
Բուրկինա Ֆասոն չի կարելի զբոսաշրջության կենտրոն անվանել: Այստեղ զբոսաշրջիկների առատ հոսք չկա, սակայն արևմտաաֆրիկյան արևակեզ տափաստանի մոտակայքում գտնվող այս գյուղն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ: 1.2 հեկտար տարածության վրա տեղակայված այս շրջանաձև թագավորական համալիրն աչք է շոյում իր շքեղ ճարտարապետությամբ: Այն գյուղապետի և կասենա ժողովրդի ազնվականության հանգրվանն է: Կասենա ժողովուրդն այս տարածքում առաջին անգամ բնակություն է հաստատել 15-րդ դարում: Նրանք հանդիսանում են Բուրկինա Ֆասոյի հնագույն էթնիկ խմբերից մեկը:
Այս լուսանկարները իր Flickr-ի էջում հրապարակել է Ռիտա Վիլաերթը: Նա 2009 թ.-ին ուղևորվել է Թիեբելե: Գյուղը մեկուսի է, գյուղի դռները լայն բացված չեն այցելուների առջև: Գյուղի բնակիչները վախենում են, որ այցելուների հոսքը կարող է բացասական ազդեցություն ունենալ. մեկուսի մնալով՝ նրանք ձգտում են պահպանել իրենց ավանդույթները ու անառիկ պահել իրենց մշակութային ժառանգությունը: Կան մարդիկ, ովքեր շահագրգռված են այս վայրը մշակութային զբոսաշրջության կենտրոն վերածելու գաղափարով: Նրանք ցանկանում են բնապահպանական նպատակներով ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերել զբոսաշրջային այցելություններից, սակայն դա շատ նուրբ գործընթաց է:

Ճանապարհորդական բլոգեր Օլգա Ստվրակիսը, ով նույնպես այցելել է այս վայրը 2009 թ.-ին, վերհիշում է իր այցելությունը.
Միայն մեկամյա բանակցությունների արդյունքում մենք թագավորական պալատ մուտք գործելու թույլտվություն ստացանք: Պալատի մուտքի լուսանկարն էլ ներկայացված է ստորև: Գյուղացիները՝ մասնավորապես գյուղի ծերունիներն ու ազնվականները, այնտեղ նստած մեզ էին սպասում: Գյուղերից յուրաքանչյուրում կան մահմեդականներ ու անիմիստներ, և ոչ ոք առանձնապես շատ չի մտահոգվում, թե ով ինչ դավանանք ունի: Այնուամենայնիվ, մեզ նախապես զգուշացրել էին, որ մենք չպետք է որևէ կարմիր հագուստ կրենք կամ հովանոց վերցնենք մեզ հետ: Այդպիսի բան իրեն կարող է թույլ տալ միայն տեղի ազնվական ընտանիքը, իսկ եթե մենք անտեսեինք նրանց զգուշացումները, դա մեզ հյուրընկալողների հանդեպ անարգանքի նշան կլիներ:

Արևմտյան Աֆրիկայի թագավորական նստավայրը նման չէ մեր պատկերացրած թագավորական պալատներին: Թելեբեում «Cour Royale»-ը կազմված է աղյուսե կառույցներից: Դրանք պատված են բնական կավից ներկերով: Հասարակ մարդկանց տներից տարբերվելու համար դրանք երկրաչափական հատուկ կաղապարներով են կառուցվել:

Գյուղապետի տան դուռը բոլոր մյուս դռներից ավելի փոքր է:
Օլգային և նրա խմբին անգամ թույլ են տվել մուտք գործել կառույցների խորքերը: Նրանք հայտնաբերել են, որ անգամ արքայական համալիրում խոհանոցը հասարակ է և Արևմտյան Աֆրիկայի մնացած խոհանոցներից տարբերվում է միայն մի քանի լրացուցիչ կավե ու երկաթե կժերի առկայությամբ:

Օլգան նշել է, որ ուտեստների մեծամասնությունը պատրաստվում է մանղալի վրա՝ մի տարայի մեջ: Խոհարարական շատ աշխատանքի կարիք չի լինում: Բնակիչները սովորաբար պատրաստում են ֆուֆու կամ շիլա, որը հետագայում լցվում է բանջարեղենով սոուսի մեջ: Որքան ավելի հարուստ է լինում ընտանիքը, այնքան ավելի շատ բաղադրատարրերով է հագեցած լինում սոուսը:
Այնուամենայնիվ, ամենաշքեղ զարդարված տները բնակելի չեն, դրանք հանգուցյալների դամբարաններ են: Հանգուցյալները իրենց վերջին հանգրվանն են գտնում այս նույն համալիրում: Ստորև ներկայացված լուսանկարում պատկերված է գյուղի դամբարաններից մեկը:
Արվեստի որոշ գործեր խորհրդանշական են, մինչդեռ շատերը սոսկ դեկորացիա են: Այդ բոլոր ստեղծագործություններում արտացոլված են Կասենայի մեկուսի ժողովրդի աստվածատուր ձիրքն ու ընդունակությունները:














