Բրազիլիայում ավարտվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարը. այն լի էր անակնկալներով, հիացմունքով ու հիասթափությամբ, ֆավորիտների ձախողումներով ու նոր հայտնություններով, գեղեցիկ գոլերով ու սկանդալներով:
Անցկացվել է 48 խմբային խաղ, խփվել 136 գնդակ, միջինը՝ 2,83 գնդակ՝ մեկ խաղում: Կարելի է ասել, որ ֆուտբոլասերը գոլի պակաս չի զգացել:
48 խաղից 9-ն ունեցել են խաղ ելք: 10 խաղում գրանցել է խոշոր հաշիվ:
Խմբային խաղերում միայն հաղթանակներ են տարել Հոլանդիայի, Կոլումբիայի, Արգենտինայի ու Բելգիայի հավաքականները, միավորներ չեն վաստակել Հոնդուրասի, Ավստրալիայի, Կամերունի ընտրանիները:
Ամենարդյունավետը եղել է Ֆրանսիա-Շվեյցարիա հանդիպումը, որն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով՝ 5:2:
Գոլազուրկ ոչ-ոքի են ավարտվել Բրազիլիա-Մեքսիկա, Ճապոնիա-Հունաստան, Կոստա Ռիկա-Անգլիա, Էկվադոր-Ֆրանսիա, Իրան-Նիգերիա հանդիպումերը:
Ամենարդյունավետը Հոլանդիայի հավաքականն է՝ 10 գնդակ: Կամերունի, Հոնդուրասի ու Իրանի հավաքականները խփել են մեկական գնդակ:
Պաշտպանության առումով գրեթե անթերի են գործել Բելգիայի, Կոստա Ռիկայի ու Մեքսիկայի հավաքականները՝ սեփական դարպասներն ընդունելով մեկական գնդակներ:
Կամերունի ու Ավստրալիայի ֆուտբոլիստները ստիպված են եղել 9 անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից:
4-ակական գնդակով ռմբարկուների ցուցակը գլխավորում են արգենտինացի Լիոնել Մեսսին, բրազիլացի Նեյմարն ու գերմանացի Թոման Մյուլլերը:
1/8 եզրափակիչ դուրս եկած 16 հավաքականներից 6-ը ներկայացնում են Եվրոպան՝ Հոլանդիա, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Բելգիա:
Փլեյ-օֆֆում Լատինական Ամերիկան ներկայացված է հինգ հավաքականով՝ Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Ուրուգվայ ու Արգենտինա:
ԱՄՆ-ն, Մեքսիկան Կոստա Ռիկան՝ Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի, իսկ Նիգերիան ու Ալժիրն Աֆրիկայի թիմեր են:
Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ չեմպիոնական պայքարը ծավակվելու է Բրազիլիայի, Արգենտինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Հոլանդիայի հավաքականների միջև: Հատկապես գերադասելի եմ համարում բրազիլացիների, արգենտինացիների ու գերմանացիների հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել