Հիմար խաղ էր, բայց ընդմիջումը... Մինչեւ նրանք կպատրաստվեին լրացուցիչ ժամանակին ռեժիսորն ու օպերատորը իրենց տարերքի մեջ էին: Դեղնակարմիր տրիբունաներ, որտեղ երկու լատինաամերկյան երկրները միածուլվել էին համաշխարհային ամենամեծ թատերական ներկայացման բեմում... Ու չկար թշնամանք, կար միայն ֆուտբոլային համերաշխություն՝ անկախ արդյունքից... Հետո Նեյմարի դեմքը, որը ջղաձգվում էր կարծես սեքսուալ հաճույքից... Օպերատորը շատ երկար թողեց, որ ողջ աշխարհի աղջիկներն ըմբոշխնեն այս պահը, ու հետո նոր տեսախցիկը տարավ ֆուտբոլիստի մարմինն ի վար, որտեղ բժիշկը եռանդուն մերսում էր նրա գոլառատ ոտքը... Ու նորից տրիբունա, մեծ պլանով՝ բրազիլացի երկրպագուն նստած էր իր նորածին երեխային գրկած... Ֆուտբոլատյաց մայրը, որը նեղացել ու գնացել էր ընկերուհու մոտ, այդ պահին հաստատ տեսավ հեռուստացույցով սեփական երեխային ու արտասվեց ընկերուհու ուսին, երդվելով այլեւս երբեք չնեղացնել ամուսնուն... Իսկ օպերատորն արդեն ցույց էր տալիս հաղթողների մարզչին, որն այդ պահին բոլորովին էլ չէր պատկերացնում, որ տասնմեկմետրանոց հարվածների ժամանակ իրենց թիմի դարպասապահը հետ կմղի առաջին երկու հարվածները... Ու ռեժիսորի եւ օպերատորի այս տաղանդավոր ստեղծագործությունից կարծես մեղմ ու հաճելի երաժշտություն էր ծորում... Որովհետեւ մեկնաբանը լռում էր... Փառք Աստծո...



