հանցագործ հեղինակությունների միջամտությամբ, բայց ոչ օրենքով: Սահմանդրությունը կարծես հերոսի արձանի լինի, որի կողքով անցնելիս մի պահ հպարտություն են ունենում, որ իրենք էլ դրանից ունեն: Տարածված կարծիք կա, թե Օրենքը մարդու համար է: Եվ ուրեմն, եթե մարդու համար է, ապա կարելի է հարմարացնել մարդու պահանջներին, ցանկություններին ու հետաքրքրություններին և ըստ հարկի շրջանցել, արհամարհել ու տրորել: Իսկ ի՞նչ կլինի, եթե Օրենքը բարձրացնենք ամեն ինչից վեր, նույնիսկ մարդուց և ամրագրենք, որ մարդն է Օրենքի համար: Գուցե այդ ժամանակ հնարավոր լինի իրապես հաստատել Օրենքի իշխանություն: Ինչևէ, փաստն այն է, որ ներկայում Սահմանադրությունն ընկալվում է որպես հոդվածների անկապ հավաքածու, որը երբեմն կիրառում են փաստաբանները` իրենց հայցերը լրացուցիչ հիմնավորելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/654218804666450?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել