Հետևելով ծանոթներիս հորդորին՝ որոշեցի ետ չմնալ կյանքից ու դիտել «Գահերի խաղը» (Game of Thrones) հանրահայտ սերիալը: Առաջին եթերաշրջանը նայեցի կլանված ու մեծ հետաքրքրությամբ, երկրորդը սկսեց ձանձրացնել, երրորդից հիասթափվեցի, իսկ չորրորդը նայեցի, որպեսզի մինչև վերջ հասկանալի լինի ֆիլմի էությունը: Հանուն արդարության պետք է ասել, որ ֆիլմը նկարահանված է մեծ վարպետությամբ ու ճաշակով, և պատահական չէ, որ ամբողջ աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդիկ դարձել են դրա երկրպագուն: Մի կողմ դնելով ստեղծագործական որակները՝ փորձենք հասկանալ, թե, այնուամենայնիվ, ինչ է քարոզում, կամ, ինչպես ասում էին խորհրդային ժամանակներում, ո՞րն է ֆիլմի գաղափարական բովանդակությունը:
* * *
Սերիալը դիտելուց հասկանալի դարձավ, որ ֆիլմի քարոզչական գլխավոր առանցքը ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ է: Ֆիլմի հերոսների համար չկան սկզբունքներ. տասնյակ սերիաների ընթացքում տերերը դավաճանում են ծառաներին, ծառաները՝ տերերին, դաշնակցային դարավոր կապեր ունեցող իշխանական տները՝ միմյանց, կանայք՝ ամուսիններին, երեխաները ծնողներին ու հակառակը, քույրերը՝ եղբայրներին, և այդպես անվերջ: Դե իսկ երդմնազանցության, ուխտադրժության մասին խոսելն իսկ ավելորդ է. դա ֆիլմի բնականոն ընթացքն է:
Ոմանք կասեն՝ դե այդպես է գահի համար պայքարը, այդպես է եղել բոլոր պետություններում ու բոլոր ժամանակներում: Միգուցե նրանք իրավացի են, սակայն միլիոնավոր մարդկանց սրտերը գրաված այս ֆիլմն ավելի շատ մարդկանց համար բացասական օրինակ է դառնում, քան իշխանական պայքարի ինտրիգների պատմությունը ուսումնասիրելու առարկա: Եթե սիրելի սերիալում բոլորն առանց «օֆ» անելու ծախում ու սպանում են միմյանց, ապա ի՞նչն է խանգարում միջին վիճակագրական մարդուն այդպիսին չլինել: Կարծում եմ՝ ոչինչ:
Հաջորդ առանձնահատկությունը, որը նույնպես կարևորում եմ, ֆիլմում դրական կերպարների գրեթե լիակատար բացակայությունն է. միակ բացառությունը, թերևս, Սև ամրոցի ծառայողներից Ջոն Սթոուն է, ով գոնե համեմատաբար քիչ է ստում և առայժմ հետևում է հայրենիքի պաշտպանությանը տված երդմանը:
Ուշագրավ է նաև, որ ամենավատ ու չարանենգ հերոսները ֆիլմի տարբեր սերիաների ընթացքում դանդաղորեն վերածվում են դրական կերպարների: Այդպիսիք են Ջեյմի և Տիրիոն եղբայրները, ովքեր առաջին եթերաշրջանում ամենաանբարոյական ու ուխտադրուժ սրիկաներն էին, իսկ 4-րդում ձեռք են բերում ազնվության հեռավոր նշաններ և արժանանում հեռուստադիտողի խղճահարությանն ու համակրանքին:
4-րդ եթերաշրջանում փոքրիկ Արիային փրկում է արնախում ասպետ «Շունը», ով իմիջիայլոց, ֆիլմի սկզբում պատրաստ էր կտոր-կտոր անել աղջնակին: Իսկ աղջիկը հետագայում հաճույքով սրախողխող է անում վիրավոր «Շանը», ով առնվազն 4-5 անգամ հասցրել էր փրկել նրա կյանքը: Վիշապների տիրակալուհին ստրկավաճառին խոստանում է փողի դիմաց տալ վիշապներից մեկը, սակայն իրեն անհրաժեշտ թվով զինվորներ ձեռք բերելուց հետո հրամայում է վիշապին այրել ստրկավաճառին: Օրինակները շատ են: Ինչ ուզում եք ասեք՝ այս սերիալում դավաճանությունը քարոզվում է ամեն կադրում և ամեն րոպե: Եվ քանի որ ֆիլմը նկարահանված է մեծ վարպետությամբ ու հսկայական լսարան ունի, դժվար թե բոլոր դիտողները իրենց տեսածն ընկալեն որպես անհայտ ժամանակներում տեղի ունեցող պատմական իրադարձություն: Այս ֆիլմում չկա ոչ մի պատառ սեր, չկա ընկերություն, չկա մարդկային նվիրում…
Իմաստ չունի անդրադառնալ ֆիլմի բարոյական նկարագրին. արտամուսնական հարյուրավոր կապերը, համասեռամոլությունը, ինցեստը և համանման այլ դրսևորումները սերիալի անբաժան ուղեկիցն են: Երևի հեղինակները կարծում են, որ դա համ ու հոտ է տալիս գահի համար մղվող պայքարում:
Վերաշարադրելով մեծ կոմբինատորի մտքերը՝ այս սերիալից հետո կորչում է հավատը մարդկության հանդեպ: