Գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Նոր առաջացած` սեփականության իրավունքով պետական գրանցում չստացած, հարկվող օբյեկտների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից դրանց հաշվառման և գնահատման վերաբերյալ տեղեկությունները գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (այսուհետ` հաշվառող մարմին) տրամադրելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սեփականության իրավունքով չգրանցվելու դեպքում նշված հարկվող օբյեկտների համար գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում այդ հարկվող օբյեկտները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից հանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը (բացառությամբ փոխադրամիջոցների) կամ դրա մի մասն օտարելու դեպքում`

ü  նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները,

ü  օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար տվյալ հարկվող օբյեկտի գծով գույքահարկի պարտավորությունն առաջանում է (նախկին սեփականատիրոջ համար դադարում է) այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից:

Հարկվող օբյեկտի սեփականատեր համարվող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահվան օրվանից մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության (ժառանգության) ձևակերպման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի համար գույքահարկի գծով հաշվարկված պարտավորությունները:

Եթե հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա գույքահարկ վճարողը գույքահարկը հաշվարկում և վճարում է այն օրվանից, երբ գույքը հանձնվել է նրա տիրապետմանը:

Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցը լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում այդ փոխադրամիջոցի համար դադարած գույքահարկի պարտավորությունները հակադարձվում են և ենթակա են կատարման «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում հաշվառող մարմնի կողմից այդ գումարները հաշվանցվում են հարկ վճարողի գույքահարկի գծով այլ հարկվող օբյեկտների պարտավորությունների հաշվին, իսկ դրանց բացակայության դեպքում ֆիզիկական անձի դիմումի հիման վրա վերադարձվում են ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում։

Նելլի Հարությունյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհրդի նախագահ

 Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել  [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել