Ուկրաինայում իրական, իսկական, անգութ պատերազմ է սկսվել: Ոչ թե Ղրիմից, ոչ Օդեսայից, ոչ էլ Սլովյանսկի հրաձգություններից, այլ հենց հիմա է սկսվել, այս օրերին, երբ Լուգանսկի ստանիցաները այրվում են ուկրաինական ռմբակոծիչների հարվածից հետո: Որովհետեւ իսկական պատերազմը ոչ թե զինվորների կրակոցներն են ու մարտական գործողություններում զոհվածների շքեղ թաղումները քաղաքների հրապարակներում: Իրական պատերազմը քաղաքացիական բնակչության, կանանց ու ծերունիների դիակներն են փոշոտ ճամփեզրին, այրված տների ու մարմինների անտանելի քաղցր հոտը եւ այրվող շիֆերային առաստաղների սարսափելի կրակոցները: Ես լսել էի այդ կրակոցներն ու հոտ եմ առել այդ գարշանքից նախկին Ղուբաթլու ու Ջաբրայիլի շրջանի լքված գյուղերում, ուր մտնում էի տեսախցիկով՝ մեր զինվորների հետ՝ սովորելով տարբերել պայթող շիֆերի ձայնը ավտոմատային կրակահերթից, որին սպասում էինք ամեն րոպե, ամեն անկյունից: Զգո՞ւմ էինք մենք, արդյոք, ցավ ու ափսոսանք այդ գյուղերի ու դրանց հեռացած ազերի բնակիչների համար: Մեզ խանգարում էր կարեկցել նրանց այրված Մարաղան ու ռմբակոծված Ստեփանակերտը, ոչնչացված Շուշին ու չհանձնվող Քարինտակը: Ու մենք արդար եւ իրավացի էինք մեզ զգում, քանզի մենք չէ, որ սկսել էինք այդ պատերազմը, մենք չէինք ուզում այդ դժոխքը եւ մենք գիտեինք` թշնամին հնձում է այն, ինչ ցանել էր: Մենք պաշտպանում ենք մեր հայրենիքն ու ազատագրում ենք այն: Եթե պետք է արյուն եւ կրակ, ուրեմն նաեւ արյամբ ու կրակով:
Այդպես որ, ուկրաինական այրված ստանիցաները իմ մեջ արթնացնում են գթասրտություն, բայց ոչ ցասում, ափսոսանք, բայց ոչ վրդովմունք: Ուկրաինացիները պաշտպանում են իրենց հայրենիքը զավթիչներից, ու եթե այսօր չկանգնեցնել հրդեհը Ուկրաինայի դեմ դավադրող Լուգանսկում ու Դոնեցկում, վաղը կպայթի Կիեւն ու Լվովը: Անտառային հրդեհը կանգնեցնում են նաեւ հակառակ ու հակադիր կրակ վառելով: Կեցցե ազատ Ուկրաինան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=785221991511357&set=np.31286324.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել