Երեկ հայկական ֆեյսբուքը ալեկոծվեց իրեն լուրջ լրատվական համարող հերթական կայքի հերթական հրապարակումից: Խոսքս Armlur.am կայքում «Հայուհու մերկ լոգանքն Իսակովի պողոտայում (ֆոտո, վիդեո)» վերնագրով հրապարակման մասին էր, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես է կիսամերկ մի կին ոռոգման ջրով լվանում իր մարմինը: Հրապարակման մեջ ասվում էր. «Շոգին դիմակայելու աննախադեպ տարբերակ է գտել երևանցի թափառաշրջիկը: Այսօր կեսօրին այդպես էլ չներկայացած, բայց մայթեզրի ծաղիկների համար նախատեսված ոռոգման ջրով տարված կինն այնքան չէր դիմանում շոգին, որ առատ ջուր էր շփում կիսամերկ մարմնին ու անդադար կրկնում. «Շո՜գ ա, շո՜գ ա»:
Նյութին կից հրապարակվել էր 5 լուսանկար և 1 տեսանյութ: Վերջինս էլ ժամեր անց Յութուբը հեռացրեց՝ որակվելով որպես «Nudity or sexual content»: Այդ ընթացքում արդեն «Հանուն բարեխղիճ լրագրության» ֆեյսբուքյան էջում մասնագիտական թեժ քննարկման առիթ էր դարձել։ Շատ լրագրողներ մերկ կնոջ լուսանկարը տեղադրելն էթիկայի խախտում, իսկ լրատվամիջոցի այս քայլն անընդունելի էին համարել: Այսպես, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի խոսքով` նման նյութ հրապարակելը լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է:
«Լրատվամիջոցները հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին որեւէ նյութ պատրաստելիս պետք է շատ զգույշ լինեն: Նրանց անօգնական վիճակը շահագործելը էթիկայի տեսակետից անընդունելի եւ դատապարտելի է»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես դատապարտում է նման նյութի հրապարակումը: «Այս նյութը բարուց եւ չարից անդին է։ Նույնիսկ դժվար է խոսել այն մասին, որ անմեղսունակ մարդկանց առանց թույլտվության չի կարելի նկարահանել, որ մերկ կնոջ նկարը տեղադրելը նույնպես սխալ է։ Հարցն այն է, որ նման նյութերը յուրահատուկ մթնոլորտ են ձեւավորում, որը քյարթուների լեզվով ասած` ցնորվածների վրա կայֆավատ լինելը դարձնում է կյանքի նորմ»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։ Սակայն այս ամենին կարծես ի հակակշիռ Media.am-ին տված մեկնաբանությունում «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանն ասում էր, որ Armlur.am-ն ընդամենը ներկայացրել է իրականությունը: «Եթե այդ մարդը հոգեկան հիվանդ է, դա մեր պրոբլեմը չէ, առողջապահության նախարարությունը պիտի մտածի, որ հոգեկան հիվանդները փողոցում չհայտնվեն, որովհետեւ սա առաջին դեպքը չէ: Այդ մարդը այսօր մերկացել է, բայց դեպքեր եղան, որ հոգեկան հիվանդները մարդկանց դանակահարեցին, այսինքն` միեւնույնն է, զոհը հասարակությունն է, եւ եթե այդ մարդը հոգեկան հիվանդ է ու դրսում է, դրա մեղավորը հաստատ Armlur.am-ը չէ»,- ասում է նա:
Ինչևէ, երկարատև քննարկումներից հետո վերջապես արդեն երեկոյան մոտ 21:00-ին նյութը հեռացվեց կայքից: Կարելի է մի պահ մոռանալ լրագրողական համերաշխության մասին ու արդեն ըստ արժանվույն խոսել այս լրատվամիջոցի մասին՝ սկսելով թեկուզև այն փաստից, որ վերջինս օրեր առաջ դատարանում պարտվեց ԱԺ պատգամավորի՝ վերջինիս անձը արժանապատվությունն ու համբավը ստորացնող նյութ հրապարակելու հետ կապված քաղաքացիական դատավարության ժամանակ և պարտավորեցվեց հերքում տալ և ներողություն խնդրել: Սակայն ամեն դեպքում հենց նույն համերաշխության սկզբունքից ելնելով՝ միայն կհիշեցնեինք կայքի պատասխանատու պարոն Դավիթ Վանեսյանին հետևյալի մասին. հարգելի պարոն, ձեր իսկ բառապաշարով արտահայտվելով` ֆեսյբուքյան վայնասուն բարձրացնող չարակամների ու պարապ-սարապ կոմենտ գրողների շնորհիվ է, որ դուք, տիկին Թովմասյանը և ձեր ողջ խմբագրակազմը կարողանում է ապրել, ունենալ հաց ու ժամանց, քանի որ հենց նրանք են ապահովում ձեր կայքի դիտումները: Հետևաբար հենց շուկայական ու բիզնես օրենքներով չի կարելի նման կոպտությամբ վիրավորել ձեր իսկ սպառողին, քանզի ամերիկյան ասացվածքի համեմատ` նրանք կարող են իրենց դրամը, տվյալ դեպքում լայքն ու դիտումը, ուզենան ծախսել այլ վայրում` իմացի այլ կայքում: Իսկ պարզից էլ պարզ է` չկա դիտում, չկա գովազդ, չկա գովազդ՝ կայքը փակվում է ու իրական դիտումների բացակայությունը անկարելի է կոմպենսացվել կեղծ դիտումներով ու կեղծ լայքերով: Այնպես որ, խոսելուց առաջ կարելի է մտածել ու ծանրութեթև անել ասված խոսքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/710082829057763?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել