«Ժողովուրդ»-ը հեռացրեց փողոցում մերկացած կնոջ մասին նյութը, սակայն համաձայն չէ, որ էթիկայի խախտում է թույլ տվելMedia.am-ը գրում է.

«Ժողովուրդ» թերթը որոշեց հեռացնել իր Armlur.am կայքում հրապարակված «Հայուհու մերկ լոգանքը Իսակովի պողոտայում» վերնագրով նյութը։

Հոդվածին ուղեկցող լուսանկարներում եւ տեսանյութում պատկերված էր փողոցում կանգնած` մինչեւ գոտկատեղը մերկ մի կին:

Նյութում նշվում էր, որ երեւանցի «թափառաշրջիկ» այդ կինը Իսակովի պողոտայում «լոգանք» էր ընդունում ոռոգման ջրով:

Նյութը «Հանուն բարեխղիճ լրագրության» ֆեյսբուքյան էջում մասնագիտական թեժ քննարկման առիթ էր դարձել։ Շատ լրագրողներ մերկ կնոջ լուսանկարը տեղադրելն էթիկայի խախտում, իսկ լրատվամիջոցի այս քայլն անընդունելի էին համարել:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»-ը հայտարարություն էր տարածել, որով «Ժողովուրդ» թերթից պահանջում էր անհապաղ հեռացնել նյութը կայքից:

«Ձեր կայքի վարքագիծն անընդունելի է, քանի որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է արձանագրվել, եւ անպարկեշտ ձեւով ստորացվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող ՀՀ քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը: Բացի այդ` լրագրողական պրոֆեսիոնալիզմին հարիր չէ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց ծաղրի ենթարկելը եւ դրանով սենսացիա ստեղծելը»,- ասվում էր հայտարարության մեջ:

«Տեսանյութում երեւում է, որ մարդն ակնհայտորեն առողջական խնդիր ունի: Այս նյութը հրապարակելը մարդու արժանապատվությունը նսեմացնող արարք է, որը պատժվում է քրեական օրենսգրքով, հատկապես եթե մասայական է արվում` լրատվամիջոցներով: Պարզապես ամենացավալին այն է, որ լրատվամիջոցը չի գիտակցում, որ ծաղրի է ենթարկել մարդու, ով հոգեկան առողջության խնդիր ունի եւ թույլ է տվել խախտում թե’ լրագրողական էթիկայի,  թե’ մարդու իրավունքների տեսանկյունից»,- ասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը:

Բաթոյանի խոսքով` լրատվամիջոցները պետք է հատկապես զգույշ լինեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին որեւէ նյութ հրապարակելիս, քանի որ նրանք կրկնակի խոցելի են հաշմանդամություն ունեցող մարդկանց խմբում:

Զարուհի Բաթոյանը գտնում է, որ նման նյութ հրապարակելն այցելուների ավելի մեծ քանակ ապահովելու նպատակ է ունեցել:

«Աստղերի մերկ լուսանկարներն ու վիդեոները հրապարակելը վերջացրինք, հիմա անցանք հոգեկան առողջության խնդիրներ եւ խնամքի կարիք ունեցող մարդկանց ծաղրի՞ն: Չեն մտածու՞մ, որ այդ կինը գուցե երեխաներ, հարազատներ, ընտանիքի անդամներ ունի, ինչպե՞ս կարելի է նման բան անել»,- ասում է Զարուհի Բաթոյանը:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի խոսքով` նման նյութ հրապարակելը լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է:

«Լրատվամիջոցները հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին որեւէ նյութ պատրաստելիս պետք է շատ զգույշ լինեն: Նրանց անօգնական վիճակը շահագործելը էթիկայի տեսակետից անընդունելի եւ դատապարտելի է»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես դատապարտում է նման նյութի հրապարակումը:

«Այս նյութը բարուց եւ չարից անդին է։ Նույնիսկ դժվար է խոսել այն մասին, որ անմեսունակ մարդկանց առանց թույլտվության չի կարելի նկարահանել, որ մերկ կնոջ նկարը տեղադրելը նույնպես սխալ է։ Հարցն այն է, որ նման նյութերը յուրահատուկ մթնոլորտ են ձեւավորում,  որը քյարթուների լեզվով ասած` ցնորվածների վրա կայֆավատ լինելը դարձնում է կյանքի նորմ»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Մինչեւ նյութը կայքից հեռացնելը, Media.am-ին տված մեկնաբանությունում «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանն ասում էր, որ Armlur.am-ն ընդամենը ներկայացրել է իրականությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել