Այսօր Շանթ Հարությունյանի ու մյուսների դատավարությունը մեկնարկել է հրմշտոցով, Շանթի ու ոստիկանների փոխադարձ մեղադրանքներով:
Այս գործի մասին շատ եմ գրել, բայց էլի գրելու ցանկություն կա, որովհետև մտահոգություններս չեն փարատվում:
Շանթի ու մյուսների արածը, բովանդակային իմաստով, խուլիգանություն չէր՝ ընդվզում էր:
Նրանք, ըստ էության, բողոքում էին անարդյունավետ ու անարդար կառավարման դեմ՝ համեմված հակառուսական, հակակայսերական կարգախոսներով:
Անշուշտ, կարելի է բողոքել, ընդվզել, բայց առանց բռնության:
Այնտեղ, որտեղ սկսվում է բռնությունը, վերջանում է քաղաքականությունը:
Այս առումով ես չեմ արդարացնում Շանթի ու մյուսների վարքագիծը:
Բայց երիցս դատապարտում եմ նաև իշխանության վարքագիծը, որը չնկատելու տալով իր «հիվանդությունը»՝ դառնում է ռեպրեսիվ մեքենա, երբ դրա անհրաժեշտությունը զգում է:
Երբ ընտրություն է կեղծվում, հազարավոր քաղաքացիներ են նվաստացվում: Ու նաև փակվում է այդ քաղաքացիների բողոքի սահմանադրական ճանապարհը՝ ծնելով Շանթեր:
Երբ իշխանության ու օլիգարխիայի կողմից մարդիկ ենթարկվում են քաղաքացիական ու սոցիալական դիսկրիմինացիայի՝ զրկվելով մի կտոր հացից, սոցիալական բունտին այլընտրանք չի մնում:
Երբ զոռբային ամեն ինչ կարելի է, ծնվում են հայկկյուրեղյաններ՝ «դանկոյանալով» փորձելով արթնացնել հասարակությանը:
Եթե այսօր դատում եք Շանթի պես ազնիվ ու խենթ տեսակին, առաջինը ձեզ դատեք՝ մարդկանց նվաստացնելու ու ստորացնելու, ունեզրկելու ու թշվառացնելու, երկիրը մարդու համար փոքրացնելու ու ապրելու տեղ չդարձնելու համար...
...Եթե ինքնադատվելու ցանկությունն ունենանք՝ գոնե բարոյական հարթության մեջ, նոր Շանթեր չեն լինի:



