Արդեն չորրորդ անգամ է, ինչ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դրվում է աճուրդի: Կոլեկտիվը, անշուշտ, վիճարկում է աճուրդի օրինականությունը, բողոքարկում ԴԱՀԿ որոշումները դատական կարգով, հանդես գալիս հրապարակումներով՝ ընդդեմ սահմանված ընթացակարգի:
Հանձն չառնելով տալու տեղի ունեցողի որևէ իրավական գնահատական, պետք է, անշուշտ, անդրադառնալ գործընթացի նախապատմությանը: Այո, պարզվում է՝ համալիրն աճուրդի է հանվում սեփականատերերի կողմից պետությունից վերցրած վարկի ոչ պատշաճ մարման պատճառով: Սակայն այս պարագայում կարևորը նույնիսկ դա էլ չէ:
Ակնհայտ է, որ այս ամենը որևէ պարագայում տեղի չէր էլ ունենա, եթե 2006թ. ՀՀ Կառավարությունը միայն իրեն հայտնի նկատառումներով չորոշեր վաճառել պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող, համաժողովրդական հանգանակությամբ կառուցված մարզահամերգային համալիրը:
Դա տեղի չէր ունենա նաև այն պարագայում, եթե որոշում կայացնողներն առաջնորդվեին ոչ թե կուրորեն «բյուջե լցնելու» և եղած-չեղածը վաճառելու մղումով, այլ գիտակցեին, որ նման մեծամասշտաբ և հոյակերտ կառույցների շահագործումն ու պահպանումը որևէ մասնավոր սուբյեկտի ուժերից վեր է: Դա պետք է լինի պետության կամ համայնքի բացառիկ գործառույթը:
Ու քանի դեռ այսպես ենք վերաբերվելու մեր ժառանգությանը՝ ավելի մեծ մշակութային (և ոչ միայն մշակութային) նվաճումների ակնկալիքներ չպետք է ունենանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=322696474561934&id=100004647524817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել