Հունիսի 17-ին «Հարսնաքարը» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վայրագությունը ցնցեց բոլորիս: Ճիշտ է , այս դեպքից առաջ էլ եղել էին մահվան ելքով դաժան հաշվեհարդարներ, բայց այս դեպքը ստացավ մասսայական հնչեղություն: Երևի ծանր հոգսերի տակ կռացած ժողովրդի համբերության բաժակը լցվել էր և Վահե Ավետյանի մահը ցավ պատճառեց բոլորիս և ստիպեց ` մեր վաղվա օրվա համար դուրս գալ փողոց ու պայքարել օլիգարխիայի և ամենաթողության դեմ: Բթացած ուղեղներով և հաստավիզ թիկնապահ կոչվածների պատճառով, ցավոք կյանքից հեռացավ երիտասարդ մի տղա, ընտանիքի հայր, լավ ամուսին ու զինվորական բժիշկ ` ով դեռ մեծ ներդրում էր ունենալու Հայկական Բանակի հետագա զարգացման գործում և հայրական խորհուրդներով դաստեարակելու էր իր երկու երեխաներին: Ճիշտն ասած նման դեպքերում մեղավորը ոչ այնքան թիկնապահներն են , այլ այն մարդիկ , ովքեր թիկունք են կանգնած իրենց անվտանգությունը ապահովող տղաներին և նրանց օժտել են անսահման լիազորություններով ու դրդել ամենաթողության: Հուսանք , որ գոնե այս անգամ կլինի արդար դատավարություն և բոլոր մեղավորները կստանան իրենց արժանի պատիժները(չնայած կասկածում եմ, քանի որ 40 օրվա ընթացքում ոչ մի կարևոր բացահայտում դեռ չի եղել): Մի քանի օր առաջ հեռուստաալիքներից մեկով պատահաբար դիտեցի գովազդային հոլովակներ և զայրացա , երբ սկսեցին գովազդել Սևանի <Հարսնաքար> հանգստյան գոտին: Միթե՞ մենք այդքան կորցրել ենք մեր արժանապատվությունը, որ պետք է հետևենք այդ գովազդին ու մեր հանգիստը կազմակերպենք հանցավոր շրջապատին պատկանող համալիրում, միթե՞ այդ հեռուստաընկերության ղեկավարությունը հանուն գումարի այդքան ստորացել է, որ իր ալիքով սկսել է գովազդել մարդկային կյանք խլած աշխատակիցներով համալրված հանգստի գոտին: Ինչու՞ ենք այսքան նվաստանում իշխանություն ունեցողների և նրանց փողերի առաջ, ինչու՞ ենք կորցրել սթափ մտածելու մեր կարողությունը և ուրիշների վիշտը անտեսելով` նորից գումար ենք աշխատում: Եթե Վահեի փոխարեն մահացած լիներ այդ հեռուստաընկերության ղեկավարներից որևէ մեկի տղան կամ հարազատը, նրանք նորից կգովազդեին՞ այդ համալիրը, նորից կցածրանային՞ ստորության աստիճան և նույն մարդուն պատկանող համանուն հանգստի գոտում կվայելեին՞ իրենց ամառային հանգիստը: Գուցե՞ հենց այդպես էլ կանեին, քանի որ նրանք այսօր արհամարհում են արդարություն պահանջող հարյուրավոր մարդկանց և ծաղրում նրանց ` իրենց եթերից գովազդելով ժողովրդի կողմից <հանցաքար>, <սպանդանոց> որակված ռեստորանային-հանգստյան համալիրը: Որքան ես տեղյկ եմ, եթե որևէ վայրում, տանը կամ օբիեկտում կատարվում է հանցագործություն և սպանություն, այդ վայրը ժամանակավորապես փակվում է և դադարեցվում դրա գործունեությունը: Ինչու՞ գոնե մեկ օրով չփակվեց <Հարսնաքարը>, ինչու՞ հենց այդ օրը հանկարծակի <անսարք> վիճակում հայտնվեցին տարածքը տեսանկարահանող տեսախցիկները , ինչու ՞ անհայտացան այդ օրվա տեսագրությունները, ինչու՞ 15-20 հոգու փոխարեն ձերբակալվեցին 6 հոգի, ինչու՞ մինչ այսօր որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս հետաքննող մարմինը: Մի կողմից էլ այդ համալիրը գովազդելը նշանակում է , որ նրանց գրծերը այնքան էլ լավ չեն, հաճախորդներ չունեն և արժանապատվություն ունեցող մարդիկ իսկապես հրաժարվել են զվարճանալ <ապահով> ձեռքերում գտնվող <Հարսնաքարում> : Միթե՞ < սրտաճմլիկ խոստովանական > հայտարարությամբ հանդես եկող մարդը , ով այդ խոսքերից հետո իր ձեռքերով անձամբ հարվածեց ու ժողովրդի ներկայությամբ գետնին տապալեց երիտասարդ իրավապաշտպանին` մի փոքր արժանապատվություն չունի , որ ի լուր աշխարհի գովազդում է իր <ընտանիքին> պատկանող սեփականությունը: Մենք այսպես , թե այնպես ապրում ենք այս երկրում և պետք է ամեն կերպ պաշտպանենք մեր իրավունքներն ու անվտանգությունը` պայքարելով փողատեր ու անսանձ օլիգարխ պատգամավորների ու <մեր դեմ խաղ չկա> պաշտոնյաների դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել