Lurer.com-ը գրում է.
Սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններն արհեստածին են համարում գյուղմթերքի գնաճը, և դրանից խուսափելու համար առաջարկում են կանոնավոր մթերման համակարգ ստեղծել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ վերջին տարիներին գյուղմթերքի միջին գինն աճել է շուրջ 9.6 տոկոսով, այնինչ, պարենային զամբյուղում չեն ավելացել մթերքները: «Եթե անձի եկամուտների 25 և ավելի տոկոսն օգտագործվում է սննդի համար, դա արդեն աղքատության չափանիշ է: Այնինչ, Հայաստանում այդ թիվը շատ ավելի բարձր է: Գյուղմթերքի վաճառքից ստացված եկամուտները չեն լրացնում գյուղացու ծախսերը, իսկ շուկաներում էլ գները շատ բարձր են լինում: Այս պարագայում գնաճը մեծամասամբ պայմանավորված է վերավաճառողների թելադրած գներից»,- ասաց Պողոսյանը: Հասարակական կազմակերպության ղեկավարը հարցի լուծումը տեսնում է մթերման ճիշտ կազմակերպման մեջ, երբ կստեղծվի մթերման կանոնակարգված համակարգ, որի ժամանակ գյուղացին ոչ թե ստպված կլինի գյուղմթերքը տանել և վաճառել քաղաքներում, այլ մթերող կազմակերպությունները կգնան և գյուղացուց կգնեն մրգերն ու բանջարեղենը:
«Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը կողմ է նման կանոնակարգմանը, քանի որ, նրա կարծիքով ևս, գյուղմթերքի բարձր գինն արհեստածին է: «Մեզ մոտ միշտ այնպես է ստացվում, որ երբ խոսք է գնում որևէ մթերքի դեֆիցիտի մասին, միանգամից գներն ուռճացվում են: Որոշ տնտեսավարողներ փորձում են արհեստականորեն գները բարձրացնել: Ճիշտ է, այս տարի բնակլիմայական պայմանները նպաստեցին, որ գյուղմթերքի ծավալը կրճատվի, սակայն դրան զուգահեռ վերավաճառողներն օգտվում են առիթից, ինչի հետևանքով էլ գները չեն նվազում»,- ասաց Չիլինգարյանը:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 18.7 տոկոս գնաճ, իսկ 2014թ. ապրիլի համեմատ` 12.5 տոկոս գնանկում: Մրգի ապրանքախմբում 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 16.2 տոկոս գնանկում, իսկ 2014թ. ապրիլի համեմատ` 3.4 տոկոս գնաճ: 2014թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է կիտրոնի` 2.3 տոկոս, խնձորի` 7.3 տոկոս, տանձի` 14.7 տոկոս, խաղողի` 21.4 գնաճ:



