Մի խումբ ճանաչված դերասանների` Լևոն Շառաֆյանի, Ալլա Թումանյանի, Ալեքսանդր Խաչատրյանի, Նարեկ Ներսիսյանի, Սոնա Քարամյանի, Մեգգի Գրիգորյանի, Արթուր Դարբինյանի, երգչուհի, դերասանուհի Էնջլի, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Նոյի դերակատար Դավիթ Սեխպեյանի և այլ հայտնի դեմքերի մասնակցությամբ բազմասերիանոց հեռուստաֆիլմը վերջապես պատրաստ է և մոտ օրերս կհայտնվի էկրաններին: «Կտակով թագուհին» հեռուստաֆիլմի սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է, իսկ նկարահանումներն անց են կացվել ԱՄՆ-ում: Նախագիծն իրականացվում է «Նոր ալիք» հեռուստաընկերության և DIMM Media Group ընկերության աջակցությամբ և խոստանում է շուրջ մեկ ամիս հեռուստադիտողին գամած պահել էկրաններին: Հուրախություն հայաստանյան հեռուստադիտողի, հուլիսի 7-ից հեռուստաֆիլմը կցուցադրվի նաև Հայաստանում: Այդ պարտականությունն իր վրա է վերցրել Արմենիա TV-ն: Իսկ ԱՄՆ-ում այն կցուցադրվի հուլիսի 2-ից «Նոր ալիք» և «ARTN SHANT» հեռուստաընկերություններով: Հեռուստաֆիլմի ստեղծագործ կազմը խոստանում է միջազգային շուկային չզիջող որակ և լարված ընթացք:
«Նոր ալիք» հեռուստաընկերության հիմնադիր և բազմաթիվ հաջողված հեռուստապրոեկտեր հեղինակած Արա Կազարյանի խոսքերով լավագույն ավանդույթները շարունակվելու են և «Կտակով թագուհին» մեծ հաջողություն է ունենալու: Ըստ պրն Կազարյանի շատ հավանական է՝ նկարահանվի նաև ֆիլմի երկրորդ հեռուստասեզոնը:



