Բարի ստատուսների շարքից
Մի բան է կորել Հայաստանում։ Կարող է և շատ բան է կորել, բայց այն, ինչի մասին ուզում եմ խոսել, հաստատ կորցրել եմ ու ոչ մի կերպ չեմ գտնում։ Իմ երկիրը կորցրել է «չի կարելի» հասկացությունը։ Երբ մենք երեխա էինք, մեզ ամենուրեք` ընտանիքում, դպրոցում, հայաթում (ի դեպ, հայաթում, ոչ թե բակում) սովորեցնում էին, որ մարդկանց վիրավորել և արհամարհել Չի կարելի։ Գողանալ Չի կարելի` լինի դա հարևանի ծիրանն ու շլորը, թե պետության հոսանքը։ Կնոջ վրա ձեռք բարձրացնել Չի կարելի։ Ընկերոջը (հարազատին, պետությանը, ընտրազանգվածին) դավաճանել Չի կարելի։ Կնոջ ու երեխայի մոտ հայհոյել Չի կարելի (առավել ևս խորհրդարանում տեսախցիկների առջև)։ Աղբը փողոցում թափել, արևածաղիկը փողոցում չրթել և փողոցում թքել Չի կարելի։ Դա անասնական բնազդ է։ Փողի համար բոլոր սրբություններից հրաժարվել Չի կարելի։ Չի կարելի մարդկանց էշի տեղ դնել (առավել ևս անվերջ)։ Շարքն անվերջ կարող եմ շարունակել։ Բայց ցավն այն է, որ Չի կարելիի հետ միասին մենք մի քանի նման արտահայտություն էլ ենք կորցրել։ Օրինակ՝ «Բարի լույս» կամ «Բարև» (թեև ասում են, որ Բարևն Աստծունն է), «Շնորհակալություն», «Խնդրեմ», «Ներեցեք», «Կարելի է», «Թուլ կտաք», «Եթե դեմ չեք», «Խնդրում եմ» և նմանատիպ այլ խոսքեր։ Հավատացեք, որ հենց այս խոսքերի պակասն է բերում, արդեն դասական դարձած ԳԱՂՋ մթնոլորտին։ Բայց հավատացեք, եթե մեր իշխանավորները սկսեն օգտագործել այս բառերը և միաժամանակ չմոռանան, որ գոյություն ունի նաև «ՉԻ ԿԱՐԵԼԻ» արտահայտությունը ԳԱՂՋ մթնոլորտը կցրվի` անգամ եթե սոցիալական վիճակը միանգամից չլավանա։ Իմիջիայլոց, հենց իշխանավորները սա հասկանան, մնացած բոլորը` լրագրողները, տաքսու վարորդները, տարատեսակ տեսուչները, երիտասարդները և ի վերջո ողջ հասարակությունը, շատ արագ այս ամենը կհասկանան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել