Քաղաքակիրթ երկրներում հասարակական տրանսպորտ կոչվածն իրականում արտացոլում է հասարակական բառի ուղիղ և անմիջական իմաստները: Այդ երկրներում տրանսպորտն իրականում հասարակական է, քանի որ դրանից օգտվում են հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները` հասարակ քաղաքացիներից բացի, նույնիսկ պետական պաշտոնյաներն ու աստղերը: Եվ, որքան էլ տարօրինակ չէ, դա նրանց համար անպատվաբեր կամ ամոթալի չէ: Ավելին` այդ երկրներում հասարակական տրանսպորտից օգտվելը հարմարավետ է և հաճելի: Հարմարավետ է տեխնիկական բարվոք սպասարկման, հաճելի` սպասարկող անձնակազմի վերաբերմունքի տեսանկյունից: 
Մեր երկրում պատկերն այլ է: 
Ժամանակ առ ժամանակ մայրաքաղաքի տրանսպորտային ավտոպարկը թարմացվում է թեկուզ չինական, բայց գոնե նոր ու փոքրիշատե հարմարավետ ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության բարձր հովանու ներքո դրանք շահագործման, ավելի ճիշտ` «գծատերերին» հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը յուրովի հաճելի էսթետիկ տեսք է ստանում. կողք-կողքի գեղեցիկ շարված տասնյակ նոր ու թարմ ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, և դրանց դիմաց նույնքան գեղեցիկ շարված սպիտակ վերնաշապիկներով, փողկապներով, սափրված ու կոկիկ վարորդներ:
Պատկերը կտրուկ փոխվում է հաջորդ իսկ առավոտյան, երբ չգիտես՝ ինչու, նոր գիծ մտած փոխադրամիջոցների ղեկին են հայտնվում սև վերնաշապիկներով կամ մարզահագուստով (սպարտիվկա), թրաշով, ավտոյուղից սևացած ձեռքերով ու ծխախոտ բուրող, գծատերերի կողմից հատուկ ընտրված «բարեհամբույր» վարորդները: 
Սկսվում է աշխատանքային օրն ու ուղևորը կրակն է ընկնում:
Ավտոկանգառներում ուղևորը ստիպված սպասասրահներից իրեն փողոց է նետում ձեռքով փոխադրամիջոց կանգնեցնելու համար, այն դեպքում, երբ հասարակական տրանսպորտի վարորդները պարտավոր են կանգ առնել յուրաքանչյուր կանգառում, անկախ նրանից՝ այդտեղ տրանսպորտ բարձրացող ուղևոր կա՞, թե՝ ոչ:
Ուղևորն ստիպված է մի քանի անգամ բղավելով խնդրել վարորդին կանգ առնել տվյալ կանգառում, քանի որ վարորդը այդ պահին կամ բջջային հեռախոսով է խոսում, կամ ռադիոյի երաժշտության ձայնի ներքո չի լսում քաղաքացու բղավոցը, այն դեպքում, երբ ինքը պարտավոր է կանգ առնել յուրաքանչյուր կանգառում, անկախ նրանից՝ այդ կանգառում տրանսպորտից իջնող ուղևոր կա՞, թե՝ ոչ:
Առավոտյան աշխատանքի շտապող, կոկիկ հագնված ուղևորը հասարակական տրանպորտ է նստում սպիտակ վերնաշապիկով, իսկ իջնում է ավտոյուղի սև բծերով ապականված ու վարորդի ծխախոտից բուրող հագուստով: 
Այս ամենին գումարվում է մեր գծատերերի կողմից հատուկ ընտրված «բարեհամբույր» վարորդների մուննաթ-զուննաթն այն ուղևորների նկատմամբ, ովքեր օրենքով սահմանված կարգով ունեն հասարակական տրանսպորտից անվճար երթևեկելու իրավունք, ինչի մասին ծանուցումը, սակայն, հասկանալի պատճառներով փակցված չէ փոխադրամիջոցներում: Իսկ վերջիններիս փոխարեն, ուղևորների համար հատուկ տեսանելի վայրում և ապակիների վրա փակցված են կազինոների կամ սուպերմարկետների գովազդային պաստառները:
Հ.Գ. Մայրաքաղաքի գլխավոր գծատեր, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը կհամարձակվի՞ արդյոք մեկ օր երթևեկել իր իսկ վերահսկողության տակ գտնվող, իրեն կամ «իր ընտանիքի անդամներից մեկին» պատկանող գծի հասարակական փոխադրամիջոցներով: Բա որ սպիտակ վերնաշապիկն ապականվի՞, կամ իր իսկ գծի «բարեհամբույր» վարորդն իր վրա մուննաթ գա՞…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել