Սահմանում նորից անհանգիստ է: Եվ դա՝ մեղմ ասած:
Երեկ թշնամին վերստին դիվերսիոն գործողության փորձ է կատարել Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանագոտու Տավուշի մարզի Այգեձոր հերոս-բնակավայրին մերձակա մեր մարտական դիրքերի ուղղությամբ: Ըստ որում՝ այս անգամ ասկյարները օրը ցերեկով են դիվերսիոն գործողության դիմել: 

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի տարածած տեղեկատվության համաձայն՝ հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձը ձեռնարկվել է հուլիսի 1-ին՝ ժամը 15-ի սահմաններում: Թշնամին մասնավորապես փորձել է շրջապատման մեջ առնել մեր զինված ուժերի դիրքերից մեկը: 
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հայաստանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է: Մեր կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:
Երեկվա այդ ելուզակությունը կամ դրա փորձը, որին հերթական անգամ դիմել է ադրբեջանական կողմը, լրացնում է վերջին օրերի ընդհանուր պատկերը: 
Թշնամին հետեւողականորեն լարում է իրավիճակը, հիմա էլ վերստին հյուսիսարեւելյան սահմանագոտու գրեթե ողջ երկայնքով: Դա դրսեւորվում է հակառակորդի կողմից մեր սահմանամերձ մի շարք բնակավայրեր խոշոր տրամաչափի գնդացիրներից պարբերաբար գնդակոծելով:
Ըստ որում՝ թշնամին գնդակոծում է ինչպես տները, այնպես էլ կրթական, վարչական շենքերը, ենթակառույցները (գազատար խողովակները, օրինակ): Թիրախային գնդակոծության տակ են հայտնվում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչները: Մասնավորապես, ինչպես հայտնի է, նախօրեին Պառավաքար գյուղում այգում աշխատելիս վիրավորվել է 12-ամյա Արմեն Բրուտյանը: Վնասվել է դեռահասի ձեռքը եւ ոտքը, ըստ նրան վիրահատած բժշկի, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: 
Թե այս անգամ ո՞րն է հակառակորդի հրահրած ապակայունացման շարժառիթը, կարելի է կռահումներ անել: Բայց դա թողնենք քաղաքագետներին ու վերլուծաբաններին: Մանավանդ հայտնի է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում միջնորդների քիչ թե շատ ցանկացած ակտիվացում, ըստ էության, Ադրբեջանի կողմից այսօրինակ արկածախնդրական ու նախահարձակ գործողություններ ձեռնարկելու կատալիզատորի դեր է կատարում: 
Հընթացս հավելենք, որ ադրբեջանական կողմը ամեն անգամ փորձում է էլ ավելի լկտի դրսեւորումներ ունենալ, սակայն հաճախ, համարժեք ու նաեւ արդարացված՝ ավելի ուժգին հակահարված ստանալով, առժամանակ խաղաղվում է, մինչեւ հաջորդ սադրանքը: Եվ այդ ամենը տեղի է ունենում այսպես կոչված «միջազգային հանրության», նույն այդ «թվիթերասեր» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, նաեւ դիտորդական առաքելություն իրականացնողների երկդիմի ու լղոզված դիրքավորման պատճառով նաեւ: 
Նրանք ամեն նման ելուզակությունից հետո այնպիսի ձեւակերպումներ են տալիս կատարվածին, որ կարելի է կարծել, թե «երկու կողմերը» հավասարապես են ապակայունացնող գործողություններ կատարում: Ասենք, մեզ դրանով չես զարմացնի: 
Միաժամանակ, տարօրինակ է, որ ՀԱՊԿ-ի կողմից էլ ձայն չի լսվում, այնինչ կարծես ոչ թե ինչ-որ տեղ եղած վերացական ինչ-որ սպառնալիքի մասին է խոսքը, այլ այդ կազմակերպության լիիրավ անդամ Հայաստանի խաղաղ բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին թիրախային կրակի տակ վերցնելու: 
Այստեղ թերեւս անելիք ունի մեր երկրի արտաքին-քաղաքական գերատեսչությունը, որ, կարծում ենք, շատ ավելի կոշտ դիրքորոշում պիտի արտահայտի: 
Մյուս կողմից, ակնհայտ է, որ հանդուրժել այդ պարբերական ելուզակությունները այլեւս չի կարելի. հարցը պետք է լուծել բոլոր հնարավոր եղանակներով: Զուտ ռազմական առումով հարցի լուծման ակնհայտ տարբերակներից մեկը հակառակորդի կրակակետերը մեր բնակավայրերի համար համեմատաբար անվնաս հեռավորության վրա «տեղափոխելն» է, թշնամու նկատմամբ, որքան կարելի է՝ գերիշխող դիրքեր ստանալով: Մեր բանակը, քավ լիցի, ունի ե՛ւ բավարար ներուժ, ե՛ւ մարտունակություն ու արհեստավարժություն, հստակ գիտի իր գործը, եւ, կարծում ենք, պրոֆեսիոնալները գիտեն իրենց անելիքն ու կանեն: 
Այստեղ մեկ այլ երեւույթ է աչք ծակում: Տեսեք, երբ Թուրքիայի թողտվությամբ ծայրահեղականները Սիրիայում հարձակվեցին Քեսաբի վրա, համացանցի «հայկական» տիրույթը ողողվեց «Սեյվ Քեսաբ» («փրկենք Քեսաբը») կարգախոսներով, կոչերով, նկարներով: Մի խոսքով, գոնե այդ կերպ նկատելի էր համատարած մտահոգություն: 
Տարօրինակ է, բայց փաստ. քանի օր է արդեն, ինչ հերթական անգամ գնդակոծության տակ են հայտնվել մեր սահմանամերձ բնակավայրերը՝ Պառավաքար, Այգեպար, Մովսես եւ մյուս գյուղերը, բայց նույն սոցցանցերում ու նաեւ վիրտուալից դուրս՝ իրական կյանքում, հասարակության մեջ առանձնակի անհանգստություն չի նկատվում: Խոսքը խուճապի, վախի կամ նման անկումնային դրսեւորումների մասին չէ, այլ մարդկային բնական անհանգստության, մտահոգության ու սրտացավության, որ իր հայրենակիցը հիմա, այս պահին, ստիպված է լույսերն անջատած կամ քողարված նստել իր տան համեմատաբար անխոցելի հատվածում ու հաշվել տան պատերին դիպչող թշնամական մահաբեր գնդակները: 
Ավելին՝ հայ մարդիկ կան նույն սոցցանցերում, որ, ասենք, Լուգանսկում կամ Սլավյանսկում ամեն մի կրակոցի առիթով բորբոքված մեկնաբանություններ են անում, բայց ահա՝ գնդակոծվում են մեր գյուղերը ու... մեծ մասամբ լռություն: Այնինչ այս ամենը տեղի է ունենում ոչ թե Սիրիայում կամ ինչ-որ տեղ՝ Ուկրաինայում, այլ բառացիորեն 2-3 հարյուր կիլոմետրի վրա, մե՛ր իսկ սահմանին: Սա՞ ոնց հասկանալ: Եթե առհասարակ հնարավոր է դա հասկանալ: 
 Ընդհանրապես այն ամենի մեջ, ինչ վերաբերում է մեր սահմանապահ գյուղերին, անհասկանալի այնքան բան կա: Օրինակ, ես, որպես Հայաստանի քաղաքացի, հրաժարվում եմ հասկանալ, թե սահմանամերձ, թշնամու կրակի տակ աննկուն ու հերոսաբար կանգնած գյուղում ապրողի, ըստ էության, սահմանը պահողի համար ինչո՞ւ չպիտի հոսանքն ու գազը բացարձակապես անվճար լինեն: Դա, ի՞նչ է, մե՞ծ բեռ է երկրի համար: Որքա՞ն մեծ: 
Ես նմանապես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե նման պայմաններում սահմանն ու սեփական երկրի իրենց անկյունը պահող-պահպանող այդ գյուղերում ինչո՞ւ պիտի հարկերն ու վարկային տոկոսները նույնը լինեն, ինչ, ասենք, Երեւանում: 
Հասկանալի է, որ, օրինակ, Տավուշի մարզի մեր սահմանապահ քաղաքացիները, Չինարիում թե Այգեպարում, Մովսեսում թե Պառավաքարում հարգանքի են արժանի ու հպարտանալ կարելի է նրանցով: Բայց հպարտանալը՝ հպարտանալ, սակայն սահմանապահ գյուղերում պիտի գործով զգան՝ ամբողջ հայությունն է իրենց թեւութիկունք կանգնած: 
Այնպես չէ, իհարկե, թե առհասարակ ոչինչ չի արվում: Իհարկե, արվում է, բայց սա այն դեպքն է, որ պետք է եղածից բազմապատիկ ավելին արվի, որպեսզի իրապես զգացվի այդ թեւութիկունքը:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել